Քաղաքականություն

«Հրապարակ». Էջմիածնում թեժ է, գնալով ավելի է թեժանալու

«Հրապարակ». Էջմիածնում թեժ է, գնալով ավելի է թեժանալու

Հունիսի 12-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում պետք է տեղի ունենար ավագանու նիստ, որի ժամանակ ավագանու կազմից պետք է համայնքապետ ընտրվեր, սակայն ՔՊ-ականների բացակայության պատճառով նիստը չկայացավ։ Դիանա Գասպարյանի պաշտոնանկությունից մինչ օրս համայնքը ղեկավարում է նրա տեղակալ Արսեն Պետրոսյանը։ Նա եւս չէր ներկայացել արտահերթ նիստին, աշխատակազմի ղեկավարի ԺՊ-ն բոլորի բացակայությունն արձանագրեց անհարգելի։ ՔՊ-ն երկրորդ անգամ էլ ավագանու նիստին չի մասնակցի, համայնքապետ չի ընտրի, որպեսզի արհեստականորեն կառավարման ճգնաժամ ստեղծեն, եւ Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի` մինչեւ նոր ընտրությունները։ Մենք գրել էինք, որ իշխանությունը մտադիր է Խոյ համայնքը Վաղարշապատի հետ միավորելով, խոշորացնել համայնքն ու արտահերթ ընտրությունների գնալ։ Որոշումն արդեն կա, Վաղարշապատում ՏԻՄ ընտրությունը կկայանա նոյեմբերի 16-ին։ Վաղարշապատի ավագանին ունի 27 անդամ, որից 15-ը ՔՊ-ից է, 10-ը՝ «Էջմիածին» դաշինքից, եւ 2-ը՝ «Հայրենատեր» կուսակցությունից։ Նիստին ներկա էր ավագանու 10 անդամ։ 

Ավագանու ընդդիմադիր՝ «Էջմիածին» խմբակցության ղեկավար Սեւակ Խաչատրյանը հայտարարեց, որ իրենց շանսերը բարձր է գնահատում, ուստի մասնակցելու են ընտրություններին։ Խոսելով ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանի մասին՝ Խաչատրյանը նկատեց․ «Արգիշտի Մեխակյանը եղել է Խոյ համայնքի համայնքապետը, եւ Խոյ ու Վաղարշապատ համայնքների խոշորացումը բացառապես մենք դիտարկում ենք քաղաքական ենթատեքստում։ Այլ խնդիր չկա, հակառակ դեպքում՝ եթե այս խոշորացումը համայնքների շահերից ելնելով են անում, 2021 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ ինչո՞ւ չխոշորացվեց, կամ՝ ինչո՞ւ Արաքս համայնքը չի միանում Վաղարշապատ համայնքին, միայն Խոյն է միանում` 17 գյուղական համայնքով։ Դա արվում է, որպեսզի կարողանան բավարար ձայներ ապահովել։ ՔՊ-ի կարծիքով, իրենք այնտեղ ունեն որոշակի ընտրազանգված, որը, իմ կարծիքով, այդպես չէ։ Վստահ եմ, որ եթե այդ սցենարով ընտրություններ լինեն, մենք դա բոլորս կտեսնենք»։

Մյուս ընդդիմադիր ուժի՝ «Հայրենատեր» խմբակցության ղեկավար Ջիվան Աբրահամյանը կարծում է, որ Արգիշտի Մեխակյանն ընտրվելու շանսեր չունի։ «ՔՊ-ի թեկնածուն՝ Արգիշտի Մեխակյանը, չի կարող շահավետ դիրքերում լինել, նա ընտրվելու շանսեր չունի, որովհետեւ ՔՊ-ն է ներկայացնում ու Նիկոլ Փաշինյանի կամակատարներից է։ Արգիշտի Մեխակյանը թափառաշրջիկ պաշտոնյա է, որտեղ ինչ պաշտոն պետք է լինում` տալիս են։ Մենք ոչ մի երաշխիք չունենք, որ վաղը ինքը քաղաքապետի պաշտոնից հրաժարական չի տա ու գնա՝ փոխվարչապետ դառնա»,- նշեց նա։
Ջիվան Աբրահամյանի խոսքով, Դիանա Գասպարյանի հրաժարականը, իշխանությունների կողմից եկեղեցու դեմ արշավը նույն նպատակն են հետապնդում. ««Քաղաքացիական պայմանագիրը» պատրաստվում է 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Նրանք հասկացան, որ Դիանա Գասպարյանով չեն կարողանա ընտրությունների գնալ, պետք էր ֆորսմաժոր ստեղծել, եկեղեցու դեմ ինչ-որ բաներ անել, որպեսզի կարողանան ձայներ հավաքել»,- ասաց նա՝ շեշտելով, որ պետական որեւէ պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image