ՔՊ-ական պատգամավոր Ալեքսանյանի ասելով, «Դաշնակցությունը չի պատկերացնում, որ կարող է լինել քաղաքական կուսակցություն, որտեղ «ФСБ»-ի ագենտներ չկա» (մեջբերումը բառացի է): Ինչպես տեսնում ենք, ՔՊ-ական շրջանակներում արդեն առկա է որոշակի առաջընթաց: Նրանք վերջապես գիտակցեցին, որ վաղուց արդեն ԿաԳեԲե-ի ժամանակաշրջանն ավարտվել է: Ինչը նշանակում է, որ ԿաԳեԲե-ի գործակալի փնտրտուքը մութ սենյակում արդյունք չտվեց՝ որքան էլ ջանք թափեն իրենք: Ու որոշել են ավելի ադեկվատ վերաբերմունք ցուցաբերել իրականությանը: Գոնե, այսպես ասած, գործակալական ցանցի կապակցությամբ: Ու այդ պատճառով էլ ԿաԳեԲե-ն փոխարինվել է «ФСБ»-ով կամ ԱԴԾ-ով (Անվտանգության ազգային ծառայություն): Ինչ մնում է ասվածի ճշմարտացիությանը, ապա դա թողնում ենք Վահագնի խղճին և հունիսի 8-ի իշխանափոխությունից հետո դատական որոշմանը: Քանի որ վստահաբար բոլոր այդ «մեղադրանքների» համար պատասխան տալու անհրաժեշտություն է առաջանալու: Դա ասում եմ որպես ոչ դաշնակցական անձ:
Ինչևէ, Ալեքսանյանին ուրախ լուր հայտնեմ. ՔՊ-ականները որևէ պետության անվտանգության ծառայության գործակալ լինել չեն կարող հաստատ: Իսկ հիմա տխրեցնեմ՝ որովհետև դրա համար անհրաժեշտ է, որպեսզի կուսակցության անդամներն ունենան գոնե նվազագույն անկախություն և ինքնուրույնություն իրենց գործերում: Իսկ ՔՊ-ականները, ինչպես հայտնի է, զրկված են այդ ամենից: Նրանց բոլորի փոխարեն որոշումներ է կայացնում միայն մեկ անձ: Ու նրանց բոլորին մնում է ընդամենը թութակի նման կրկնել վերջինիս կրոնական և քաղաքագիտական անհեթեթ դատողությունները: Եվ դա այն դեպքն է, որ ոչ մեկը չի կարող պնդել, որ ինքը դուրս է այդ շրջապտույտից: Որովհետև եթե որևէ մեկը ցանկանում է իրեն դուրս դնել դրանից, ապա հայտնվում է ընդհանրապես կուսակցությունից դուրս: Ինչը հայաստանյան անհեթեությունների շարքից է. «ժողովրդավարության բաստիոն» կառուցող կուսակցությունը կառուցված է հակաժողովրդավարական սկզբունքների վրա: Չնայած ձևականորեն պահպանվում են ժողովրդավարական կանոնները: Բայց այդ կանոնների շրջանակում էլ ընտրություններ են կեղծվում:
Այդ առումով զավեշտի ժանրից է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբինյան Ռուբենի ասածը, թե «կուսակցության ներսում չպետք է լինի այնպիսի իրավիճակ, երբ մեկ մարդ է անընդհատ բոլոր որոշումները կայացնում»։ Ու հետո, հասկանալով, որ իրենց կուսակցությունում հենց այդպիսի վիճակ է, ավելացնում է, որ Փաշինյանը երկրի և իրենց կուսակցության ամենավարկանիշային քաղաքական գործիչն է: Ու հենց այդ պատճառով է ութ տարի գլխավորել է իրենց կուսակցության ցուցակը: Նախ, վարչապետի պաշտոնը զբաղեցնողն արդեն երկրի ամենավարկանիշային քաղաքական գործիչը չէ: Քանի որ իր «շնորհիվ» այդպիսին դարձավ գործարար ու բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը: Ինչ մնում է կուսակցության ամենավարկանիշային գործիչ լինելուն, ապա հայաստանյան պայմաններում բոլոր հիմնադիրներն են այդպիսին:
Ռուբինյանին հուշեմ, որ նույնիսկ խորհրդային երկիրը կառավարող կոմունիստական կուսակցությունն ավելի ժոովրդավարական էր, քան իրենցը. հիշենք դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքը: Ինչը թույլ էր տալիս որոշակի ինքնուրույնություն թե՛ Քաղբյորոյի անդամների և թե՛ հանրապետական կոմկուսների առաջին քարտուղարների մակարդակով: Նման ինքնուրույնությունից զուրկ է «ժողովրդավարական» ՔՊԿ-ն, քանի որ դրանում գոյություն ունի միայն մեկ անձի տեսակետ: Նաև, ի տարբերություն կոմկուսի, ՔՊԿ-ն զերծ է որևէ գաղափարախոսությունից: Որպես դրա նմանակում ՔՊԿ-ի առաջնորդի կողմից փորձ է կատարվում ձևավորվելու, այսպես կոչված, «իրական» Հայաստանի տեսլականը: Բայց հույս ունեմ, որ այն կյանքի կոչելու գործընթացը կանգ կառնի հունիսի 8-ից: Այլապես «իրական» Հայաստանի փոխարեն կունենանք թուրք-ադրբեջանական ենթակայությամբ տարածք հիմնականում Արարատյան դաշտավայրի սահմաններում: