Նյու Յորքում այսօր՝ սեպտեմբերի 26-ին, կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը։ Այս հանդիպման մասին եւս, ինչպես Փաշինյան-Էրդողան հանդիպման մասին առաջինը հայտարարել էին ադրբեջանական լրատվամիջոցները։ Ի դեպ, նշվում է, որ Բլինքենն է հանդիպման նախաձեռնողը։ «Թուրան» գործակալությունը հաղորդում է, որ իր տեղեկություններով, կողմերը քննարկելու են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների «վերջնական փուլը»։ Այս հանդիպման ու հնարավոր զարգացումների մասին «Հրապարակը» զրուցել է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի հետ։
- Բաքվում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի Պաշտպանության նախարարները և ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր են կնքել։ Թեեւ արդեն ունեին դաշնակցային պայմանագիր։ Ինչի՞ մասին է այս նոր պայմանագիրը։
-Իրենք ունեն նաեւ Շուշիի համաձայնագիրը, դեկլարացիան: Եւ դրա վտանգների մասին ես բազմիցս եմ խոսել, բայց, այդուհանդերձ, դրանից զատ նաև հարաբերությունների մակարդակի բարձրացման մասին է խոսքը գնում՝ ռազմա-ստրատեգիական համագործակցության և համատեղ ռազմարդյունաբերությանը զարկ տալու։ Եվ այսօր, շատ դեպքերում Ադրբեջանի տարածքում նորանոր ռազմական տեխնիկայի արտադրմամբ են զբաղված։ Օրեր առաջ, եթե չեմ սխալվում` 2 օր առաջ, Ադրբեջանը պաշտոնապես 3 ռազմական նոր տեխնիկայի, հրետանային համակարգի և նոր զինամթերքների մասին հայտարարեց։ Խոսքը գնում է այն մասին, որ նրանք զինվում են և նորություն չի, որ ողջ Արցախը, որպես այդպիսին, պլացդարմ է դիտարկվում և միլիտարիզացվում է։ Վերջերս ականատես դարձանք, որ նոր բնագծերով հաստատված սահմանագծերով հիմա ամրաշինական, ինժիներական լրջագույն աշխատանքներ է տանում Ադրբեջանը։ Դա խոսում է այն մասին, որ իր պաշտպանական համակարգն է ամբողջացնում, խոսում է այն մասին, որ այդուհանդերձ, Ալիևը չի ձերբազատվել իր առավելապաշտական նկրտումներից և սեփական տարածքում ամրաշինական աշխատանքներով կատարելով, բնականաբար, պատրաստվում է հարձակման։ Նորություն չի, որ Ալիևը դեռևս չի ձերբազատվել իր ծավալապաշտական նկրտումներից՝ Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Հետևաբար, նրա համար լավագույն ալիբի կլինի, ըստ իրավիճակի, ըստ պատեհ առիթի նաև ինչ-որ մի բան Հայաստանի Հանրապետության տարածքից նորից պոկի` ռազմական միջամտությամբ, սադրանքների միջոցով։ Այնպես որ նրա ձեռագիրը մեզ համար ծանոթ է, մեզ համար նա թշնամի է։
- Ինչպե՞ս կմեկնաբանեք Ալիևի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ իշխանությունները սպառազինություն են ձեռք բերում և դա անում են ռևանշի գնալու նպատակ։
-Դա իր ռազմական ագրեսիան կոծկելու միջոց է։ Բնականաբար նախահարձակվողը խոսում է դիմացինի հարձակման մասին, այն պարագայում, երբ որ վտանգը միանշանակ նրա կողմից է գալիս։ Բայց այստեղ մի փոքր նրբություն կա, ամբողջ աշխարհը հակված է չվստահելու Ալիևի այդ խոսքերին։ Բացահայտ պատերազմական գործողությունները, որ հրահրվեցին և ավարտը մենք տեսանք` այսպիսի կուլմինացիայով, ի լուր ամբողջ աշխարհի ասվեց, որ դա իրենք էին նախաձեռնել՝ իրենց տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ Նրանք որպես ագրեսոր կողմ են դիտարկվում, հետևաբար մենք գոնե այս մասով իրավունք ունենք հստակ, համաշխարհային էլիտայի առաջ պարզ ճակատով` ասելու, որ մենք որևիցե նախահարձակ գործողությունների չենք պատրաստվում և ընդհանրապես տարածքային պահանջներ չունենք՝ ի տարբերություն Ալիևի։ Այստեղ Ալիևն օգտվում է լավ առիթից։ Բացի այն, որ դիվանագիտական ճանապարհներով կարող է կորզել առավելագույնը, հասկանում է պահի լրջությունը, հասկանում է ինչպես ժամանակին՝ 1994 թվականին հայերը սահմանափակվեցին ընդամենը զինադադարով, հիմա նա աշխատում է նույն սխալը չգործեը և օր առաջ պատրաստվում է՝ Հայաստանին մեղադրելով ագրեսիայի մեջ։ Բնականաբար նա ունի մտահոգություն և վախ, ապրում է այդ ֆոբիաներով, որովհետև գիտի, որ այսպես չի շարունակվի, որովհետև այս կառավարությունն ու այս իշխանությունները ժամանակավոր են։ Չի բացառվում, որ հաջորդ իշխանությունների համար Արցախի հարցը լինի կարևորագույնը և ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը գոնե իր սուվերեն տարածքի օկուպացված հատվածը զենքի միջոցով իր վրա պլան դնի՝ վերադարձնելու:
- Հայտնի է, որ վաղը կայանալու է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը։ Նշվում է, որ խաղաղության բանակցությունների «վերջնական փուլի» քննարկումներն են լինելու։ Ո՞րն է այդ վերջնական փուլը։
-Միացյալ Նահանգները միշտ հայտարարել են, որ իրենք հարթակ կտրամադրեն հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի համար, բայց արի ու տես, որ հիմա այս գործընթացները, որքան էլ որ այս պահին համընկնում է եղել, որ ընթանում է ՄԱԿ-ի նիստը և այնտեղ են գտնվում բոլոր երկրների ԱԳ նախարարները, լավագույն ու պատեհ առիթ էր, որպեսզի ևս մեկ անգամ ցույց տալ, որ այդ հակամարտության լուծման բանալին գտնվում է Վաշինգտոնում և նրանց միջնորդությամբ պետք է դա տեղի ունենա։ Իրականում մենք գիտենք, որ խաղաղության պայմանագիր կոչվածը որքան էլ կետերով՝ 17, թե 18 կետով կա որոշակի համաձայնություն, բայց Բաքուն պատրաստ չի կնքել և դա ընդամենը ալիբի է, որպեսզի Հայաստանից կորզի մաքսիմալը։ Չեմ կարծում, թե Վաշինգտոնում այս եռակողմ հանդիպման ժամանակ ինչ-որ գլոբալ հարց կլուծվի, կամ կփոխվի, կամ խաղաղության պայմանագրի հետ կապված կողմերը հանդես կգան նոր կամ ամփոփիչ հայտարարությամբ։ Կողմերը դեռևս ունեն հարցեր, որոնք համաձայնեցված չեն առվազն կամ էլ ադրբեջանական կողմը սպասում է, որ հայկական կողմը կրկին գնա զիջումների։ Խոսքը վերաբերում է Սահմանադրության մեջ փոփոխությանը, հռչակագրի և Սահմանադրության` գոնե պրեամբուլայի հատվածում, փոփոխության անցկացմանը, որը խաղաղության պայմանագրի անբաժանելի մաս է դիտարկվում Ադրբեջանի կողմից։