Քաղաքականություն

Փաշինյանն այսօր կա, վաղը չկա

Փաշինյանն այսօր կա, վաղը չկա

«Նիկոլ Փաշինյանն ընդդիմություն երեւույթը չի սիրում»՝ «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով ռուսաստանցի, ազգությամբ հայ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելուն, ասաց ֆրանսահայ ազգային գործիչ, Ֆրանսիայի «Պատվո լեգեոնի» շքանշանակիր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը: Մինչդեռ, երբ դու երկրի ղեկավարն ես եւ ուզում ես ժողովրդավարություն հաստատել երկրում, պետք է տեղ տալ եւ կարեւորել ընդդիմությանը: 

«Եթե մենք ուզում ենք Հայաստանը ներկայացնել որպես ժողովրդավարության բաստիոն տարածաշրջանում, ապա պետք է փաստել դա: Սակայն նման գործողություններով հնարավոր չէ դա փաստել, հատկապես՝ այն պարագայում, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության՝ ծածանելով ազատությունների եւ ժողովրդավարության դրոշը: Շատ ցավալի է, սակայն այս հակաժողովրդավարական մեթոդները ոչ մի լավ տեղ չեն տանի»,-ասաց Փափազյանը: Իշխանություններն անցողիկ են, մեր պայքարը Հայաստանի Հանրապետության, հայ ազգի ու համայն հայության համար է՝ շեշտում է Փափազյանը եւ հավելում, որ եթե չկա ընդդիմություն, չկա ժողովրդավարություն, չկա իշխանություն: Եվ արգելելով սփյուռքահայերին հայրենիք այցելել՝ նա վնասում է միայն հանուն Հայաստանի սփյուռքի գործունեությանը: 
«Սփյուռքը Հայաստանի ծովն է, եւ սփյուռքի մեջ մեր մեքենան, որ աշխատում է՝ Դաշնակցության մեքենան, ի նպաստ Հայաստանի է աշխատում, ի նպաստ Հայաստանի ժողովրդի։ Ինչի՞ շնորհիվ մենք այդքան դրական գնահատում ունենք աշխարհի կողմից՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ չէ, այլ այն աշխատանքների, որ տասնյակ տարիների ընթացքում տարել ենք։ Աշխարհում պրոհայկական լոբբինգ ենք ձեւավորել: Ֆրանսիայում զրոյի վերացրինք Թուրքիայի եւ Ադրբեջանի լոբբինգը՝ չեմ չափազանցնում, հանուն Հայաստանի Հանրապետության եւ հանուն Հայաստանի եւ Ֆրանսիայի հարաբերությունների»,- ասաց ֆրանսահայ ազգային գործիչը։ 

Անդրադառնալով իր՝ Հայաստան մուտքի արգելքին, Փափազյանը նշում է, որ Ֆրանսիայի քաղաքական վերնախավը սկզբում ապշել է այդ լուրից, հետո փորձել է հասկանալ, թե ինչպես է դա հնարավոր: Ֆրանսիայի քաղաքական վերնախավի համար անհասկանալի էր, թե ինչպես կարող է Հայաստանի վարչապետը Հայաստանի համար այդքան շատ բան արած մարդու մուտքը սեփական հայրենիք արգելել: Եվ միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի շնորհիվ է, որ Փաշինյանը չի բողոքարկել դատարանի որոշումը: «Մակրոնն իրեն ասաց՝ հարգիր դատարանի որոշումը, եթե այն Փափազյանի օգտին լինի, եւ Փաշինյանը հարգեց դատարանի որոշումն ու չբողոքարկեց»,- ասաց Փափազյանը եւ հավելեց, որ Հայաստանը Փաշինյանի սեփական տունը չէ․ «Նա այսօր կա, վաղը չկա․ ժողովրդավարական երկրներում այդպես է»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image