Եվրամիությունը մտադիր է ամրապնդել իր գործընկերությունը Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Մեր նպատակն է ամրապնդել մեր գործընկերությունը Ադրբեջանի հետ», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահը Բաքվում կայացած ասուլիսում։
Նա նաև շնորհավորել է Ադրբեջանին Հայաստանի հետ խաղաղության գործընթացի արդյունքների կապակցությամբ։
«Այսօր ես կցանկանայի շնորհավորել ձեզ այդ պատմական խաղաղության փաստաթուղթը նախաստորագրելու կապակցությամբ։ Սա բացում է ճանապարհ դեպի կայունություն, վստահություն և համատեղ բարգավաճում։ Եվրամիությունը վճռականորեն աջակցում է այս խաղաղության գործընթացին, և մենք կշարունակենք անել հնարավոր ամեն ինչ։ Մենք պատրաստ ենք խթանել խաղաղությունը իրական կյանքում, և մենք պետք է աշխատենք դրա համար այսօր և ամեն օր», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։
Նա նաև նշել է, որ ռուսական գազի մատակարարումների դադարեցումից հետո Ադրբեջանը կարևոր դեր է խաղացել ԵՄ էներգետիկ անվտանգության ապահովման գործում, և Հարավային գազային միջանցքը դարձել է «հաջողության պատմություն» էներգամատակարարման ոլորտում. «Դրա համար ես իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ։ Մենք հիմա հաջորդ փուլում ենք»։
«Մենք աջակցում ենք տարածաշրջանային էներգետիկ ցանցերի ինտեգրման ձեր ծրագրերին։ Ադրբեջանը կկապի իր էներգետիկ համակարգը Եվրամիության հետ։ Սա նաև հնարավորություններ կստեղծի գազի լրացուցիչ ծավալների արտահանման համար։ Այս համատեքստում մենք նույնպես ընդունեցինք ձեր առաջարկը։ Ես ողջունում եմ ձեր նախաձեռնությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև էլեկտրական մալուխ կառուցելու վերաբերյալ, որը շատ կարևոր քայլ է ապագայի համար», - ասել է ֆոն դեր Լեյենը։