Քաղաքականություն

Իմփիչմե՞նթ, թե՞ «խիպիշմենթ»՝ սա է խնդիրը

Իմփիչմե՞նթ, թե՞ «խիպիշմենթ»՝ սա է խնդիրը

Այս օրերին Երեւանի փողոցների գլխավոր գործող անձինք ոստիկաններն են: Դեմքով բոլորին չեմ ճանաչում, իհարկե, բայց գիտեմ, որ բոլորը մեկ անուն ունեն՝ ոստիկան, եւ այդ անունն ասոցացվում է մեկ այլ՝ Նիկոլ անվան հետ: Ոստիկան Նիկոլ կամ ուղղակի Նիկոլ: Մեր երկիրն այդպես էլ 3 միլիոն վարչապետ չունեցավ, բայց այսօր տասնյակ հազարավոր նիկոլներ ունի` ի դեմս Նիկոլ-ոստիկանների: Ասում են՝ Հայաստանը ոստիկանապետություն է: Ես էլ ասում եմ՝ Հայաստանը նիկոլապետություն է, որ վերջին հաշվով նույնն է, ինչ ոստիկանապետությունը: Ոստիկանապետն էլ է Նիկոլ, ՆԳ նախարարն էլ, տո դատախազն էլ, դատավորն էլ… Զզվելի բան է կատարվում մեր երկրում: Նիկոլը շատ է բազմացել: Նա այսօր նստած է ամեն ոստիկանի մեջ: Մեր իրավունքները կարող ենք ծալել, դնել մի սնդուկի մեջ: Օրենքը Նիկոլն է այլեւս՝ ոստիկան Նիկոլը:

Ով վճարում է, նա էլ երաժշտությունն է պատվիրում: Իսկ Նիկոլը վճարում է եւ լավ է վճարում: Ոստիկանի եւ Նիկոլի միջեւ այսօր այդ առեւտուրն է ընթանում: Ես՝ քեզ, դու՝ ինձ: Ամեն 10 ոստիկանի մի ավտոբուս են հատկացրել: Օրական 100 ցուցարար բերեք՝ հատը 1000 դրամ: Էդ քեզ 100 հազար կանի՝ ամեն ոստիկանին 10 հազար դրամ: Ընդ որում՝ ռոճիկից դուրս: Հանրապետության հրապարակի շրջակայքի սրճարաններում ու բուրգերանոցներում ոստիկանների պատճառով ասեղ գցելու տեղ չկա: Համազգեստավոր նիկոլները ծամում են, շունչները տեղը բերում, որ գնան ցուցարարների հերթական պարտիայի հետեւից: Ամեն ցուցարարը՝ 1000 դրամ, 100 ցուցարարը՝ 100 հազար, ամեն ոստիկանին՝ 10 հազար… Կլոր հաշիվ: Իսկ եթե ցուցարարների խումբը փոքր է, ու 100-ը չի լրանում, մայթերին կանգնած քաղաքացիներով են լրացնում պակասը: Իմ աչքով երեկ տեսա, թե ինչպես մի վարորդի հանեցին մեքենայից ու տարան: Ամոթ էլ է ասելը, բայց էլ էգուորձն էլ չեն հարցնում, ուղղակի «գողնում» են մայթերից ու տանում: Ամեն բերման ենթարկվածի համար՝ 1000 դրամ… Տղերք, չեթա՞նք մի բան ծամենք, հոգիներս դուրս եկավ… Տո չէ, այ ախպեր, գործ ա կպել, իջանք Խանջյան, երկու ավտոբուս է պետք… Գրիգորյան, դու առաջին ավտոբուսով գնա, Մանուկյան, դու ինձ հետ արի… Մի հատ կապ տվեք, տեսնենք՝ որ բաժնում տեղ կա… Գործը եռում է:
- Ցուցարարներ, տուն եկեք…
- Ինչի՞ համար:
- Նիկոլները շենքի հետեւն են:
- Ի՞նչ կանեն:
- Ձեզ բերման կենթարկեն:
- Ի՞նչ գույնի են:
- Սեւ, կարմիր, մոխրագույն,
Դե շուտ վազեք դեպի տուն:

Չէ, չեմ գժվել: Պարզապես ամեն անգամ այս բանաստեղծությունն եմ հիշում, երբ անկյունից տարաբերետ ոստիկանները կորշունների նման վրա են տալիս ու սկսում ցուցարար «գողնալ»: Նիկոլի հետ պայմանագիր ունեն, չէ՞, ամեն ցուցարարը՝ 1000 դրամ: Ավել փողը փոր չի ծակի, կամ հիմա ո՞վ ա չոր ռոճիկով տուն պահում:
Հիմա էլ թազա ղշեր են հայտնվել՝ մեջքներին գրված ՀՆԳ: Մոտեցա, ասում եմ՝ կներեք, ՀՆԳ-ն ի՞նչ է նշանակում: Շատ էի ուզում իմանալ, որովհետեւ վերջերս «Գ» տառով լավ բառեր հազվադեպ են պատահում: Եվ, փառք Աստծո, պարզվեց` ՀՆԳ-ն հատուկ նշանակության գումարտակն է: Ես սրա մասին շատ էի լսել, բայց փողոցում չէի տեսել: Սովորաբար փոքր, արագաշարժ «ջիպիկներով» են ֆռֆռում: Էլ չհարցրի՝ բա ինչո՞ւ եք փողոց լցվել, հո պատահաբար հեղաշրջման հոտ չե՞ք առել: Երեւի եկել էին՝ օգնելու բերման ենթարկողներին: Գործը եռում է, ի՞նչ կարող ես անել: Սովորական նիկոլները չեն հերիքում, հատուկ նշանակության նիկոլներին էլ են փողոց հանել:

Ամբողջ քաղաքում ոստիկանական շչակները մեկ րոպե անգամ չեն լռում: Ղժժոց, վժժոց, հոգեբանական ճնշումներ… Ժողովրդին հասկացնում են, որ նա պարտված է, ընկած, անուժ, անօգնական, որ նա մի անտեր զանգված է ու եթե խելոք չմնա՝ հատիկ-հատիկ կկոխեն ավտոբուսն ու կտանեն բաժին: Չէ, սա ռեպրեսիա չէ, սա ժողովրդին համատարած վախի ու խուճապի մատնել է: Նիկոլները գոյատեւելու ուրիշ ձեւ չունեն արդեն: Պիտի վախեցնեն, բարոյալքեն, քարշ տան ասֆալտին, բորդյուր լիզել տան, որ հանկարծ փողը չպակասի: Հրապարակ լցնող ժողովուրդ կա դեռ, կատակ հո չի՞: Մի բան որ պատահի Նիկոլին, իրենք ի՞նչ են անելու:

Սրբազան հայր, ես Ձեզ շատ եմ հարգում, բայց Դուք չափից ավելի լավատես եք Նիկոլի ու նիկոլների հարցում: Պետք է կարճ կապել այս պատմությունը, այլապես այն միտում ունի վերածվելու էշի հարսանիքի: Մենք դրա համար չենք հավաքվել, կարծում եմ: Չէ չէ մի՝ իմփիչմենթ… Սրանց պետք է «խիպիշմենթ» անել, լարել իրենց կաբինետներից ու ժողովրդի ձեռքով բերման ենթարկել: Բոլորին անխտիր՝ սեւ, կարմիր, մոխրագույն, էգ, որձ: Պահանջում եմ իսկական իշխանափոխություն, Սրբազան ջան, ոչ թե «պուպուշմենթ»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image