Հարցազրույց

«Հրապարակ»․ Թուրքական ապրանքների «էքսպանսիայի» պատճառով հայ գյուղացին լքելու է իր գյուղը

«Հրապարակ»․ Թուրքական ապրանքների «էքսպանսիայի» պատճառով հայ գյուղացին լքելու է իր գյուղը

«Հրապարակի» զրուցակիցը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն է: 

- Հայաստանն Ադրբեջանից նավթամթերք է գնել, որի առաջին խմբաքանակը Վրաստանի երկաթուղային ճանապարհով մտավ երկիր։ Փաշինյանը ողջունել է դա՝ նշելով, որ առեւտրի կարեւոր նախապայմանը խաղաղության հաստատումն է։ Որոշ իշխանավորներ եւս ցնծում են՝ պատերազմական ռեժիմը փոխարկվում է տնտեսական գործակցության ռեժիմի։ Ո՞րն է Ձեր գնահատականը։

- Խաղաղությունն ինքը հետեւանք է անվտանգության․ այն ժամանակ, երբ կհաստատվի անվտանգություն, իսկ դա, ինչպես ցույց է տալիս մարդկության պատմությունը, սովորաբար հեշտ ձեռք չի բերվում, այդժամ մենք կարող ենք առաջին քայլերն անել, ընդ որում՝ ոչ թե միանգամից քիրվայության, «գրկախառնվելու» եւ առեւտուր անելու, այլ առաջին գլխավոր պայմանը պետք է լինի մեկը մյուսի ռազմարդյունաբերական համալիրների (ՌԱՀ) մասին տեղեկատվության փոխանակումը, իրազեկվածությունն ու վերահսկողությունը։ Այն իր հերթին կբերի ռազմական ծախսերի կրճատման, եւ դա կուղղվի համատեղ այլ՝ խաղաղ նպատակներով ծրագրերի իրագործմանը։ Կարծում եմ, ինչպես շատ հարցերում, այս դեպքում եւս տարրական քաղաքական եւ տնտեսագիտական գրագիտության պակաս կա։ Եթե մեր երկիրը, ինչպես արդեն «աղմկոտ» օրենք է ընդունել․ ուզում է անդամակցել ԵՄ-ին, ապա պետք է բարի լինեն, Եվրամիության գոնե դասագրքային ճշմարտությունը սերտեն։ Իսկ դա խոսում է այն մասին, որ պետք է սկսել, ինչպես եվրոպացիներն արեցին 1951 թվականին, ածխի եւ պողպատի միություն ստեղծելով եւ վերահսկելով միմյանց ՌԱՀ-ը, նույնը պետք է անեն Ադրբեջանն ու Հայաստանը։

- Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ-ին է դիմել՝ դեպի Ադրբեջանի եւ Թուրքիայի սահման երկաթուղին վերականգնելու համար։ Խաղաղությունը դրվում է իրական «ռելսերի» վրա՞։

- Բնավ մեզ պատիվ չի բերում հանդես գալ որպես այլ երկրների «փաստաբան»։ Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի եւ լավ ճանաչում է մեր երկու հարեւաններին եւ այդ հարցերով ինքը կարող է բանակցել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Նախ, ադրբեջանցիները պետք է բացեն Նախիջեւանից դեպի Մեղրի ավելի կարճ ճանապարհը, որը կհեշտացնի հաղորդակցությունները։ Երկրորդը․ Թուրքիան պետք է իր կողմից բացի Մարգարայի անցակետը, որպեսզի ոչ միայն ազատ, այլեւ արդար առեւտուր լինի։ Գյումրի-Կարս հատվածը նույնպես վերաբացման կարիք ունի։ Եվ ընդհանրապես, եթե խոսում ենք TRIPP ճանապարհի մասին, ապա դա միակողմանի երթեւեկություն է այս պահի դրությամբ, թեկուզ գաղափարի տեսքով, քանի դեռ Հայաստանը դեպի ծով ելք չունի։

- Պարզ է, որ գնելով Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերության արտադրած նավթամթերքը՝ Հայաստանն ուղղակի կամ անուղղակի կերպով ֆինանսավորում է այդ երկրի բանակը․ արդյո՞ք սա հերթական դավաճանական քայլը չէ։

- Պատասխանն արդեն առկա է Ձեր հարցի մեջ․ Ադրբեջանը նախեւառաջ փորձում է իրագործել Թուրքիայի ավելի մեծապետական ծրագրերը, եւ դրա մեջ պարզունակություն նկատելը հիմարություն է, կամ վստահել եւ մտածել, որ դա միայն բարի կամքի դրսեւորում է ու կարող է շարունակական լինել։ Դրա երաշխիքները բացարձակ չեն ուրվագծվում, հակառակ դեպքում Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանությունը պետք է գոնե մի քիչ այլ լիներ։ Չեմ բացառում այն սցենարը, որը հատուկ է ե՛ւ թուրքերին, ե՛ւ ադրբեջանցիներին․ նավթ մատակարարելով՝ աստիճանաբար «դիվերսիֆիկացիա» տեղի կունենա, եւ ՌԴ-ից՝ մեր երկրի ստացվող նավթամթերքի «առյուծի բաժնի»՝ 80 տոկոսի փոխարեն, այդ տեղը կզբաղեցնի Ադրբեջանը, ինչը նշանակում է, որ ցանկացած պահի, եթե ՀՀ իշխանությունները չբավարարեն Ադրբեջանի հարաճուն պահանջները, ապա, մեծ հավանականությամբ, այդ ամենը կդադարեցվի։ Այդ դեպքում շրջափակման մեջ հայտնված Հայաստանը դժվար կարողանա իր վաղեմի դաշնակցից նույն պայմաններով, նույն բարյացակամությամբ ակնկալել գոնե նավթամթերք, չեմ խոսում արդեն մյուս ապրանքների, ծառայությունների եւ հարաբերությունների մասին, որոնք լուրջ վնաս կկրեն։

- Ժամանակին նույնպիսի ընդվզում կար թուրքական ապրանքների գնման եւ Թուրքիա հանգստի մեկնելու հետ կապված։ Տեսակետ կա նաեւ, որ մեր գործարարների առեւտրային հաջողությունները թուրքական շուկայում հեռանկարային չեն։

- Իհարկե, այսօրվա իշխանությունները չեն կողմնորոշվում․ իշխանության գալով ՝ լայնածավալ ներմուծումներ են կատարում Թուրքիայից, անցավ որոշ ժամանակ՝ էմբարգո կիրառվեց թուրքական ապրանքների դեմ, որի հեղինակներից եւ նախաձեռնողներից մեկը ես եմ եղել երկար տարիներ։ Դրան հաջորդեց դարձյալ ազատականացումը, այսինքն՝ ապրանքների մեծաքանակ ներմուծում, վերաարտահանում եւ այլն, եւ այս պարագայում, կարծում եմ, կարող է նույնը տեղի ունենալ։ Ադրբեջանի հետ առեւտուրը հնարավոր է քիչ թե շատ հավասարակշռված լինի, որովհետեւ կան ապրանքներ, ծառայություններ, որոնք կարող են ուղղակի որպես երկրների մրցակցային առավելություններ հաշվի առնվեն փոխադարձ առեւտրի համար եւ տարածաշրջանային առեւտրում։ Բայց Թուրքիայի մասով իրավունք չունենք անգամ միամտաբար մտածել, թե կունենանք ազատ եւ արդար առեւտուր։ ԵՄ բոլոր երկրները, աշխարհի երկրների մեծ մասը թուրքական ապրանքներով է ողողված եւ դրանց «էքսպանսիային» չեն կարող դիմակայել ո՛չ հզոր տնտեսությամբ Գերմանիան, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Շվեյցարիան եւ այլն։ Ինչպե՞ս փոքր ու խոցելի տնտեսություն ունեցող Հայաստանը կարող է հավակնել Թուրքիայի հետ ազատ մրցակցության, հատկապես որ մեր տնտեսության մրցունակությունը բավականին ցածր է։ Ընդամենը երեւի մեկ տասնյակի չհասնող ապրանքներ, ապրանքատեսակներ, որոնք ավելի շատ կարող են սպառվել կա՛մ տեղական շուկայում, կա՛մ, լավագույն դեպքում, Ռուսաստանում եւ Եվրասիական շուկայում, որոնք ճանաչելի են դարձրել մեր ապրանքները։ Իսկ թուրքական ապրանքների պարագայում, անկասկած, մասշտաբի էֆեկտը մեծ վնաս կտա Հայաստանին, իսկ հայ գյուղացին արդյունքում թողնելու է իր հողը, հայ գյուղն է լքվելու, որովհետեւ անհնար է դիմակայել թուրքական ապրանքների «էքսպանսիային»։

- Նշելով, որ վրացական երկաթուղու սակագնի հետ կապված կան որոշակի հարցեր՝ Փաշինյանը, ըստ էության, «սպառնացել» է Թբիլիսիին՝ «եթե դրանք չկարգավորվեն, այլընտրանքային ձեւեր կփնտրեն ներմուծումն ու արտահանումը կազմակերպելու համար»։ Ի դեպ, Բաքվում էլ են բողոքում վրացական բարձր սակագներից։ Փաշինյանը մեր երկրի շա՞հն է առաջ տանում, թե՞ կրկին «թելում» է Ադրբեջանի «ասեղը»։

- Փաշինյանը փորձում է հերթական անգամ միջնորդի անշնորհակալ դերը ստանձնել։ Կարծում եմ՝ Վրաստանն ու Իրանն առեւտրատնտեսական առումով միակ՝ մեզ համար շահերի համընկնման տեսակետից, բարեկամ երկրներն են եւ ադեկվատ՝ բանակցելու, համագործակցելու համար, նաեւ՝ կանխատեսելի։ Եթե հիմա «նետերն» ուղղենք Վրաստանի ուղղությամբ, բացարձակ լավ բան սպասել չի կարելի։ Դա նույնն է, որ ՌԴ-ի հետ հարաբերություններ են փորձում փչացնել։ Ի վերջո, կա մի կարեւոր հանգամանք․ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելով՝ կա ոչ խտրական վերաբերմունքի սկզբունքը, որով առաջնորդվում են բոլոր երկրները։ Առաջին հերթին Թուրքիան պետք է դա անի։ Նաեւ, ինչու չէ` Վրաստանը, որը տարանցման համար գումարներ չգանձի ՀՀ-ից, եթե ելք են տրամադրում դեպի ծով։ Իսկ դա արվում է, եւ ցանկալի է, որ Հայաստանն իր խնդիրներով մտահոգված լինի։ Միջնորդի դերը կարող են ստանձնել Վրաստանին, ՌԴ-ին, Թուրքիային եւ Ադրբեջանին մոտ կանգնած շրջանակները։

- Շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ՝ նոյեմբերի 6-ին, Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան, 2 օր անց՝ ղազախական ցորեն։ Հայտնի է նաեւ, որ Ադրբեջանից ՀՀ առաքվող ցորենի նոր խմբաքանակներ կան, որոնք ճանապարհին են։ Երեւան-Բաքու «առեւտրային նոր տանդեմը» որքա՞ն կշարունակվի, ո՞վ է այս ակտիվության «հեղինակը»։

- Այդ «տանդեմի» հեղինակը թուրանական աշխարհը, Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարությունն է, ամեն ինչ անում են նրա համար, որ Հայաստանն ավելի մեծ կախվածություն ունենա այդ երկրներից։ Օրինակ, ցորենն ավելի մեծ ռազմավարական նշանակություն ունի, քան նավթը, նավթամթերքներն ու գազը։ Ոչ բարեկամ երկրներից նման ներմուծումները, այդ տարածքով պետք է շատ զգույշ լինել, նման ռիսկի տակ չպետք է դնել ողջ ժողովրդին։ Եթե իշխանություններն ունեն լուծելու անձնական հարցեր, կարող են դա անել․ մի օր կարող է դա սխալ լինել, մի օր՝ ճիշտ, բայց չի կարելի մի ամբողջ ժողովրդի հարվածի տակ դնել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image