Տևական ժամանակ է` Նիկոլ Փաշինյանը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Կաթողիկոսի հեռացումը պահանջող Փաշինյանն ու 10 «տիրադավ» եպիսկոպոսներ հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին, այսպես կոչված, իրենց «ճանապարհային քարտեզը»։ Իր շրջիկ հավատացյալներով Փաշինյանին հաջողվեց կիրակի օրերը պատարագի գնալ մի շարք եկեղեցիներում՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում, Թալինի, Մասիսի, Այգեշատի, Չարենցավանի, Գառնիի եկեղեցիներում՝ օգտագործելով իր տնօրինակ վարչական եւ ֆինանսական ամբողջ ռեսուրսը:
Այն կիրակի, երբ Փաշինյանը պատարագի է մասնակցում, այդ օրը տվյալ եկեղեցում պատարագի տեքստից անպայման զեղչվում է Վեհափառի անունը, իսկ մյուս կիրակի օրերը, երբ Փաշինյանը ներկա չէ քահանաներն ըստ կարգի պատարագ են մատուցում՝ հիշատակելով Վեհափառի անունը: Ամիսներ շարունակ հայ ժողովուրդը ականատեսն է Փաշինյանի շրջիկ կրկեսին՝ լրատվամիջոցները ակտիվորեն լուսաբանում էին, մարդիկ հետեւում էին, թե ով գնաց, ով պատարագ արեց, ովքեր էին եկեղեցու բակում, ով՝ ներսում:
Սակայն ինչ որ պահից շրջիկ կրկեսը կորցրեց իր հետաքրքրությունը, եւ Փաշինյանը մի նոր բան մոգոնեց՝ որոշեց թմբուկ խփել եւ բենդ ստեղծել։ Այսօր նա քաղաքացիներին հրավիրել է դիսկոտեկի, որի ժամանակ «Վարչաբենդն» է երաժշտությունն ապահովելու եւ որի կազմում հենց ինքն է հարվածային գործիքների վրա նվագելու։ Իսկ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ իր մեջ երգ ու պարի տաղանդ է հայտնաբերել եւ այդ ծանր ոլորտը կառավարելու, առողջապահության ապահովագրության նոր ներդրվող համակարգը կարգի բերելու փոխարեն, նրա բենդի պարախմբում է ընդգրկվել։
Բենդի լոգոյի վրա Նիկոլ Փաշինյանի հանրահայտ սրտիկն է, որը կիրառվելու է նաև առաջիկա ընտրությունների ժամանակ։ Պատերազմում պարտված, երկրի արտաքին պարտքը կրկնապատկած, հարկերը բարձրացրած, թոշակառուների թոշակը չբարձրացրած, բայց ինքն իրեն 18մլն դրամ, իր նախարարներին՝ 7-8 միլիոն դրամ պարգեւավճարով պարգեւատրած վարչապետը որոշել է թմբկահարել ու պարել, հանրությանը մեսիջ փոխանցելով․ «Դուխնե՛րդ չգցեք, Հայաստանում, կա՛ ապագա»: