Ֆրանսիայի Սենատը հունվարի 17-ին Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձև է ընդունել։ Սենատը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում, պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքով, ազատ արձակել այնտեղ պահվող քաղաքացիական և զինվորական անձանց, ներառյալ՝ ապօրինի պահվող քաղաքական և հասարակական գործիչներին, Արցախի նախկին պաշտոնյաներին։ Նաև վերահաստատում է Հայաստանի տարածքային ամբողջականության անխախտելիությունը, կոչ է անում անհապաղ և անվերապահ դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ասում է․ «Հայտարարությունը դրական է, բայց քաղաքական կիրառական իմաստով՝ զրոյական արժեք ունեցող։ Ճիշտ նույն ճակատագրին է արժանանանալու ինչ-որ, հիշում եք՝ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո Սենատը հորդորեց ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ հայտարարությունը որևէ կերպ Հայաստանը չի ուժեղացնում, որևէ կերպ չի զսպում Ադրբեջանին։ Ֆրանսիան ունի իր շահերը և այդ շահերի համատեքստում անդրադարձ է կատարում նաև մեզ առնչվող խնդիրներին»։
Եթե մեր արտաքին քաղաքականությունը պատշաճ մակարդակի վրա լիներ, նման փաստաթղթերից կկարողանայինք օգտվել․ «Սպասել, որ սա գետնի վրա ինչ-որ բան է փոխելու, բնականաբար՝ ոչ։ Նախ այն պատճառով, որ ամենևին էլ փաստ չի, որ սա գործադիր իշխանության դիրքորոշումն է՝ Ֆրանսիայի։ Ավելի շուտ հակված եմ ենթադրել, որ ամբողջովին գործադիր իշխանության դիրքորոշումը չի և երկրորդը՝ այնպես չէ, որ փաստաթղթում նշված բազմաթիվ բարենպաստ ձևակերպումները ռեալիզացնելու հնարավորություն ունեն այս պահին։ Մեր արտաքին քաղաքականությունը նման դոկումենտալ բազան որպես գործիք պետք է օգտագործի, բայց մեծ իլյուզիաներ ունենալ, ոգևորվել չարժի։ Կարծում եմ, մեր մոլի արևմտամետները, տեսնում եք՝ ուռա- աղաղակներ չկան, բոլորը շատ հանգիստ են վերաբերվել, արևմտամետներից ոմանք երևի չեն էլ կարդացել»,-ասաց քաղաքագետը։
Հարցին, թե Ֆրանսիա- Ադրբեջան լարված հարաբերությունների պատճառը որն է, վերջինս ասաց, որ Ֆրանսիան ռեգիոնալ քաղաքականությունը ունի, որտեղ իր պատկերացումները չեն համընկնում Ադրբեջանի և Ադրբեջանի ենթադրյալ հովանավորների հետ, որոնց շարքում միայն Թուրքիան չէ, այլ Մեծ Բրիտանիան, և այլն, և այլն։ Այսինքն, այստեղ ավելի մեծ խաղի մեջ պետք է դա դիտարկել։ Փաստ է նաև, որ ոչ միայն Ֆրանսիային, այլև արևմտյան բոլոր հարթակներն այս պահին Ադրբեջանը մերժել է, նաև դրա համար սա կիրառական որևէ հետևանք ունենալ չի կարող։
«Քաղաքական Արևմուտքը շատ կարևոր է, անշուշտ, իրենց հետ համագործակցությունը շատ կարևոր է, բայց պետք չի գերագնահատել Արևմուտքի դերը։ Այո, հզոր խաղացողներից մեկն է քաղաքական Արևմուտքը, բայց դա չի նշանակում, որ ինքը ինչ ցանկանա, կարող է անել որևէ տարածաշրջանում։ Մենք տեսնում ենք, որ այս պահին, օրինակ, արևմտյան որևէ պետություն կամ կառույց, չի կարողանում կամ չի ուզում ազդել Ադրբեջանի քաղաքականության վրա»,-ասաց վերջինս։ Հարցին, թե այս «կրակահերթերը» Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև մինչ երբ կձգվեն, ասաց՝ մինչև ինչ-որ հայտարարի գալը։ Հարաբերությունների խզում չի լինելու, հռետորաբանության մակարդակով նմանատիպ դեմարշներ կլինեն, բայց այդ դեմարշները շատ հեռուն չեն գնա։
«Չմոռանանք, որ Ֆրանսիայի էներգետիկ հսկան՝ TOTAL-ը, շատ մեծ մասնակցություն ունի Ադրբեջանի էներգետիկ նախագծերում»,-եզրափակեց Սուրեն Սուրենյանցը։