2023-ն ամփոփելով՝ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նախեւառաջ մատնանշում է Արցախի կորուստն ու համայն հայության բռնի տեղահանումն իր բնօրրանից։
«Շրջափակման վերջին ամիսներն արդեն հուշում էին՝ ինչ-որ հանգուցալուծում է լինելու, բայց, ցավոք, ոչ մեր օգտին։ Եվ եղավ այն, ինչ եղավ, ու արցախցին լքեց իր օջախը, տունը։ Ես շատ կուզենայի, որ ինչ-որ ձեւով դրան չհասնեինք, որովհետեւ տեղի ունեցավ շատ անմարդկային բան, իրենց օջախներից բռնի տեղահանվեց մի ողջ ժողովուրդ, եւ մի որոշակի զանգված արդեն արտագաղթել է Հայաստանից, բայց ես ոչ մեկին չեմ մեղադրում, եւ մեղադրելու իրավունք էլ չունենք»։
Առկա բազմաթիվ խնդիրների մեջ ՀԹԳՄ-ին ամենաշատը մտահոգում է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի հարցը, որը սեպտեմբերի 19-ից հետո ժամանակավորապես հանգրվանել է Հայաստանի թատերական գործիչների միության շենքում՝ այս պահին չունենալով որեւէ կարգավիճակ․ «Փաստորեն, ողջ դեկորացիան, ռեկվիզիտները, ամենը մնաց այնտեղ, բարեբախտաբար, մեր թատրոնները մեծ պատրաստակամություն հայտնեցին՝ ամեն ինչով թատրոնին աջակցելու գործում, դրա վառ օրինակներից մեկն Արցախի թատրոնի ամերիկյան հյուրախաղերն էին, որի տեխնիկական ողջ խնդիրները լուծվեցին Պարոնյան թատրոնի կողմից, շնորհիվ տնօրեն Կարո Շահբազյանի։ Մենք շատ ենք ուզում, որ Արցախի թատրոնն ու նրա կոլեկտիվը պահպանվեն»։
Հ․ Ղազանչյանն ընդգծում է՝ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը պահելն ու պետական կարգավիճակ շնորհելը միայն մշակութային հարց չէ․ «Կլինի պետական կարգավիճակ, թե ոչ՝ չեմ կարող ասել, որովհետեւ 1-2 օրվա խնդիր չէ, այլ որոշակի ժամանակ պահանջող խնդիր, բայց, դրան զուգահեռ, մենք մտածել ենք մի քանի միջոցառումների շարք, որպեսզի այս պահին աջակցենք թատրոնին ու թատերախմբին։ Երեկ միությունը թատերախմբի հետ հանդիպում էր կազմակերպել, եւ թատրոնի գրեթե ողջ կոլեկտիվը ներկա էր, ես այդ մասին խոսեցի նաեւ նրանց հետ, եւ ինձ թվաց, որ իրենք էլ պատրաստակամ են այդ հարցում։ Պայմանավորվեցինք, որ տնօրենը պետք է շատ կարճ ժամկետում ինֆորմացիա տրամադրի, թե այս պահին ով կա Երեւանում, ով է մնալու Հայաստանում, որպեսզի հնարավորություն ունենանք աշխատակազմից որոշ մարդկանց տարբեր թատրոններում աշխատանքի տեղավորել»։
ՀԹԳՄ վարչության նիստը որոշել է հայաստանյան բոլոր թատրոնների ուժերով ու մասնակցությամբ կազմակերպել համերգային մի երեկո, որտեղ թատրոններից յուրաքանչյուրը մի ֆորմատով հանդես կգա, կլինի դա երգ, պար, հատված որեւէ ներկայացումից․ «Մենք կանենք այդ երեկոն եւ մտադիր ենք տոմսերը սովորականից մի փոքր թանկ դնել եւ ողջ հասույթը տրամադրել Արցախի թատրոնին, որպեսզի նրանք սկսեն ինչ-որ բեմադրություն անել, գոնե աշխատավարձ ստանան։ Իսկ երբ արդեն ստեղծագործական ինչ-որ արտադրանք լինի, այն ներկայացումների հետ, որոնք այս պահին կան եւ կարող են խաղացվել իրենց ռեպերտուարից, կկազմակերպենք հյուրախաղեր մարզերում։ Հասկանալի է, որ դերասաններից ամեն մեկն ինչ-որ աշխատանք գտել է, մարդիկ ինչ-որ ձեւ պետք է ապրեն, չեն կարող տանը նստել, բայց, ամեն դեպքում, ստեղծագործական աշխատանք պետք է տարվի, խումբը պետք է մնա թատրոնում եւ այդ ուղղությամբ աշխատի»։
Ստեփանակերտի թատրոնն իր փորձերն առայժմ անում է Թատերական գործիչների միության շենքում եւ ոչ միայն։ «Եթե ավելի մեծ փորձասենյակ ու տարածք է պետք, կարող են նաեւ մյուս թատրոններին դիմել, հենց մեզ մոտ այս երկու օրը կգան ու փորձեր կսկսեն՝ իրենց խաղացանկային ներկայացումներից մեկը վերականգնելու, վերաբեմադրելու փորձերն են անելու։ Այս առումով թատրոնները շատ պատրաստակամ են եւ իրենց պարտքն են համարում՝ ինչով կարողանան, օգնել,- ասում է Հ. Ղազանչյանն ու նկատում, որ 2019-ին հրատարակվեց գիրք՝ Ստեփանակերտի թատրոնի պատմության մասին, որի ողջ տպաքանակը, ցավոք սրտի, մնաց Արցախում, բայց, բարեբախտաբար, էլեկտրոնային տարբերակը կա, եւ Թատերական գործիչների միությունն ամեն ինչ անելու է, որպեսզի վերահրատարակի այդ գիրքը։- Փորձում ենք անել այնպես, որ մարտի 27-ին դա նվեր անենք թատրոնին։ Հաջորդ տարում Ստեփանակերտի թատրոնը մեր ուշադրության կենտրոնում է լինելու եւ դառնալու է մեզ համար ստրատեգիական նշանակության կարեւոր հարց»։
Թատրոնի կարգավիճակի հարցով պետական օղակների հետ հանդիպումներ են եղել, որին մասնակցել են նաեւ թատրոնից ներկայացուցիչներ, տեղյա՞կ է, թե պետությունն ինչպես է պատրաստվում լուծել թատրոնի կարգավիճակի հարցը։ «Այս պահին պահպանել-չպահպանելու խնդիր չի քննարկվում, ես այդ հանդիպումներին չեմ եղել, մանրամասներ չգիտեմ, բայց, համենայնդեպս, ԿԳՄՍ փոխնախարարի հետ հանդիպումից գոհ էին, կարծում եմ՝ ինչ-որ ծրագրեր, աջակցություններ կլինեն։ Կարեւորը քայլ անելն է եւ այս պահին ինչ-որ կարգավիճակ, թեկուզ՝ ոչ պետական, բայց մի կարգավիճակ տալ թատրոնին։ Այդ ուղղությամբ էլ ենք աշխատում, գուցե դա լինի ոչ պետական կարգավիճակ, գուցե լինի միությանը կից, բայց կարեւորը՝ լինի, որպեսզի թատրոնն իրավաբանական անձի կարգավիճակ ստանա եւ կարողանա ֆինանսատնտեսական գործունեություն ծավալել, այսպես օդի մեջ ոչինչ անել չի կարող»։
ՀԹԳՄ նախագահը կարծում է, որ հետագայում Ստեփանակերտի թատրոնի աշխատանքներում կներգրավվեն նաեւ հայաստանաբնակ բեմադրիչները, թատերական գործիչները․ «Մի խոսքով, այն, ինչ մեզնից է կախված, մենք անելու ենք։ Իհարկե, շատ բան կախված է նաեւ իրենցից, ես հասկանում եմ, որ հոգեբանական ծանր վիճակում են բոլորը, բայց պետք է նաեւ իրենք իրենց մեջ ուժ գտնեն, որովհետեւ միայն մեր ուզելով չի լինի։ Ամեն դեպքում, երեկվա իմ տպավորությունն այնպիսին էր, որ կա այդ ցանկությունը»։