Երկար ժամանակ է, ինչ հանրությանն անհայտ է, թե ինչ պայմաններում է հայկական «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» “Fly Armenia Airways“ ավիաընկերության «Բոինգ 737-300» ինքնաթիռը հայտնվել Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում (Իրանի Իսլամական Հանրապետություն)։
Թեհրանում ինքնաթիռի հայտնվելու մասին նաև անդրադարձել էր Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը: Ի պատասխան «ԹԵՐԹ.am» կայքի հարցմանը՝ ԱՄՆ դեսպանատունը փետրվարի 26-ին պատասխանել էր, որ ԱՄՆ կառավարությունը տեղյակ է այն պնդումներից, որ հայկական ընկերության անունով գրանցված ինքնաթիռը շեղվել է դեպի Իրան, և այս հարցին առնչվող բոլոր կողմերին հորդորել անհապաղ հստակեցնել ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը։ «ԱՄՆ օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին։ Նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում», - նշված է պատասխանի մեջ։
Երեկ «Հրապարակը» նույնպես դիմել է դեսպանատանուն՝ հետաքրքվելով, թե ինչ նոր զարգացումներ կան այս խնդրի հետ կապված։
Դեսպանատունը երկլեզու ընդհանրական պատասխան է տվել օդանավի առնչությամբ։
«ԱՄՆ կառավարությունը տեղյակ է, որ հայկական ընկերության անունով գրանցված ինքնաթիռը շեղվել է դեպի Իրան և դեռևս գտնվում է այդ երկրում։ Մենք կապի մեջ ենք Հայաստանի մեր գործընկերների հետ, որոնք քայլեր են ձեռնարկում ինքնաթիռը վերադարձնելու ուղղությամբ։ Մենք վերահաստատում ենք, որ ԱՄՆ օրենսդրությունն արգելում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին և նման գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում։
The U.S. government is aware that an aircraft registered to an Armenian company was diverted to Iran and is currently still in that country. We are in touch with our Armenian counterparts and understand they are working toward the return of the plane. We reiterate that U.S. law prohibits the transfer or otherwise provision of aircraft or aviation parts of U.S. origin to Iran and that entities that engage in these actions could expose themselves to U.S. sanctions», - նշված է պատասխանի մեջ։
Մարտի 2-ին հայկական «Երևան Թուդեյ» (Yerevan Today) լրատվական կայքը գրել էր , որ փետրվարի 19-ին Էստոնիայում տեխնիկական սպասարկումը ստանալուց հետո հայկական ինքնաթիռը, որը, ըստ Fly Armenia Airways-ի պլանավորածի, նույն օրը պետք է ուղևորվեր Ուկրաինայի Հոստոմել օդանավակայան, հանկարծ խլվում է այն սպասարկող տաջիկ օդաչուների ձեռքից և հայտնվում է օտարազգի մեկ ուրիշ՝ օդաչուական բանդայի ձեռքի տակ: «Բանդայի գծած սցենարով, թռիչքուղու վերջին կայարանը, ըստ փաստաթղթերի, Շարժան պիտի լիներ, բայց… Դեպքերի հետագա զարգացումն օդանավը տանում է Իրանի Իսլամական Հանրապետություն»:
«Ըստ փաստական տվյալների՝ փետրվարի 19-ին՝ Տալինի ժամանակով առավոտյան 10-ի սահմաններում (Երեւանի ժամով՝ 12:00-ին), EK-FAA-ն մեկնել է Էստոնիայից և, անցնելով Լատվիայի, Բելառուսի, Ուկրաինայի ու Ռումինիայի օդային տարածքներով, վայրէջք է կատարել բուլղարական Վառնա քաղաք, տեղական ժամանակով՝ 12:35-ին: Ասյտեղ հայկական օդանավը վայրէջք է կատարում ենթադրաբար ինչ որ-բան բեռնելու համար: […] Ըստ բանդայի ձևակերպած նոր թռիչքուղու՝ առևանգված օդանավը Բուլղարիայից ուղղություն է վերցնում իբրև թե դեպի Շարժա, սակայն Իրանի օդային տարածքում մի քանի պտույտ գործելուց հետո հանցագործները լիցքավորման խնդրով «Էմերջընսի» տագնապի ազդակներ են տալիս և իբր հարկադրված օդանավն իջեցնում են Իրանի օդակայան: Այստեղ էլ նրանք կալանավորվում են, օդանավը այդպես էլ չի հասնում պլանավորված կամ գուցե զուտ խայծի համար թղթերում նշված Շարժայի օդակայան», - գրել էր լրատվամիջոցը:
Ըստ լրատվական կայքի՝ Հայաստանի համար լիզինգով ձեռք բերված Ամերիկյան արտադրության «Boeing 737-300» օդանավն (EK-FAA գրանցումով) առևանգումից հետո փետրվարի 22-ից Իրանում է:
Ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ «Բոինգի» առևանգումը չի հաստատվում, որովհետև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն և Հայաստանի իշխանությունները, նաև Fly Armenia-ն ամեն ինչ անում են, որ ինքնաթիռը հետ բերեն։ «Առքուվաճառքի գործարք է, կարծես թե, եղել։ Ոչ մեկ չի կարող հաստատ ասել։ Հիմա մեր կողմից այնտեղ պատվիրակություն կա։ Չգիտեմ՝ որ սեկտորից քանի հոգի են», - նշեց նա։
«ԱՄՆ կառավարությունը տեղյակ է, որ հայկական ընկերության անունով գրանցված ինքնաթիռը շեղվել է դեպի Իրան և դեռևս գտնվում է այդ երկրում։ Մենք կապի մեջ ենք Հայաստանի մեր գործընկերների հետ, որոնք քայլեր են ձեռնարկում ինքնաթիռը վերադարձնելու ուղղությամբ»։
«ԱՄՆ-ի դիրքորոշումը շատ պարզ է։ Հատուկ կառույցը հետևում է, սանկցիաներ է դնում ու հետևում է իր դրած սանկցիաների կատարմանը։ Բոլոր երկրները հարգում են ու չեն անցնում սանկցիաները, Իրանն էլ չի անցնում։ Իսկ ով որ անցնում է, ընկնում է սանկցիաների տակ։ Թե որքանով կապացուցվի, որ ՔԱԿ-ը սխալներ է արել, քննությունը ցույց կտա։ Գիտեմ, որ ԱԱԾ-ում քննություն է գնում։ Պետք է ավարտվի դա, որ դրա վերաբերյալ խոսքն արժեք ունենա», - ընդգծեց Խաչատրյանը։
Ավիացիոն փորձագետն ասաց, որ Պետդեպարտամենտի աշխատակիցներից մեկն ասել է, որ իրենք նույնպես անորոշության մեջ են։ «Որովհետև ոչ մեկ չգիտի՝ ով է խնդիրը ստեղծել, ով ինչքանով է մասնակից։ Հնարավոր է, որ պարզի՝ մեր երկիրը լրիվ մաքուր է, նաև «Ֆլայ Արմենիան»։ Հնարավոր է՝ ուրիշ բան պարզվի։ Fly Armenia-ի մեղավորությունն ավելի մեծ է։ Օդանավը Տալինից թռել է Կիև, չի իջել Կիևում, հետո թռել է Վառնա, հետո ստացել է թույլտվություն դեպի Շարջա, հետո՝ Թեհրան։ Այդ բոլորը պետք է լինի «Ֆլայ Արմենիայի» թույլտվությունով, բայց ասում է, որ փաստաթղթերը կեղծ են եղել»։
Ըստ Նավիկ Խաչատրյանի` եվրոպական «Եվրաքընթրոլ» (“Eurocontrol“) կազմակերպությունը (զբաղվում է Եվրոպայում օդային երթևեկության անվտանգ ու անխափան կառավարմամբ) վերահսկում է այդ երկրները, այդ երկրներին հետևելու ուժեղ համակարգ ունի, և այնտեղ կեղծ փաստաթղթեր չեն լինում։
«Իմ՝ 21-ամյա ավիացիոն ոլորտում փորձից ելնելով՝ ենթադրում եմ, որ գործարքը եղել է, բայց հիմա գործարքը «հետողորմյա են արել», որպեսզի Fly Armenia-ն մաքուր մնա։ Չնայած չի կարող մաքուր մնալ, որովհետև իր օդանավն է։ Բայց համեմատաբար մաքուր մնալու համար, ձևակերպեն, որ դա օդանավի առևանգում է։ Հիմնական դերակատարն ուկրաինական «Խորս Էյր» (“Khors Air“) ավիաընկերությունն է, որը հայտնի է իրանական ընկերությունների համար սանկցիաներն անցնելով տարբեր ծառայություններ մատուցելով, այդ թվում՝ օդանավեր է տարել ու այնտեղ թողել։ Այդքանով կասկածի տակ է «Խորս Էյրը», իսկ գնորդը պետք է լիներ իրանական «Կասպյան Էյրլայնզը» (Caspian Airlines’’)։ Չենք կարող ասել՝ արդյոք կհաջովի օդանավը հետ բերել», - ընդգծեց նա։
Ըստ ավիացիոն փորձագետի տեղեկությունների՝ օդանավը տեխնիկական խնդիրներ ունի, և առանց դրանք լուծելու իրավունք չունի օդ բարձրանալ, քանի որ թռիչքային պիտանելիություն դեռ չունի, եթե այդ գործարքի թեմաներն արդեն լուծվել են։
- Ուկրաինական ընկերությունն ինչո՞ւ պետք է այդպիսի բան աներ՝ հաշվի առնելով, որ Ուկրաինան Արևմուտքի հետ մերձեցման քաղաքականություն է տանում։ Ուկրաինական իշխանությունները չէի՞ն կարող այնպես անել, որ այդ ընկերությունը չաներ այդպիսի բան։
- Ինձ համար էլ է շատ զարմանալի, բայց դրա մասին առաջինը գրվեց փետրվարի 24-ին։ Բրիտանական «Ինդիփենդենթ» օրաթերթի պարսկալեզու կայքի հեղինակ Բաբակ Թաղվաեին գրել էր , որ 8 ամիս առաջ պլանավորել են այդ վաճառքը «Կասպյանի» հետ, բայց մեր Քաղավիացիայի կոմիտեն ասում է, որ «տեղյակ չէ և գնացել է հետ բերելու օդանավը»։ Հիմա ով է ճիշտ, շուտով կիմանանք։ ՔԱԿ-ը պետք է որ իր գործառույթները ճիշտ կատարած լինի, այլապես կպատժվի։
- Իսկ ինչո՞ւ պետք է «Ֆլայ Արմենիան» գործարքի գնար իրանական ընկերության հետ, եթե ամերիկյան պատժամիջոցի տակ պետք է հայտնվեր։
- Եթե խորն ուսումնասիրեք, թե «Ֆլայ Արմենիայի» բաժնետերերն ովքեր են։ Երբ ծանոթանաք մեր՝ ավիացիոն խորհրդատուներիս հետ 2019 թվականից մինչ այսօր ինչ են խոսել, ինչ ենք խոսել, ամեն ինչ կհասկանաք։ Իրենք Հայաստանում շահագործելու խնդիր չունեն, չնայած հենց իրենց թեմայով ինչ-որ խնդիր ես տեսնում, սկսում են զանգել, թե «Նավիկ ջան, ինչի՞ ես էդպիսի բան ասում, մենք մեծ հաճույքով ուզում ենք Հայաստանում աշխատել»։ Ես էլ ասում եմ․ «Լավ եք անում, դե օդանավը հետ բերեք։ Հայաստանի իմիջը մի ցածրացրեք», իրենք էլ բա․ «Կբերենք, հաստատ կբերենք», ասեցի․ «Լավ, Աստված ձեր հետ»։ Ամերիկայի դեսպանատան, պետդեպարտամենտի աշխատակիցն ինձ ասաց, որ «ամեն դեպքում սա շատ վատ բան է»։ «Հնարավոր է, որ որևէ բան չհետևի սրան, բայց շատ վատ բան է, որ ձեր գրանցմամբ օդանավը հայտնվել է այնտեղ»։ Կապ չունի ինչ է եղել, գործարք է եղել, ով է արել, ով է առաջնային մեղավորը։ Բայց որ Կոմիտեն պետք է վերահսկեր, չթողներ դա գնար-հասներ այնտեղ, ու վերահսկողության մեջ թերացել է, դա միանշանակ։
«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության մամուլի խոսնակ Արսեն Հայթյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Իրանում օդանավի հետ կապված տեխնիկական աշխատանքներ էին տարվում, սակայն «հիմա դադարեցրել են արձակուրդների հետ կապված»։ «Որովհետև ոչ աշխատանքային օրեր են այնտեղ։ Տոների ավարտից հետո տեխնիկական աշխատանքները կվերակագնվեն, ու ինքնաթիռը կբերենք Հայաստան», - նշեց նա։
Հայթյանը դժվարացավ ասել, թե որքան ժամանակ հետո կավարտվեն «վերանորոգման աշխատանքները»։ «Չեմ կարող կոնկրետ ասել, թե երբ կավարտեն աշխատանքները։ Դա ավելի շատ տեխնիկական հարց է», - ընդգծեց նա։ Հարցին՝ ԱՄՆ դեսպանատունը քննարկե՞լ է ընկերության հետ այս թեման, և արդյո՞ք ասել է, որ պատժամիջոցների տակ է կարող ընկերությունը հայտնվել, պատասխանեց, որ «այս պահին չեմ կարող այդ հարցերին պատասխանել»։
Հարցին, թե զուտ տեխնիկակա՞ն խնդիրներ են եղել, թե՞ նաև այլ, պատասխանեց․ «Մենք Ձեր կոլեգաներին արդեն պարզաբանել ենք։ Երկրի շահերից ելնելով, որ այս պահին գնում է քննություն, նախաքննություն է ընթանում, ու ցանկալի չի լինի խանգարել քննությանը՝ ավելի լավ է՝ եկենք նեյտրալիտետ պահենք ու լռենք։ Երբ ինքնաթիռը կվերադառնա, երբ քննությունն էլ կավարտվի, այդ ժամանակ, բոլորը կներկայացնենք և՛ Ձեզ, և՛ հանրությանը»։ Ընկերության մամուլի խոսնակը հավելեց, որ գործը հանձնել են իրավապահ մարմիններին։ «Իսկ թե ո՞ր մարմինն է քննությունն իրականացնում, արդեն իրենք են որոշել։ Մենք մեր ներքին քննությունն ենք իրականացնում մեր տեխնիկական անձնակազմի հետ։ Մնացածն արդեն իրավապահ մարմիններն են իրականացնում»։
Հարցին՝ եվրոպական կառույցներից, որոնք վերահսկում են թռիչքները, ինչ-որ հաշվետություն պահանջե՞լ են ընկերությունից կամ իրավիճակի հետ կապված պարզաբանում, Հայթյանը պատասխանեց, որ ոչ։
Քաղավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիանա Աղաբեկյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ աշխատանքներ են տարվում օդանավն Իրանից վերադարձնելու համար։ «Եթե մի խոսքով ասեմ՝ կոմիտեի ու ԱԳՆ-ի կողմից բոլոր ջանքերը գործադրվում են, որպեսզի հետ վերադառնա «Բոինգը»», - ասաց Աղաբեկյանը։ Խորքային հարցերի հետ կապված պատասխանների համար, ՔԱԿ ղեկավարի օգնականը խնդրեց հարցում ուղարկել։
Մարտի 16-ին տարածած հայտարարության մեջ ՔԱԿ-ը նշել էր, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության թռիչքային և տեխնիկական անձնակազմի կողմից իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք օդանավի թռիչքը դարձնում են անհնարին: «Ընկերությունը, որպես օդանավի շահագործման, թռիչքային անվտանգության, տեխնիկական սպասարկման, ավիացիոն անվտանգության, անձնակազմի և օդանավի հետ կապված բոլոր հարցերով պատասխանատու, իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝ թերությունները վերացնելու ուղղությամբ։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ ՀՀ ԱԳՆ-ի և ԱԱԾ-ի հետ համատեղ, գործադրում է բոլոր ջանքերն օդանավը Հայաստան վերադարձնելու համար», - ասվում էր հայտարարության մեջ: