Ինչպես գրել էինք անցյալ շաբաթ հրապարակված «Ինչ կարգի եւ ինչով վարակված ցորեն է Փաշինյանը ներմուծում Հայաստան» հոդվածում («Հրապարակ», 30.10.2025թ․), համաձայն Ղազախստանի գյուղատնտեսության նախարար Այդարբեկ Սապարովի, 2025 թվականին Ղազախստանում «պահեստավորման համար ստացվող փափուկ ցորենի ծավալի 60%-ը դասակարգվել է որպես երրորդ կարգի, 28%-ը՝ որպես չորրորդ կարգի, իսկ 12%-ը՝ որպես հինգերորդ կարգի եւ դասակարգում չունեցող ցորեն» (բնագրով՝ «Из поступившего на хранение объема мягкой пшеницы к третьему классу отнесено 60%, к четвертому - 28%, к пятому классу и неклассной пшенице отнесены 12% объема»,- сообщил Айдарбек Сапаров)։
III կարգի ցորենը վատագույն ցորենն է, որը թույլատրվում է օգտագործել սննդի արդյունաբերության մեջ, դա էլ՝ այն դեպքում, եթե բուսական սոսնձանյութի (gluten, клейковина, սնձան) պարունակությունը ցորենի մեջ հասնում է գոնե 23%-ի, այլապես ցորենն օգտագործվում է կերարտադրության համար։ Այսինքն, Փաշինյանը Ղազախստանից լավագույն դեպքում ներկրում է սննդարդյունաբերության ու կերարտադրության սահմանին գտնվող ցորեն, իսկ գործնականում հնարավոր է՝ ուղղակի կերարտադրության մեջ օգտագործվող ցորեն։
Այդուհանդերձ, Ղազախստանից ներկրվող ցորենի միայն կարգը եւ որակը չեն անհանգստության առարկա, այլ նախ այն, որ, համաձայն գիտական եւ լաբորատոր հետազոտությունների, Ղազախստանում ամառային երաշտին հետեւող հորդառատ անձրեւները հանգեցնում են հասկի մեջ հատիկի ծլման, ինչն ուղեկցվում է կենսաքիմիական ռեակցիաների ամբողջ համալիրով։ Ռեակցիաներից մեկը, բառացի մեջբերմամբ, «ալֆա-ամիլազա ֆերմենտի սինթեզման խթանումն է, որը քայքայում է հատիկի օսլան եւ հանգեցնում է Անկման թվի նվազման։ Խոնավ հատիկը նաեւ դյուրությամբ վարակվում է սնկային հիվանդություններով, պաթոգեն սնկերն արտադրում են միկո եւ ալֆա տոքսիններ»: Իսկ միկո եւ ալֆա տոքսինները բորբոսասնկային թույներ են, որ ոչ միայն վտանգավոր են մարդկային օրգանիզմի համար, վնասում են ներքին օրգանները, այլեւ կարող են անգամ հանգեցնել մահվան։ Միկո տոքսինները ներգործուն են այնքան, որ օգտագործվում են քիմիական զենքերի արտադրության մեջ։
Հոկտեմբերի 30-ի հոդվածում նաեւ գրել էինք, որ հասարակության մեջ խուճապ չառաջացնելու համար բաց աղբյուրներից մեզ հասանելի դարձած գիտական եւ լաբորատոր տեղեկությունները Ղազախստանում երաշտների եւ հորդառատ անձրեւների հերթագայության արդյունքում ցորենի ծլման եւ միկո տոքսիններով թունավորման մասին առայժմ չենք հրապարակում, այլ կփոխանցենք ՀՀ վարչապետի աշխատակազմին։
Նոյեմբերի 3-ին, աշխատանքային օրվա ավարտին, ես դրանք հանձնել եմ վարչապետի աշխատակազմ։ Հաջորդ օրը՝ նոյեմբերի 4-ին, վարչապետի աշխատակազմի ներկայացուցչի ստորագրությամբ հավաստումը` գրությունը ստանալու մասին, հրապարակել ենք «Սպասում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի պատասխանին» նյութում։ Զուգահեռաբար, նույն՝ նոյեմբերի 4-ին հանձնված տեղեկությունների շրջանառումից հետո Փաշինյանի աշխատակազմում, ապա էկոնոմիկայի նախարարությունում ամենաիսկական բրոունյան շարժում է սկսվել՝ Ղազախստանից III կարգի եւ միկո տոքսիններով վարակված ցորենի ներկրման համար պատասխանատվությունից խուսափելու, ղազախական ցորենի գնման գործարքից ձեռքերը լվանալու համար։
Բանը հասել է այնտեղ, որ նախ իմ գրությունը, որով անձամբ Փաշինյանին եւ Արայիկ Հարությունյանին հասցեագրված տեղեկություններ էի փոխանցում վարչապետի աշխատակազմ եւ խնդրում էի պատասխանել երեք լրագրողական հարցի, որոնք արդեն մամուլում հրապարակված էին․ ա) ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում՝ Ղազախստանից Հայաստան III կարգի եւ միկո տոքսիններով վարակման ենթակա ցորենի ներկրումը կասեցնելու համար, բ) ի՞նչ պատասխանատվության են ենթարկվում անձինք, ովքեր բանակցել են ցորենի գնումն ու ներկրումը, գ) ի՞նչ քաղաքական հետեւանք է սպասվում գյուղատնտեսության ոլորտը վերահսկող նախարարին, որակվել են որպես քաղաքացու դիմում եւ նոյեմբերի 4-ին վերահասցեագրվել էկոնոմիկայի նախարարությանը։ Որքան էլ Փաշինյանը ԵՊՀ-ից հեռացված տգետի մեկը լինի, Արայիկ Հարությունյան էլ ութ տողում տասը ուղղագրական սխալ անի, միեւնույն է՝ Փաշինյանի, Հարությունյանի եւ իրենց ենթակաների թուլամտությունը չի կարող հասնել այնտեղ, որ լրագրողական հարցերը քաղաքացու դիմումից չտարբերեն եւ այլ ատյանի վերահասցեագրեն։ Լրագրողական հարցերին կարելի է չպատասխանել, բայց ընդունված չէ դրանք այլ ատյանի վերահասցեագրել։ Հետեւաբար, պարզից էլ պարզ է, որ Փաշինյանի եւ նրա աշխատակազմի մոտիվացիան եղել է հնարավոր ու անհնար ամեն գնով ձեռքերը լվանալն ու չքմեղանալը, թե իբր իրենք Ղազախստանից III կարգի եւ հնարավոր է՝ միկո տոքսիններով վարակված ցորենի ներկրման հետ կապ չունեն։
Ընդսմին, այս ամբողջ կարճամիտ ֆարսը խաղարկում է այն դեպքում, երբ երկու շաբաթ առաջ Փաշինյանն անձամբ էր հրապարակավ ծնծղաներ զարնել ու «ավետել», թե Ղազախստանից Ադրբեջանի տարածքով ցորեն է ներմուծվում Հայաստան, ինչն ապաշրջափակում է նշանակում, նոր դարաշրջան է բացում, չգիտես էլ ինչ է անում, եւ դրա համար պետք է դափնեպսակ դրվի ՔՊ-ականների գլխին։ Թե ինչպես է ապաշրջափակում նշանակում, Աստված գիտի, որովհետեւ Փաշինյանի ազդարարած ցորենը ՀՀ տարածք մուտք է գործելու վրացական երկաթուղով, իսկ թե մինչեւ վրացական երկաթուղուն հասնելը որ երկրների տարածքով է բեռն անցնում, ո՞ւմ է հետաքրքիր։ Նաեւ, իմիջիայլոց, որքան շատ երկրների տարածքով է անցնում, այնքան վատ։
Գալով «ապաշրջափակում» հասկացությանը, Հայաստանի սահմաններն ապաշրջափակված կլինեն միայն այն ժամանակ, երբ Կիլիկիայից, Արեւմտյան Հայաստանի տարածքով, ՀՀ Արմավիրի մարզի Մարգարայի անցակետով բեռնափոխադրումներ կիրականացվեն Միջերկրական ծովից Հայաստան։ Հատկապես ԱՄՆ-ն, նաեւ ԵՄ-ն այդ ուղղությամբ աշխատում են 2024-ից, TRIPP-ի թեման էլ այդ փաթեթում է, որն իրականում ՀՀ Սյունիքի մարզին առնչվող թուրքերի, ռուսների, ադրբեջանցիների, իրանցիների հաշվարկները հօդս ցնդեցնելու եւ ԱՄՆ ներկայությունը ՀՀ տարածքում ազդարարելու մասին է, ոչ թե ինչ-որ բան կառուցելու։ Trump Road երբեք չի կառուցվի, որովհետեւ ո՛չ ԱՄՆ-ին, ո՛չ ԵՄ-ին, ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Իրանին հարկավոր չէ, որ Ադրբեջանն Իրանից բացի այլ տարածքով կապ ունենա (կամ առհասարակ կապ ունենա) Նախիջեւանի հետ։ Մինչդեռ Կիլիկիա-Հայաստան ցամաքային կապը հատկապես ԱՄՆ-ի, նաեւ ԵՄ-ի համար օրակարգային խնդիր է։ Այլ հարց, որ մինչ այն լուծվի, Փաշինյանն ու իր թափթփուկները, հավանաբար, այլեւս իշխանությունում չեն լինի։
Դրա համար էլ Փաշինյանն ամեն ինչ նենգափոխել, կեղծել, աղավաղելու իր սովորական ընթացքով երկու շաբաթ առաջ հրապարակավ «ավետում» ու դափնիներ էր դնում սեփական գլխին՝ Ադրբեջանի տարածքով ղազախական ցորեն փոխադրելու համար։ Իսկ հիմա, երբ գիտական եւ լաբորատոր տեղեկությունները ղազախական ցորենի III կարգի եւ միկո տոքսիններով վարակված լինելու մասին հասան իր աշխատակազմ, հրաժարվում, չքմեղանում է, թե ինքն այդ ներմուծման հետ կապ չունի, դա «էկոնոմիկայի նախարարության իրավասությունների շրջանակում է»։ Էկոնոմիկայի խեղկատակ նախարարն էլ երկու օր է՝ ղազախական ցորեն- ռուսական ցորեն շուտասելուկներն է մեջտեղ գցել ու այնքան է դատարկախոսում, որ վերջնահաշվում ամեն ինչ լղոզվի, եւ ոչ ոք չհասկանա, թե երբ, որտեղից, ինչ ցորեն է ներմուծվում։
Դա էլ քիչ էր, հասցրել է նոյեմբերի 5-ին էլ ինչ-որ հեռուստաալիքի ստուդիա գնալ, հարցազրույց տալ, որպեսզի հայտարարի, թե Ղազախստանից, նաեւ Ռուսաստանից ցորենի ներմուծման հետ ՀՀ իշխանությունը կապ չունի, ներմուծումն իրականացնում է մասնավոր ընկերություն։ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակ» թերթի armtimes.com կայքն էլ նոյեմբերի 5-ի համարյա կեսգիշերին` 22:54, «Ով է Ադրբեջանի տարածքով Հայաստան հասնող ռուսական եւ ղազախական ցորենի գնորդը․ Պապոյանը մանրամասնել է» վերտառությամբ նյութ է հրապարակել, որ մասնավոր գնորդի թեզը գեներացնի։ Այսօր էլ կառավարությունում կայացած ճեպազրույցում Փաշինյանն անձամբ է լրագրողների առջեւ «պեչատել», թե ինքը տեղյակ չէ՝ ով է գնորդը, եւ որոնք են գնման պայմանները։
Վարչապետի աշխատակազմին հանձնված ղազախական ցորենի մասին տեղեկություններից հետո բարձրացած այս ողջ բրոունյան շարժումին, հրաժարումներին, չքմեղացումներին տեղյակ լինելով հանդերձ, ի գիտություն Փաշինյանի եւ իր աշխատակազմի, դարձյալ հրապարակավ հայտարարում ենք, որ Հայաստանում պարենային անվտանգության պատասխանատուն կառավարությունն է, հետեւաբար՝ մասնավոր ներմուծողի հանգամանքով թող գլուխ չցավեցնեն։ Հինգօրյա ժամկետում սպասում ենք իմ 30.10.2025թ․ «Ինչ կարգի եւ ինչով վարակված ցորեն է Փաշինյանը ներմուծում Հայաստան» հոդվածում ձեւակերպված եւ ՀՀ վարչապետի աշխատակազմին ուղղված գրության մեջ կրկնված հարցերի պատասխաններին։ Որ ատյանից էլ դրանք ստացվեն, վերագրվելու են վարչապետին եւ իր աշխատակազմին։ Պատասխան չստացվելու կամ անբովանդակ պատասխան ստացվելու պարագայում վարչապետի աշխատակազմին հանձնված տեղեկությունները կհրապարակենք։
Որպեսզի որեւէ մեկը չկասկածի ասվածին, ստորեւ հրապարակում ենք մի փոքր հատված այդ տեղեկություններից այն մասին, թե ինչ մեխանիզմով եւ ինչպիսի աղավաղված արդյունքներ են ստացվում ղազախական էլեվատորներում, լաբորատորիաներում եւ այլուր կատարվող ցորենի փորձաքննությունից։
«Պետք է նշել, որ փորձաքննություն իրականացնող միջազգային եւ տեղական խոշոր ընկերությունները հագեցած են համապատասխան միջազգային մակարդակի լաբորատոր սարքավորումներով, համապատասխանում են միջազգային, տարածաշրջանային եւ ազգային հանրապետական չափանիշներին, հավատարմագրված են ինչպես միջազգային, այնպես էլ հանրապետական հավատարմագրման համակարգերում։ Այդ ընկերությունների հետ համագործակցությունը նպաստում է արտահանողների համար ռիսկերի նվազեցմանը:
Այս տարի շատ հաճախ են ծագում Անկման թվի որոշման անհամապատասխանություններ։ Հացահատիկային պահեստարանների լաբորատորիաները եւ այլոք Անման թիվը որոշելիս մանրացնում են ցորենի անբավարար քանակ՝ մոտ 50 գրամ։ Մինչդեռ գոյություն ունեցող բոլոր կանոնակարգերը պահանջում են նվազագույնը 300 գրամ ցորենի մանրացում։ Նմուշի նախապատրաստման նման խախտումները հանգեցնում են արդյունքների զգալի աղավաղման»։
Այնպես որ, Ղազախստանի ցորեն արտահանող ընկերությունների կողմից տրամադրվող փորձաքննության արդյունքները կարող են բոլորովին էլ չարտացոլել իրականությունը՝ ցորենի որակի մասին։