Հասարակություն

«Հրապարակ». Ինչ է առաջարկում Սահակ արքեպիսկոպոսը. եւ՛ նալին, եւ՛ մեխին

«Հրապարակ». Ինչ է առաջարկում Սահակ արքեպիսկոպոսը. եւ՛ նալին, եւ՛ մեխին

Հունիսի 15-ին Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական Աթոռներից մեկի գահակալը՝ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, հանդես էր եկել պարզաբանումներով՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Գարեգին 2-րդ Ամենայն հայոց կաթողիկոսին եւ բարձրաստիճան մի խումբ եկեղեցականների վերաբերող անպարկեշտ գրառումներին, որոնք օրեցօր ավելի անթույլատրելի եւ գռեհիկ են դառնում։

Ինչ է գրել պատրիարքը: Նա իր պարզաբանման հենց սկզբում Նիկոլ Փաշինյանին կոչել է «վսեմաշուք», որն ընդունված է սփյուռքում, հատկապես՝ Արեւելքի հայ համայնքներում, պետությունների կամ կառավարությունների ղեկավարներին դիմելիս: Ինչպես Հայաստանում ընդունված է «մեծարգո» կամ պաշտոնական գրագրության եւ դիվանագիտական արարողակարգի մեջ կիրառվող «Նորին գերազանցություն» դիմելաձեւը։ Ժամանակին Գարեգին 1-ին երջանկահիշատակ կաթողիկոսն էլ, երբ խոսում էր Հայաստանի այն ժամանակվա իշխանությունների, օրինակ՝ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին, նույնպես կիրառում էր «վսեմաշուք» արտահայտությունը։ Ի դեպ, այդ արտահայտության կիրառության համար Գարեգին 1-ինը թեեւ ժամանակին քննադատվեց մամուլում, բայց այդ դիմելաձեւից չհրաժարվեց։ Սահակ պատրիարքը, որպես սփյուռքահայ, եւս պահում է այդ արարողակարգային նրբությունը եւ կարծես ընդգծում է, որ հիերարխիկ-էթիկետային եւ պաշտոնից կամ կարգավիճակից բխող պահանջները պահպանելը կապ չունի ասելիքի հետ։

• Հաջորդիվ Սահակ պատրիարքը ազգի եկեղեցական եւ աշխարհական դասի բոլոր զավակներին գործող Գարեգին 2-րդ կաթողիկոսի շուրջ համախմբվելու կոչ է անում։ Խոսքը, անշուշտ, նաեւ վերաբերում է, որքան էլ պարադոքսալ հնչի՝ Նիկոլ Փաշինյանին։

• Ապա Սահակ պատրիարքն արձանագրում է, որ ներկայիս ոչ այնքան հաճելի վիճակն ունի քաղաքական ենթատեքստ եւ կապված է Հայաստանում հաջորդ տարի՝ 2026 թվականին տեղի ունենալիք ընտրությունների հետ։ Նա, ըստ էության, ֆիքսում է, որ քաղաքական շահերը գերազանցում են մնացած ամեն ինչին, ինչը շատ վտանգավոր իրավիճակ է եւ կարող է բերել պետություն-եկեղեցի բախման։ Պոլսո պատրիարքը խորհուրդ է տալիս քաղաքական շահերի հետապնդումն իրականացնել «նրբորեն» եւ ապա հռչակում է, որ ինքը հանդես է գալիս որպես Առաքելական եկեղեցու շահերի եւ անկախության պաշտպան։

• Սահակ պատրիարքի գրության մեջ ամենից հետաքրքիրն այն «լուծումն» է կամ «լուծումները», որոնք առաջարկում է նա։ Նախ՝ ցուցաբերել համբերություն կամ, որ նույնն է՝ զսպվածություն, մինչեւ 2026 թվականը։ Սրանով կարծես ակնարկում է, որ հաջորդ տարվա ընտրությունների ելքը կանխորոշված չէ` գոնե Նիկոլ Փաշինյանի համար իշխանության ղեկին մնալ-չմնալը մեծ հարցականի տակ է։ Ապա նշում է, որ Մայր Աթոռում նախատեսված է 2026 թվականին անցկացնել Եկեղեցական-ներկայացուցչական ժողով, որը հնարավոր է, որ վերածվի Ազգային-եկեղեցական ժողովի։ Սա թերեւս ամենակարեւոր պահն է։ Ըստ էության, Սահակ Մաշալյանն առաջարկում է ընդմիջում վերցնել կամ «զինադադար հայտարարել», մինչեւ որ տեղի կունենա Եկեղեցական-ներկայացուցչական ժողովը։ Ակնարկը կարծես հասկանալի է` որ բարձրացված խնդիրն այնտեղ կարող է քննության դրվել։ Հատկապես որ, ինչպես բացահայտում է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքը, անձնապես մոտիկից տեղյակ է, որ «Վեհափառ Հայրապետն ալ շատ յոգնած է այս վիճակէն»։ Այսինքն, կա որոշակի ակնարկ, թե գուցե այդ ժողովի ժամանակ էլ հարցը քննարկվի, եւ հնարավոր է «բան լինի»՝ հաշվի առնելով այն, որ Գարեգին 2-րդն այս տհաճ իրավիճակից հոգնել է։ Միաժամանակ նաեւ՝ հաջորդ տողում նշում է․ «Սակայն եւ այնպէս որքան որ ծանօթ ենք իր նկարագրին ետ քայլ չի նետեր արտաքին քաղաքական ճնշումներու ներքեւ, ե՛ւ իրաւունք ունի»։

Սա հնարավոր չէ այլ կերպ հասկանալ, քան այն, որ Եկեղեցու դեմ ոտնձգություն անողները պետք է հրաժարվեն այդ գործողություններից, որոնք կարող են ընկալվել որպես «արտաքին քաղաքական ճնշում»։ Հատկապես որ հստակ է վերջաբանում տրված մեսիջը․ «Մեր հայրական յորդորն է բոլոր անոնց որոնք հարազատօրէն կը մտածեն Առաքելական մեր եկեղեցւոյ բարօրութիւնը եւ Հայաստանի անդորրութիւնը. Պահ մը ետ քաշուիլ եւ Տիրոջ առջեւ կենալ, խաչակնքել եւ Քրիստոսի իշխանութեան յանձնել իրավիճակը աղօթքով եւ ապաշխարութեամբ: Եկէ՛ք, հրաժարինք իրարու որսորդը դառնալէ եւ իրարու հանդէպ ցոյց տանք այն ողորմութիւնը, զոր Տէրը մեզի ցոյց կուտայ: «Ցուցու՜ր մեզի ո՛վ Տէր, քու ողորմութիւնդ եւ քու փրկութիւնդ մեզի տուր: Ողորմութիւնը ու ճշմարտութիւնը իրարու հանդիպեցան, արդարութիւնը եւ խաղաղութիւնը իրար համբուրեցին: Տէրը բարութիւն պիտի տայ այն ատեն ու մեր երկիրը՝ իր պտուղը» (Սաղմոս 85:7, 10, 12): Խաղաղութիւն ամենեցուն»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image