Մոտ 3 տարի առաջ, կառավարության որոշմամբ, Հայաստանի պարի պետական անսամբլը, Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը եւ Հայաստանի պարարվեստի Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը միաձուլվեցին եւ վերակազմակերպվեցին «Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի: Նորաստեղծ ՊՈԱԿ-ի կազմում հաջորդիվ ընդգրկվեց նաեւ ժողովրդական ժանրում մշակութային գործունեություն ծավալող եւս 3 ստեղծագործական խումբ՝ Հայաստանի ազգային նվագարանների նվագախումբը, Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական եւ Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթները:
Միացյալ ՊՈԱԿ-ը երկար ժամանակ չուներ ո՛չ հասցե, ո՛չ տանիք, սակայն վերջերս, կառավարության որոշմամբ, Վարդանանց 30 հասցեում գտնվող տարածքը տրամադրվել է կենտրոնին՝ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով: Հիշեցնենք․ սա այն նույն տարածքն է, որը կառավարությունն ամիսներ առաջ վերցրեց Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն ստուդիայից, որը տրվել էր ստուդիային դեռ 10 տարի առաջ՝ անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով, ու տվեց 2022-ին ձեւավորված «Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոն» միացյալ ՊՈԱԿ-ին:
Կենտրոնի տնօրենը պրոդյուսեր, թամադա Արմեն Սարգսյանն է, որը 2018-ին «Իմ քայլը» դաշինքով առաջադրվել էր ավագանու անդամ: Ա. Սարգսյանը մեզ հետ զրույցում նշում է, որ թեպետ անցած տարվա դեկտեմբերի 27-ին է կառավարությունը որոշում ընդունել՝ տարածքն իրենց տրամադրելու համար, բայց միայն այս տարվա մարտի 1-ից են տեղափոխվել նոր տարածք. «Բայց բոլորով չենք տեղափոխվել, հսկայական տարածք է, որը շատ անմխիթար վիճակում է, միայն մի հարկն է վերանորոգված, այս հարկում ենք փորձել տեղավորվել` ազգային նվագարանների պետական նվագախումբը, նաեւ՝ «Ակունք» համույթը, որոնք փորձեր են անում այստեղ, ինչպես նաեւ՝ վարչակազմն է տեղափոխվել»։ Իսկ պարի համույթնե՞րը։ «Դեռ չեն տեղափոխվել, իրենց տարածքներում են փորձերն իրականացնում, իսկ հիմա մենք նախահաշվային փուլում ենք, որպեսզի կապիտալ վերանորոգման ենթարկվի ամբողջ շենքը»: Կենտրոնի ստեղծագործական աշխատանքներն այս ընթացքում չե՞ն տուժի։ «Դե, իրենք իրենց տեղերում փորձերն էլի անցկացնելու են, մինչեւ տարածքը կապիտալ վերանորոգվի` այսօրվա պայմաններին համահունչ, որպեսզի կարողանանք աշխատանքները կազմակերպել»:
Վերանորոգման աշխատանքներն այս տարի են մեկնարկելու, իսկ մինչ այդ դիմել են սեյսմիկ ծառայության կենտրոն, որ շենքը գնահատեն, մոտավոր հաշվարկներով՝ 3-4 տարուց այն կավարտվի։ «Կարեւորը, որ վաղվա օրն արդեն երեւում է, ժամանակին չէր երեւում, բայց այսօր երեւում է, լավը դա է»,-նկատում է տնօրենը:
Վերանորոգված տարածքում լինելու են ոչ միայն փորձասենյակներ, այլ նաեւ՝ 2 դահլիճ. «Եթե սեյսմիկ ծառայությունից ասացին, որ պետք է հիմնովին քանդվի, ու նորը սարքվի, արդեն մեծ դահլիճ կսարքենք, բայց այս պայմաններում էլ կարող ենք 2 փոքրիկ դահլիճ ունենալ` 200-300 տեղանոց, որն էլի վատ չէ»:
Դեռ 2 տարի առաջ, միավորումից անմիջապես հետո, արեցին պարողների ատեստավորում, հիմա նորից խոսակցություններ կան, որ նոր ատեստավորում են անելու, եւ սպասվում է նաեւ հաստիքացուցակի օպտիմալացում։ «Այն ժամանակ պարողների ատեստավորում արեցինք, ամեն ինչ դեռ նոր էր ու ավելի շատ ճանաչողական էր, ոչ մեկն ատեստավորումից դուրս չմնաց, ոչ էլ հաստիքների կրճատում եղավ, բայց այս անգամ օպտիմալացման ծրագիրը կա` աշխատավարձերի բարձրացում պետք է լինի, եւ կարիքը չկա 100-ից ավելի ազգային գործիքներ նվագող երաժիշտների։ Այդ տարբերակները դեռ քննարկվում են, վերջնական դեռ ոչինչ չկա, բայց թե՛ ազգային նվագարանների նվագախմբում, թե՛ պարի պետականի նվագախմբում... շատ են երաժիշտները: Դիտարկել ենք, որ մի նվագարան լինի, որը սպասարկի պարային անսամբլներին նաեւ, արդյունքում ե՛ւ աշխատանքը շատանա, ե՛ւ աշխատավարձը, կարծում եմ` իրենց էլ այդպես ավելի հետաքրքիր կլինի»,- հույս է հայտնում տնօրենն ու շտապում նշել, որ հարցը քննարկվել է նաեւ երաժիշտների հետ:
«Նորմալ են ընդունում, բայց շատ դժվար է ատեստացիան, որովհետեւ մեզ մոտ լավագույն երաժիշտներն են հավաքված, ո՞վ պիտի իրենց ատեստավորի` դա էլ է հարց, շատ քննարկվելիք բաներ կան մասնագետների հետ, հիմա քննարկում ենք, որպեսզի լավագույն լուծումը գտնենք: Ինձ համար կարեւորն այն է, որ աշխատավարձը կրկնապատկվի, այսպիսի աշխատավարձով չեն կարող երկար ճանապարհ գնալ»,- ասում է Սարգսյանն ու նշում, որ նվազագույն աշխատավարձը տատանվում է 75-85 հազարի սահմանում, ու դա վերաբերում է գրեթե բոլոր արտիստներին ու երաժիշտներին. «Մի քիչ չենք հարմարվում դրա հետ»:
Իրե՞նք են նախաձեռնել ատեստավորումը, թե՞ նախարարությունից է եկել հրահանգը։ «Առաջարկը եղել է, ու էլի քննարկումներով ենք հասել սրան, մենք էլ ենք մտածում, որ պետք է, որովհետեւ ... դե պետք է… ու եթե անգամ աշխատավարձ չեն բարձրացնելու, բայց այս ատեստավորման տարբերակով գոնե կմնան լավագույնները, ու կսկսենք որակ տալ, որովհետեւ այդ աշխատավարձն ազդում է որակի վրա` ազգային երաժշտարվեստը լճանում է, նորություններ չենք կարողանում ստեղծել, 75 հազար ստացող մարդուն չես կարող կանչել, այդքան աշխատեցնել կամ էլ պահանջներ դնել»:
Ինչ խոսք, նպատակն ազնիվ է, որ ուզում են՝ մարդկանց աշխատավարձը բարձրանա, բայց նաեւ անազնիվ է այն մարդկանց հանդեպ մոտեցումը, որոնց կրճատելու հաշվին դա պետք է արվի։ «Մենք հաշվարկել ենք՝ շատ չեն լինելու դուրս մնացողները, օպտիմալացման արդյունքում մի 20 կամ մի քիչ ավելի հոգի է լինելու, բայց ես երաժիշտներն էլ եմ ասել, որ երեխաները երբ ուզում են սովորել այս մասնագիտությամբ, մեծ մասն ասում է` դե, 75 հազարի համար գնամ էդքան չարչարվեմ, իսկ եթե գոնե մի 200 հազարի չափ լինի, կմտածեն` ինչու չէ, արժի շարունակել ուսումը եւ շատ այլ հարցեր՝ վաղվա օրվա հետ կապված: Չի կարող միայն պլյուսներ լինել, մինուսներ էլ կան, բայց դե՝ կշեռքին դրել ենք ու տեսել ենք, որ պլյուսներն ավելի շատ են»,- ասում է զրուցակիցս:
Սպասվող ատեստավորումն առայժմ կվերաբերի միայն նվագարաններին. «Դեռ պարախմբերին չենք անդրադարձել, դա էլ մասնագետների հետ կքննարկենք ու հետո կհասկանանք, հիմա նախ երաժիշտներինն անենք, որովհետեւ նրանք ինչքան էլ որ բեմի մարդիկ են, արտիստ են, բայց, կոպիտ ասեմ՝ «սպասարկող» են պարային համույթների համար»:
Կենտրոնի տնօրենը կարծում է, որ այս գործընթացը ցավոտ չի լինի աշխատակիցների համար, քանի որ «երաժիշտներն իրենց գործն ունեն, ցանկացած դեպքում, եւ բոլորն էլ մեր քաղաքի ռեստորաններում են նվագում, չենք էլ կարող արգելել՝ հենց աշխատավարձի պատճառով, դա էլ մի ուրիշ ցավոտ թեմա է, ո՞նց ասես՝ մի գնա ռեստորանում նվագի, եթե իրեն համապատասխան գումար չես տալիս»: