Քաղաքականություն

«Հրապարակ». Փաշինյանի մերձավորները չեն մասնակցում Մինասյանի դեմ ստորագրահավաքին

«Հրապարակ». Փաշինյանի մերձավորները չեն մասնակցում Մինասյանի դեմ ստորագրահավաքին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով սկսված ստորագրահավաքը խաթարել է ՔՊ-ականների անդորրը: Ոմանց մոտ հարց է առաջացել՝ ինչո՞ւ է նշանակումից 2.5 տարի անց այս հարցը բարձրացել, հո նոր չիմացա՞ն, որ նա Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի եղբայրն է։ Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ում շատերը չեն միանում ստորագրահավաքին, ոմանք բացահայտ մերժել են, եւ սրանով են պայմանավորված որոշ պատգամավորների հարցազրույցները, թե` տեղյակ չենք նման գործընթացի մասին։ Մինչդեռ ՔՊ-ականները մասնավոր զրույցներում չեն թաքցնում, որ Մինասյանի դեմ արշավի «մեղավորը» Սիրվարդ Գեւորգյանն է, որը վերջերս նշանակվեց փոխնախարար, իսկ մեկ օր անց հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի դստեր համակուրսեցին է եղել: Իհարկե, նա անմիջապես ուրացավ տարիների մտերմությունը եւ սեր խոստովանեց Փաշինյանին, սակայն ՔՊ-ի մի թեւը նրան չներեց։

Անցած հինգշաբթի՝ կուսակցության նախաձեռնող խմբի նիստում ՔՊ վարչության անդամ Արփի Դավոյանը ծավալուն զեկույց է ներկայացրել այսօրվա կադրային քաղաքականության մասին, անողոք քննադատել հատկապես Գրիգոր Մինասյանի նշանակումն ու հատ-հատ ներկայացրել, թե նախկինների հետ կապ ունեցող քանի հոգու է նա նշանակել, ու մանավանդ «բմբլել» է Սիրվարդ Գեւորգյանին։ Ասում են՝ Դավոյանը դա արել է ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ՝ Անդրանիկ Քոչարյանի հրահանգով, որը, լինելով նախկին, մեծ ատելությամբ է լցված մյուս նախկինների նկատմամբ։ 

Նիկոլ Փաշինյանն էլ, իր նշանակումները հիմնավորելու, նախարարի աշխատանքը գնահատելու փոխարեն, սկսել է մեղադրել ուսապարկերին, որ պաշտոններ կան` ամիսներով թափուր են մնում, որեւէ մեկը չի դիմում, եւ հիշեցրել է իր ընձեռած հնարավորության մասին, որ եթե որեւէ պաշտոնյայից դժգոհ են, ապա խմբակցության 1/3-ի ստորագրությամբ կարող են օրակարգ բերել նրա պաշտոնանկության հարցը` ինքը 6 տարում ոչ մի անգամ նման գրություն չի ստացել։ Ի դեպ, Մինասյանի նշանակմանը ՔՊ-ում դեմ էին հենց առաջին օրվանից, որոշ պատգամավորներ անգամ հրապարակավ դժգոհություն են հայտնել, սակայն նշանակումը կոշտ դիմադրության չարժանացավ։ 

Հիմա անտրամաբանական կլինի նրան ազատելը, երբ 2,5 տարի աշխատել է, եթե չասենք՝ հնազանդ ծառայել է Փաշինյանին եւ անգամ իր հարազատ հորն ու եղբորը չի խնայել։ ՔՊ-ում հասկանում են սա, եւ դա է պատճառը, որ ստորագրահավաքը դանդաղ է գնում: Թեեւ երեկվա դրությամբ մոտ 3 տասնյակ, այսինքն՝ պահանջվող 24 ստորագրությունից ավելին հավաքվել էր, սակայն ուզում են, որ գոնե կեսը միանա։ Նախաձեռնողները որոշել են սպասել մինչեւ հաջորդ շաբաթ, երբ կմեկնարկեն ԱԺ նիստերը, եւ որեւէ պատգամավոր չի ասի, թե զբաղված է, չի կարող գալ ԱԺ, որ ստորագրի։ Սակայն որոշ ՔՊ-ականների պահվածքը կասկած է գցել թիմում, քանի որ Փաշինյանի մերձավորները` Վահագն Ալեքսանյանը, Հրաչ Հակոբյանը, հրաժարվել են ստորագրել, ինչը ցուցիչ է, թե ինչպես է վարչապետը վարվելու այդ դիմումի հետ։ Շատերն այս անորոշությունը հաշվի առնելով՝ չեն ուզում թարսվել նախարարի հետ: Ոմանք էլ ասել են, թե իրենց լավություն է արել, դիմել են` չի մերժել։

Հ․Գ․ Նյութը չէր տպվել, երբ Սիրվարդ Գեւորգյանը հայտարարեց, որ ազատման դիմում է գրել, իսկ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանն էլ հայտարարեց, որ փոխնախարար Սիրվարդ Գեւորգյանի հրաժարականը չի ազդելու ստորագրահավաք անելու իրենց որոշման վրա, քանի որ դա չի եղել ստորագրահավաքի պատճառը։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image