Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գ.Խ.-ի (Գրիգորի Խաչատուրովի) նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, Խաչատուրովը երեկ ձերբակալվել է, դատարանն այսօր կքննի վերջինիս կալանքի հարցը։
Ըստ դատախազության՝ քրեական հետապնդումը հարուցվել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար։
Նշենք, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի դեմ գլխավոր դատախազի երեք միջնորդություններից մեկով անցնում են նաեւ Խաչատուրովները, ըստ դատախազության՝ ՊՆ երկու զորամաս մի քանի անգամ պակաս գնով վաճառվել է Խաչատուրովին եւ նրան փոխկապակցված անձանց։ Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ մեզ հետ զրույցում անդրադառնալով Գրիգորի Խաչատուրովի ձերբակալությանը, նշեց՝ իրեն հայտնի չէ, թե որ գործով են փորձում Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետապնդում իրականացնել․
«Բայց եթե խոսքն իմ գործի մասին է եւ դրա շրջանակներում են ձերբակալել, ապա դրա իրավունքը չունեն, քանի որ վաղեմության ժամկետ գոյություն ունի, այդ ժամկետն անցել է եւ կալանք չի նախատեսվում»,- հավելեց Սեյրան Օհանյանը՝ մեկ անգամ էլ ընդգծելով, որ իրեն առնչվող գործը անհիմն է։
«Մենք պետք է արձանագրենք, որ Գրիգորի Խաչատուրովը եւ իր հայրը՝ Յուրի Խաչատուրովը , մեր Զինված ուժերի ակունքներում կանգնած զինվորականներ են՝ լուրջ ճանապարհ անցած։ Ուստի այս հետապնդումները պետք է դիտարկել այս շղթայում»։
Օհանյանի խոսքով՝ «Գրիգորի Խաչատուրովն այն սպաներից է, որը մշտապես չի խորշել համարձակ տեսակետներ հայտնել այս իշխանությունների գործողությունների վերաբերյալ», համարձակ ու անզիջում մարդիկ, Օհանյանի կարծիքով՝ հայտնվում են այս իշխանությունների թիրախում։
Սեյրան Օհանյանի հետ զրույցի մանրամասները՝ «Հրապարակ»-ի վաղվա համարում։