Հարցազրույց

Գլխացավանք Ռուսաստանի համար և նորից նշաձողի իջեցում ՀՀ-ի համար

Գլխացավանք Ռուսաստանի համար և նորից նշաձողի իջեցում ՀՀ-ի համար

Ալիևի հետ հանդիպելուց հետո Մերցը հեռախոսազրույց ունեցավ Փաշինյանի հետ:

Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Կոռնելիուսը փոխանցել էր Մերցի խոսքերը. «Գերմանիայի կանցլերը կոչ է արել շարունակել քայլերը խաղաղության հաստատման ուղղությամբ, և շեշտել դրանց կարևորությունը տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ»:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը «Հրապարակի» հետ զրույցում նկատեց, որ կոնկրետ զանգի բովանդակության մասին քիչ բան է հայտնի, միայն կարճ հաղորդագրության բովանդակությունն է հայտնի:

«Որպես կանոն մի տրամաբանություն կա հատկապես վերջին երկու-երեք տարում և ես վստահ եմ, որ հենց այդ տրամաբանությունն է գործել: 2021 թվականից սկսած, Եվրամիությունը պարբերաբար Հայաստանին հարկադրել են իջեցնել նշաձողը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում և այդ ձևով երաշխավորել անվտանգությունը: Առաջին անգամ այդ մասին խորհրդարանում բացահայտ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի ապրիլին, որ գործընկերները իրեն առաջարկում են իջեցնել նշաձողը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, անվտանգության երաշխիքներ էին խոստանում, և այլն, և այլն: Դրա տրամաբանական վերջաբանը եղավ Պրահայի քառակողմ փաստաթուղթը, որը Արցախի գերեզմանափորը դարձավ: Այն ժամանակ Եվրամիության անունից քավորությունը ստանձնել էին այդ կառույցի նախագահ Շառլ Միշելը և Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը՝ դա 2022 թվականին էր»,- հիշեցնում է Սուրենյանցը:

Հետո եվրոպական առաջնորդները Հայաստանին համոզեցին ևս մեկ անգամ իջեցնել նշաձող, այս անգամ 2024 թվականի գարնանը, երբ դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ միակողմանի զիջումներ հայկական կողմն արեց՝ Տավուշի սահմանահատվածում: Հիմա, քանի որ գերմանա-ադրբեջանական հարաբերությունների մակարդակը բարձրացել է, Բեռլինում ստորագրվել է երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգը, այսինքն ինստիտուցիոնալ նոր մակարդակի վրա են Գերմանիայի և Ադրբեջանի հարաբերությունները բարձրացել, ըստ ամենայնի, հայկական կողմին ևս մեկ անգամ հորդորում են իջեցնել նշաձող՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում:

«Հայտնի է, որ հիմա կա սահմանադրությունը փոխելու պահանջը, անկլավների հարցը և այլն, և այլն»,- շեշտում է Սուրենյանցը:

Իսկ Հայաստանում քաղաքական բռնաճնշումները չնկատելու տվող եվրոպացի պաշտոնյաները դա անում են, որպեսզի նշաձողի իջեցման պրոցեսն ավելի հա՞րթ լինի իրենց համար, քաղաքագետն ասաց՝ միանշանակ, այո՛:

«Աշխարհաքաղաքական շահերն են, այս իշխանության գործունեության հետ կապված նրանք ամեն ինչ էլ գիտեն, ուղղակի չնկատելու են տալիս: Իրականում Հայաստանից կամ Նիկոլ Փաշինյանից ակնկալում են երկու բան՝ սպասարկել խաղաղության այն մոդելը, որն ընկած է հայ-ադրբեջանական հարաբերությունների հիմքում, և երկրորդը, գլխացավանք ստեղծել Ռուսաստանի համար, ինչը հաջող ստացվում է և Հայաստանի հասարակությունը քաղում է դրա հետևանքները»,-եզրափակեց Սուրեն Սուրենյանցը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image