Հարցազրույց

«Հրապարակ». ԱՄՆ-ն վերածվել է միջնորդի, որը փորձում է «առեւտուր անել» Ուկրաինայի շահերի վրա

«Հրապարակ». ԱՄՆ-ն վերածվել է միջնորդի, որը փորձում է «առեւտուր անել» Ուկրաինայի շահերի վրա

«Հրապարակի» զրուցակիցն ուկրաինացի քաղաքագետ Եվգենի Մագդան է:

- Անցած շաբաթ կայացավ ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը, որի օրակարգում Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման հարցն էր: Կողմերը պայմանավորվեցին հանդիպել Բուդապեշտում, ամերիկացի առաջնորդն էլ ասաց, որ երկկողմ գագաթնաժողովի մասով կապի մեջ կլինի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Ի՞նչ սպասել ռուս-ամերիկյան բանակցություններից, կհաջողվի՞ Թրամփին՝ եւս մեկ հակամարտության վերջ դնել:

- Առայժմ կարելի է եզրակացնել, որ Վլադիմիր Պուտինը կրկին կարողացել է Դոնալդ Թրամփին երկխոսության մեջ ներքաշել։ Կրեմլը հմտորեն ժամանակ է ձգձգում։ Փաստն այն է, որ Թրամփն աշխարհաքաղաքական նարցիսիստ է, որի համար նույնիսկ հարգանքի նշույլը մեծ նշանակություն ունի։ Կրեմլը լավ է ուսումնասիրել նրա բնավորության գծերը եւ հմտորեն խաղում է դրանց հետ։ Բուդապեշտը ոչ միայն Բուդապեշտի հուշագրի խորհրդանիշն է, այլեւ՝ Հունգարիայի մայրաքաղաքը, որն առանձին դիրքորոշում ունի ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության վերաբերյալ։

- Պուտինի հետ հեռախոսազրույցի հաջորդ օրը Սպիտակ տանը կայացավ Զելենսկի-Թրամփ հերթական հանդիպումը: Դրանից հետո Ուկրաինայի առաջնորդը հայտարարեց, թե «Տոմահավկ» հրթիռների մատակարարման թեմայի մասին որոշել են հրապարակավ չխոսել՝ միաժամանակ պնդելով, որ այդ հարցում իրատես է: Թրամփն էլ պարզաբանեց, որ «Տոմահավկ»-ն ԱՄՆ-ին ավելի շատ է պետք, քան՝ Կիեւին:

- Ես չեմ չափազանցնի ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային «Տոմահավկ» հրթիռներ չտրամադրելու մերժումը, քանի որ այդ հրթիռները ներկայում չունեն ցամաքային կայանքների արձակման համակարգեր։

- Նույն հանդիպումից հետո Զելենսկին նաեւ նշեց, որ ԱՄՆ-ն ու եվրատլանտյան գործընկերները պետք է ավելի մեծացնեն ճնշումը Ռուսաստանի վրա, այդ թվում՝ տնտեսական, մինչդեռ ԱՄՆ նախագահն ակնարկեց Մոսկվայի հետ առեւտրատնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարների մասին: Ի վերջո, կարո՞ղ է Վաշինգտոնի այս «հաղթաթուղթը» հանգեցնել Ուկրաինայում պատերազմի դադարեցման:

- Այսօր դրանք ավելի շատ աշխարհաքաղաքական PR հնարք են, քան իրական խաղի կանոնները փոխող գործոններ՝ ռուս-ուկրաինական պատերազմում։ ԱՄՆ-ն այս հարցը հմտորեն խլեց ուկրաինացիների ձեռքերից՝ օգտագործելով այն Պուտինին տեսադաշտում պահելու եւ Դոնալդ Թրամփի հետ երկխոսությունը շարունակելու՝ նրա ցուցադրական պատրաստակամությունը պահպանելու համար։

- Մի պահ ռուս-ուկրաինական պատերազմը որոշակի սրացում ապրեց. ռուսական ԱԹՍ-ներն ու ինքնաթիռները խախտեցին եվրոպական մի շարք երկրների (այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ) օդային տարածքը: Հնչեցին փոխադարձ մեղադրանքներ եւ զգուշացումներ: Այս միջադեպերը մի կողմից ցույց տվեցին ՆԱՏՕ-ի խոցելիությունը, մյուս կողմից՝ Մոսկվայի ռազմական ներուժը: Ո՞րն է Ձեր մեկնաբանությունը:

- Ռուսաստանի ռազմական ներուժը ցույց են տալիս Ուկրաինայում ընթացող մարտական գործողությունները, որտեղ դրանք ավելի քան երկուսուկես տարի է, ինչ լայնածավալ ներխուժման տեսք են ստանում։ Ռուսական բանակն արագորեն «Կիեւը երեք օրում» գրավելու վիճակից անցավ Ուկրաինայի պաշտպանության մեջ խրված վիճակի։ Ցավոք, ՆԱՏՕ-ի եւ ԵՄ երկրներն ապացուցեցին, որ անկարող են արդյունավետորեն օգտագործել Ուկրաինայի պաշտպանների կողմից իրենց տրված ժամանակը։ Լեհաստանի վրա «շահիդային» հարձակումը եւ ԱԹՍ-ների թռիչքներն այլ եվրոպական երկրների վրայով՝ անակնկալ էին նրանց համար։ Եվ ես վստահ եմ, որ Կրեմլը կշարունակի փորձարկել Արեւմուտքի դիմադրողականությունը։

- Բուդապեշտում նախանշված Թրամփ-Պուտին գագաթնաժողովին ընդառաջ, որոշ մտավախություններ կան, որ Պուտինի այցը Հունգարիա կարող է ուղեկցվել անվտանգային լուրջ ռիսկերով. ռուս առաջնորդի ինքնաթիռը ստիպված է լինելու հատել եվրոպական երկրների օդային տարածքը: Բացի այդ, Հունգարիան, լինելով ՄՔԴ անդամ երկիր, Պուտինի ժամանելուն պես պարտավոր է ձերբակալել նրան, բայց այդ երկրի ռուսամետ դիրքորոշումն ակնհայտ է...

- Ցավոք, Պուտինը ոչ մի վախենալու բան չունի. ԱՄՆ-ն վաղուց հետ է կանչել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումը, եւ նրա երաշխիքները բավարար կլինեն՝ Պուտինի անվտանգությունն ապահովելու համար։ Սա այսօրվա համաշխարհային քաղաքականության իրականությունն է. Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ն Ուկրաինայի ռազմավարական գործընկերոջից վերածվել է միջնորդի, որը փորձում է «առեւտուր անել» Ուկրաինայի շահերի հետ։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image