Փաշինյանը սիրում է մի քանի քայլանի կոմբինացիաներ, բեմականացված միջոցառումներ. փետրվարի 11-ին նախ հանձնարարեց, որ Քննչական կոմիտեն խուզարկություններ եւ ձերբակալություններ իրականացնի Վաղարշապատ համայնքում, մարդկանց մեղադրեցին քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու եւ սահմանափակելու մեջ, տասնյակի չափ ընդդիմադիրներ ձերբակալվեցին: Քննչական կոմիտեն ինչ-որ անհասկանալի ձայնագրություն հրապարակայնացրեց, որտեղ մարդիկ իրենց կողմնակիցներին կոչ են անում գնալ ընտրությունների եւ քվեարկել իրենց նախընտրած թեկնածուի օգտին: Ստացվում է, որ եթե մարդը քվեարկում է կամ կոչ է անում քվեարկել ոչ ՔՊ-ական թեկնածուի օգտին, արդեն քրեական հանցագործ է: Մի քանի ժամ անց Նիկոլ Փաշինյանն իր ենթակա Լիլիթ Մինասյանի մասնակցությամբ մեկ այլ բեմական միջոցառում կազմակերպեց ԱԺ-ում: Նախ, նա Մինասյանի ձեռքը տվեց հարցերի մի ցուցակ, որը վերջինս հազիվ էր կարողանում կարդալ, հետո սկսեց պատասխանել իր իսկ հարցերին: Այս ամբողջ բեմական միջոցառման իմաստն այն էր, որ Փաշինյանը պետք է հայտարարեր, թե ինքն ընտրություն կեղծող չէ, չնայած բոլորը գիտեն, որ ինքը երբեք լեգիտիմ իշխանություն չի ունեցել, իսկ 18-ին իշխանությունը բռնազավթել է հակասահմանադրական հեղաշրջման միջոցով:
Եվ այսպես․ Քննչական կոմիտեն կալանավորեց մեկ տասնյակի չափ ընդդիմադիր գործիչների, որոնք 2025 թ․ նոյեմբերի 16-ին տեղի ունեցած Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունների ժամանակ ուղղորդել էին ընտրողներին: Նախ, այդ ձայնագրությունները վկայում են մի բան. Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, որը քաղաքական ակտիվություն է դրսեւորում, որն ինչ-որ կերպ ներգրավված է քաղաքական եւ ընտրական գործընթացներում, ենթարկվում է տոտալ հետապնդման, նրան գաղտնալսում են, նրա տեղաշարժը եւ անձնական կյանքը ենթարկվում են վերահսկման: Երկրորդ. Հայաստանում որեւէ մեկն իրավունք չունի զբաղվել քաղաքական գործունեությամբ, որովհետեւ դա արդեն իսկ քրեական հանցագործություն է. եթե մարդը հեռախոսով իր ընկերոջը կամ ծանոթ-բարեկամին ասում է՝ գնա ընտրատեղամաս եւ քվեարկի այս կամ այն թեկնածուի օգտին, նա քրեորեն հետապնդելի արարք է կատարում, եթե, իհարկե, դա չի անում իշխող կուսակցության կամ նրանից ստրկական կախվածություն ունեցող կուսակցությունների օգտին:
Բայց ինչո՞ւ էր բեմականացումը կազմակերպվել հենց փետրվարի 11-ին, չէ՞ որ Վաղարշապատի ընտրությունները տեղի էին ունեցել երեք ամիս առաջ, եւ այդ ձայնագրությունները Քննչական կոմիտեն ուներ երեք ամիս առաջ: Միայն թե երեք ամիս առաջ խորհրդարանական ընտրությունների օրը պաշտոնապես նշանակված չէր, իսկ հիմա նշանակված է, եւ Փաշինյանը Քննչական կոմիտեի միջոցով եւ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ով իր ծանոթին, ընկերոջը, բարեկամին փորձի ուղղորդել, համոզել, որ նա քվեարկի ոչ ՔՊ-ի օգտին, ուրեմն քրեական հանցագործ է՝ անմիջապես կկալանավորվի: Փաշինյանն այս ներկայացումները հատուկ էր կազմակերպել նախընտրական շրջանում՝ հասարակությանը վախ եւ սարսափ ներշնչելու համար:
Խոսելով իր կողմից ընտրակեղծարարության կազմակերպման հնարավորության մասին՝ նա ասում է. «Մենք մեր ձեռքերը կկտրենք ընտրությունների… (չի շարունակում, որովհետեւ գիտի, որ ընտրությունները մեկ անգամ չէ, որ կեղծել է, ու իր ձեռքն էլ ինքը չի կտրի՝ Ա. Բ.): Դա ո՞ւմ մասին են խոսում, ես ուզում եմ հասկանամ: 2018 թվականից հետո Հայաստանում քանի՞ ընտրություն է կեղծվել, Երեւան քաղաքում ընտրությունների արդյունքները վճռվել են 70, թե 120 քվեաթերթիկի վրա: Էդ ասողները էդ 120 քվեաթերթիկը կուտեին: Նրանք, ովքեր մեզ ասում են, որ մենք կարող է ընտրություն կեղծենք, նրանք ոչ միայն կուտեին, այլ այդպիսի հազարավոր քվեաթերթիկներ կերել են: Էդ մարդիկ հիմա եկել են, մեզ ասում են, որ մենք պատրաստվում ենք ընտրություն կեղծել»:
Երբ մարդը մի անգամ ստում է, եւ նրա սուտը բացահայտվում է, նրա որեւէ խոսքն այլեւս արժանահավատ չի կարող լինել: Փաշինյանը մեկ անգամ չէ, հազար անգամ է ստել, ու հազար անգամ նրա սուտը բացահայտվել է, ընդհանրապես հնարավոր չէ հիշել մի դեպք, երբ նա ճիշտ բան ասած լինի: Ինչ վերաբերում է ընտրություն չկեղծելուն, ապա Փաշինյանի իշխանության օրոք բազմաթիվ ընտրություններ են կեղծվել, մենք կարող ենք տասնյակ օրինակներ բերել. Ալավերդիում ընտրողները քվեարկել էին «Ապրելու երկիր» կուսակցության օգտին, քաղաքապետ էր ընտրվել այդ կուսակցության ներկայացուցիչ Արկադի Թամազյանը, բռնաճնշումների արդյունքում Փաշինյանը քաղաքապետ կարգեց իր ենթակային։ Վանաձորում քաղաքացիները քվեարկել էին Մամիկոն Ասլանյանի օգտին, բայց նա այդպես էլ քաղաքապետ չաշխատեց։ Գյումրիում քաղաքապետ էին ընտրել Վարդան Ղուկասյանին, բայց նա այժմ քաղաքապետ չէ։ Բերդում քվեարկության արդյունքները կեղծվեցին, եւ քաղաքապետ Հարություն Մանուչարյանին ստիպեցին հրաժարվել մանդատից։ Փարաքար համայնքում համայնքապետ էր ընտրվել Վալոդյա Գրիգորյանը, բայց նրան սպանեցին։ Մասիսում քաղաքապետ էր ընտրվել ՀՀԿ անդամ Դավիթ Համբարձումյանը, բայց նա կալանավորված է եւ հիմա քաղաքապետ չէ: Այս ցանկը կարելի է շարունակել, եւ արդյունքում կպարզվի, որ Հայաստանում ընտրություն ասվածը կեղծ, անիմաստ միջոցառում է. մարդիկ ում ընտրում են, նա կա՛մ կալանավորվում է, կա՛մ՝ սպանվում: Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետի ընտրություններին, ՔՊ-ն այդ ընտրություններում չի պարտվել 70 կամ 120 ձայնով. ՔՊ-ն քաղաքապետի պաշտոնը զավթել է «Հանրային ձայն» կուսակցության ավագանու անդամներին գողանալով, մարդիկ, ովքեր ընտրություններին մասնակցել են թունդ ընդդիմադիր կարգախոսներով, ընտրություններից հետո իրենց ձայնն են տվել իշխանության թեկնածուին: Բայց ազգային անվտանգությունը չի ձայնագրել, թե ինչպես են նրանց սպառնում կամ պարտադրում քվեարկել ՔՊ-ի թեկնածուի օգտին, քանի որ քրեական հանցագործություն է ընդդիմադիր լինելը, ընդդիմության օգտին քվեարկելը, իսկ մնացածն օրենքի շրջանակներում է:
Քանի դեռ Փաշինյանն իշխանություն ունի եւ կարող է հրահանգներ տալ ԱԱԾ-ին կամ Քննչական կոմիտեին, նա ճիշտ է եւ արդար, բայց հենց այդ իշխանությունը կորցնի, կպարզվի, որ նա աշխարհի տակ մինչ այժմ գոյություն ունեցած ամենամեծ հանցագործն ու չարագործն է: Նա դրա մասին գիտի եւ դրա համար էլ փորձում է ամեն գնով պահել իշխանությունը, բոլոր հանցագործներն էլ փախչում են արդարադատությունից, նրա պահվածքի մեջ ոչ մի օրիգինալ բան չկա: