«Հրապարակ»-ը գրել էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին տուգանել է 200 հազար դրամով՝ 2024 թ. հայտարարագրում ամուսնու եւ երեխաների տվյալները չլրացնելու համար։ Փոստանջյանը համաձայն չէ որոշման հետ եւ դիմել է դատարան՝ այն անվավեր ճանաչելու պահանջով։ «Ես կարծում եմ՝ այս նույն նախաձեռնությունն է, նույն կենտրոնից, որն իմ նկատմամբ նախաձեռնել էր այն քրեական վարույթը, որի շրջանակում ես բողոքարկում եմ 500 հազար տուգանքը․․․ Նիկոլն ինձնից էլի գումար է պահանջում։ Նույն կենտրոնից է գալիս այդ պատվերը»,-ասել էր Փոստանջյանը։
Մենք զրուցեցինք ընդդիմադիր քաղաքական գործչի հետ։ «Նախ, անանուն աղբյուրից հղում կատարելով ինչ-որ մի կայքի, որը լրատվամիջոց չի էլ, իրենք իբր այդ կայքից ստացել են տեղեկություն, որ Զարուհի Փոստանջյանն ունի եկամուտներ, թեեւ եկամուտներ չունի, բա ո՞նց է ապրել, դա տեղի է ունեցել 2024 թ. սեպտեմբերին։ Իրենք տեսել են այդ հայտարարությունը եւ որոշել են 2025-ի հունվար ամսին ինձ դիմել, որ իբր ես ունեմ հայտարարագրում անճշտություն, այնտեղ ներառված չեն երեխաներիս ու ամուսնուս անունները։ Ես իրենց գրել եմ, որ այդ ներառումը կամ չներառումն իմ մեղքով չէ, ես ամեն ինչ ներառել եմ։ Քանի որ այդ էլեկտրոնային հարթակը դուք եք վերահսկում, ոչ թե ես, ով է դա գրել-չգրել՝ ես չեմ կարող ասել, ով է հանել կամ չի հանել․․․ Իմ ընտանիքի անդամներն են երեխաներս եւ ամուսինս, որոնց տվյալները ներկայացրել եմ, դրանք հանրահայտ փաստեր են։ Ներկայացրել եմ, որից հետո ինչ-որ ժամանակ ձեն-ձունները չկար, մեկ էլ ասեցին, որ վարույթ են նախաձեռնել, եւ պետք է գնամ վարույթին։ Հետո իրենք հետաձգեցին այդ վարույթի օրը եւ նշանակեցին մայիսի 26-ին, 31-ին ես ստացա որոշում, քանի որ լրացված չի եղել, գտել են ինչ-որ տեղեկություններ, հետո պարզել են, որ իմ ընտանիքի անդամներից միայն երկու երեխաներս են ինձ հետ ապրում, ու ինչ-որ տվյալ են մտցրել, որ 2013-ին ես ամուսնացել եմ Սուրեն Դրամփյանի հետ, 2017-ին ամուսնալուծվել եմ... Ասեցի՝ ես չգիտեմ, թե այդ տվյալն ով է լրացրել։ Ամբողջ խնդիրը նրանում է, որ ես իբրեւ թե չեմ լրացրել իմ ընտանիքի անդամներին, բայց ես լրացրել եմ»։
Զարուհի Փոստանջյանը նշեց, որ իր ավագ երեխաներից երկուսն իր հետ չեն ապրում` չեն հանդիսանում իր ընտանիքի անդամ․ «Իրենք համոզվեցին, որ միակ չլրացված տվյալն ամուսնուս վերաբերյալ է՝ Սուրեն Դրամփյանի, եւ երկու երեխաներիս, պահանջում էին իրենց հեռախոսահամարները եւ էլեկտրոնային հասցեները: Իրենց պահանջն էր, որ անչափահաս երեխան էլ պետք է լրացնի… բողոք գրեցի, որ անչափահաս երեխայի վերաբերյալ, եթե ինչ-որ բան պետք է լրացվի, դա ծնողը պետք է անի, ոչ թե անչափահաս երեխան, դրա վերաբերյալ համոզվեցին։ Նոր հայտարարագիր եմ լրացրել, որը տեւել է մի քանի օր։ Իրենք այդ խոտան համակարգով առաջնորդվում են։ Իմ եկամտի հետ կապված խնդիր չեն տեսել, բայց խնդիր են տեսել ընտանիքիս անդամների անունները չլրացնելու վերաբերյալ։ Համաձայնեցին, որ անչափահաս երեխան չպետք է լրացնի հայտարարագիր, պետք է լրացնեն ուսանող երեխաս եւ ամուսինս: Այդ պահանջն են իմ առաջ դրել եւ դրա համար ինձ տուգանել են, որ 2 հոգի՝ ամուսինս եւ ուսանող երեխաս, հայտարարագիր չեն լրացրել»։
Ըստ Փոստանջյանի՝ իր նկատմամբ ակնհայտ խտրական մոտեցում է եղել, եւ տուգանքի որոշումը քաղաքական է։