Քաղաքականություն

Կարեւոր է նաեւ արտաքին աշխարհում ընկալելիություն ունենալը

Կարեւոր է նաեւ արտաքին աշխարհում ընկալելիություն ունենալը

«Այլընտրանքային նախագծեր խմբից» Վահե Հովհաննիսյանն իր` «Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները» հոդվածում անդրադարձել է Հայաստանում առաջիկայում կայանալիք հնարավոր ընտրություններին՝ համառոտ ներկայացնելով թե՛ տիրող տրամադրությունները, թե՛ տրամաբանական-բովանդակային կողմը։ Ընդհանուր առմամբ, հասկանալի են հոդվածագրի տեսակետները։ Սակայն մեզ համար հետաքրքրական էր հատկապես «Ինչպես է հնարավոր կանգնեցնել այս մեքենան» խորագրի ներքո ներկայացված պարբերությունը։

««Մեծարգոների ենթամշակույթի» դեմ պետք է կանգնեն նոր խոշոր հանրային միավորներ, որոնք կունենան ե՛ւ ժողովրդին ասելու-առաջարկելու բան, ե՛ւ ռեսուրսային հնարավորություն։ Եվ որոնք ԱԺ-ում կարող են իրար հետ աշխատել՝ ձեւավորել նոր կառավարություն։ Միայն այդպես է հնարավոր առաջիկա քվեարկությունը վերածել ընտրության, եւ դա կլինի գործող իշխանության ավարտը։ Չլինի ընտրություն՝ «Մեծարգոների ենթամշակույթը» մեխանիկական քվեարկությամբ կմնա իշխանության։ 2021-ի քաղաքական պատկերն այլեւս չկա, չարժի խաբել իրար եւ այլոց։ Հիմա մեծ հնարավորություն կունենան նոր միավորները՝ նոր բովանդակությամբ, նոր դաշինքներով՝ առաջին հայացքից անհավանական թվացող, նոր խաղի կանոններով։ Ճիշտ աշխատանքը սա է»,- գրել է Վահե Հովհաննիսյանը։

Ըստ էության, խոսվում է սահմանադրական ճանապարհով, այն է՝ ընտրությունների միջոցով իշխանափոխության մասին, թերեւս։ «Հրապարակի» էջերում բազմիցս առիթներ ունեցել ենք գրելու, հիմա էլ կրկնենք՝ կոնկրետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը որպես օրինակ ունենալով։ Հոդվածի սկզբում ներկայացված տեսակետները ճիշտ են, սակայն միայն զուտ ներհայաստանյան իրականությունն են պատկերում։ Մինչդեռ Հայաստանի նման երկրներում դա, մեղմ ասած, քիչ է։ Խնդիրը եթե ներհայաստանյան մակարդակում ասելիք-առաջարկելիք ունենալու կարեւորությունն է ժողովրդին, ինչպես նաեւ անհրաժեշտ ռեսուրսների տիրապետման կարեւորությունը՝ սահմանադրական ճանապարհով, ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելու համար, ապա ոչ պակաս կարեւոր է նաեւ, որ այն միավորները, որոնց մասին խոսում է հոդվածագիրը, լինեն ընկալելի նաեւ արտաքին աշխարհի համար, աշխարհաքաղաքական առնվազն մեկ ուժային կենտրոնի համար եւ վայելեն վերջինիս աջակցությունը՝ հաջողության հասնելու համար։ Հակառակ դեպքում, որքան էլ ներհայաստանյան մակարդակում «անելիքը» ճիշտ «արվի», միեւնույն է՝ եթե «դրսում» ընկալելիություն չեղավ, ապա հաջողության հասնելու հնարավորությունները նվազում են ոչ պակաս, քան 50 տոկոսով։

Ի վերջո, կարծում ենք, որ պետք է Հայաստանում ձեւավորվի այն հասկացողությունը, որ չափազանց փոխազդվող ու փոխկապակցված աշխարհում պրոցեսները չեն կարող զարգանալ մեկուսի-մարգինալ կերպով, ու հաջողությունը նաեւ արտաքին գործոններից է կախված՝ հատկապես եթե հարցը քաղաքականությանն է վերաբերում։ Հայաստանի գործող իշխանությունները, ով ինչ ուզում է՝ ասի, սակայն գոնե մինչեւ հիմա, բոլոր «խութերով» ու «խնդիրներով» հանդերձ, որոշակի ընկալելիություն ունեցել են արտաքին աշխարհում՝ լինի դա Մոսկվայում, Բրյուսելում, Վաշինգտոնում թե Անկարայում, Թեհրանում եւ այլն։ Որեւէ միավոր, որն ուզում է հասնել Հայաստանում իշխանափոխության, պետք է, բացի գաղափարական հենքից ու ասելիքից, նաեւ լինի մրցունակ այս առումով։ Իսկ դա հեշտ բան չէ, երբ արտաքին խաղացողին համոզում ես, որ դու ավելի լավ գործընկեր կարող ես լինել, քան նա, ով այժմ փաստացի գործընկեր է` որպես իշխանություն։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image