Չորս օր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանի եղբորը` Ավշարի նախկին գյուղապետ Սուրիկ Գրիգորյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։
Հակակոռուպցիոն կոմիտեին այսօր հարց ուղղեցինք՝ ինչ խափանման միջոց է ընտրվել Ս․Գրիգորյանի նկատմամբ։ «Հրապարակին» հայտնեցին, որ նախկին պաշտոնյայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել` բնակավայրից բացակայելու արգելքը։
Նշենք՝ ապրիլին Հակակոռուպցիոն դատարանը վարույթ էր ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որով բռնագանձման պահանջ էին ներկայացրել Սուրիկ Գրիգորյանից եւ նրան փոխկապակցված անձանցից։
«Հրապարակ»-ի հետ կարճ զրույցում Սուրիկ Գրիգորյանը, օրեր առաջ անդրադառնալով հայցադիմումին, ասել էր․ «Ոչ ճիշտ որոշում են կայացրել։ Օրը կգա՝ կասեմ։ Կարան շատ բան ասեն, հո իրենց ասածով չի՞»։ Հաշտության կգնա՞ք դատախազության հետ` զիջելով գույքի մի մասը, հարցրել էինք նրան։ Նախկին համայնքապետն արձագանքել էր․ «Ես հաշտության չեմ գնացել, չեմ գնալու: Ի՞նչ հաշտություն, երբ ես մաքուր աշխատող եմ եղել՝ իմ ժամանակում։ Իրենց ախորժակով որ նայես, կուզեն սաղ փակեն, հետո՞, նորմալ մարդու վրա էլ դատախազությունը խաղեր է տալիս։ Ռեպրեսիաներով, շանտաժներով ինչ-որ բաներ ձեռք բերելը չի նշանակում, որ դա հաջողություն է իրենց համար։ Ես գումար չունեմ, որ տամ իրենց, իմ ունեցվածքն օրինական ձեռք բերված, օրենքի բոլոր պահանջներին համապատասխան գույք է: Օրը կգա, մենք մեր ձեւով հանդես կգանք»։