Հասարակություն

Աբովյանի դպրոցի տնօրենն իրեն մերժողների նկատմամբ քայլեր է ձեռնարկում

Աբովյանի դպրոցի տնօրենն իրեն մերժողների նկատմամբ քայլեր է ձեռնարկում

Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան Թիվ 1 ավագ դպրոցում շարունակվում է գործադուլն ու դասադուլը։ Աշակերտները և ուսուցիչները չեն ցանկանում տնօրենի պաշտոնում տեսնել Քարմիլե Առաքելյանին, ով նշանակվել էր իմքայլական Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով։

Ուսուցիչները նշում են, որ Առաքելյանը Շրջակա միջավայրի նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հովանավորյալն է։ Իսկ Առաքելյանն ասում է, որ «Ռոմանոս Պետրոսյանի հետ, նրա ընտանիքի հետ որևէ կապ չունեմ»։

Նշենք, որ տեղեկությունների համաձայն՝ դպրոցներն իրենց կողմնակիցներով լցնելու գործողությունները մեծ թափ են հավաքել ոչ միայն Կոտայքի մարզում, այլև՝ ամբողջ Հանրապետությունում։

Առաքելյանին մերժողների թվում է նաև դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Արմեն Ավագյանը, ով փետրվարի 9-ին «Հրապարակի» հետ զրույցում ասել էր, որ սկզբում ԿԳՄՆ հրամանով տնօրենի պաշտոնում նշանակված է եղել նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը, սակայն մի քանի րոպե անց նախարարությունից պատճառաբանել են, թե սխալ տեղեկություն է հայտնել ԿԳՄՍՆ աշխատակիցը։ Իսկ պաշտոնում նշանակվել է նախկին մարզպետի հովանավորյալ համարվող տիկինը։

Այսօր մեզ հայտնի դարձավ, որ Քարմիլե Առաքելյանը փետրվարի 9-ին ծանուցում է ուղարկել դպրոցի փոխտնօրենին՝ ասելով, որ վերջինս չի կատարում աշխատանքային պարտականություններն ու գրավոր բացատրություն պահանջել։

«2021թ․ փետրվարի 3-ից սկսած՝ Դուք չեք կատարում Ձեր աշխատանքային պարտականությունները՝ սահմանված օրենքով, ՀՀ Կառավարության 14 հոկտեմբերի 2010թ․ No1391-Ն որոշման սահմանված կարգով, կանոնադրությամբ և Ձեզ հետ կնքված աշխատանքային պայմանագրով»,- նշված է Առաքելյանի ծանուցման մեջ։ Նորանշանակ տնօրենը, հղում անելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածին [Կարգապահական տույժի կիրառման կարգը], Ավագյանից պահանջել է ծանուցումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել գրավոր բացատրություն։

«Հրապարակը» փոխտնօրենից հետաքրքրվեց՝ արդյո՞ք մինչ այս ծանուցումը բանավոր խոսակցութուն եղել է իր և Առաքելյանի միջև։

«Բանավոր խոսակցության 1-2 անգամ է եղել, [ֆեյսբուքյան] ուղիղ եթերներում դա երևում է։ Առաջին օրն ինքն ասել է․ «Դուք ունեք այսինչ պարտականությունները»։ Ես ասացի․ «Ես իմ պարտականությունները գիտեմ։ Նույն կերպ էլ Դուք ունեք պարտականություններ։ Նաև Ձեր պարտականություններից են բխում իմ պարտականությունները»»,- նշեց Ավագյանը՝ հավելելով, որ առավել մանրամասն կարելի տեսնել հենց ուղիղ եթերներում։

Փոխտնօրենի համար հասկանալի չեն, թե ինչ պարտականություններ է նկատի ունեցել Քարմիլե Առաքելյանը։ «Ծանուցումն ընդհանրական է։ Այն ստացել եմ փոստի միջոցով։ Ծանուցումը գրված էր փետրվարի 9-ի ամսաթվով, սակայն ստացել եմ փետրվարի 11-ին Աբովյան քաղաքի թիվ 2204 փոստային բաժանմունքից։ Բացատրություն գրել-չգրելու մասին արդեն պետք է մտածեմ, նաև խորհրդակցեմ փաստաբանիս հետ»,- ընդգծեց Արմեն Ավագյանը։

Հարցին, թե իր գնահատմամբ՝ ինչո՞ւ է այդ ծանուցումն ուղարկվել, պատասխանեց, որ չի կարողանում հասկանալ, թե կոնկրետ ինչ է ուզում նորանշանակ տնօրենը։ «Նշում է պաշտոնների նկարագիր, «կանոնադրություն», «սահմանված օրենքով», իրավական 4 փաստաթղթի անուն է նշվում, այդ թվում՝ «աշխատանքային պայմանագիր»։ Բայց դե աշխատանքային պայմանագիրում բազմաթիվ կետեր կան իրավունքների մասին, կանոնադրության մեջ էլ, պաշտոնների նկարագրության մեջ էլ բազմաթիվ պարտականություններ կան նշված։ Ես չեմ պատկերացնում, թե տվյալ դեպքում ինչ է պահանջում ինձանից նորանշանակ այսպես ասած տնօրենը, ինչ պարտականությունների մասին է խոսում»,- եզրափակեց Աբովյանի ավագ դպրոցի ուսումնական գծով փոխտնօրենը։

Փետրվարի 9-ին նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով դպրոցում ստեղծված իրավիճակին, ասել էր, որ ծանուցումներ է ուղարկել, և կարգապահական տույժեր կլինեն։  Փոխտնօրենին ուղարկված ծանուցման վերաբերյալ փորձեցինք նաև մեկնաբանություն ստանալ անձամբ Առաքելյանից։ «Ես հիմա այնպիսի տեղում եմ, որ չեմ կարող խոսել»,- ասաց նա և անջատեց զանգը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image