Մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի հայտագրումը, որը բաց կլինի մինչեւ սեպտեմբերի 30-ը։ Գործընթացն այս տարի էլ կկազմակերպվի էլեկտրոնային ձեւաչափով։ Ներկայում կահավորվում են քննական կենտրոնները, որոնք կհագեցվեն համակարգիչներով, տեսախցիկներով եւ անհրաժեշտ տեխնիկական միջոցներով: Բացառություն են կազմում ազգային փոքրամասնությունների ուսուցողական առարկաները, որոնցից ատեստավորումները կանցկացվեն թղթային ձեւաչափով՝ հաշվի առնելով մասնակիցների փոքր թիվը (մինչեւ 5-6 հոգի՝ յուրաքանչյուր առարկայից)։ Այս տարի առաջին անգամ կիրականացվի նաեւ հոգեբանների կամավոր ատեստավորում: Կամավոր ատեստավորման քննությունները տեղի կունենան նոյեմբերին։ Ժամանակացույցը կհրապարակվի առաջիկա օրերին։
Անկախ այն հանգամանքից, թե որքանով է կամավոր ատեստավորումն արդյունավետ կամ ոչ, կրթության փորձագետ Վանո Կարապետյանի գնահատմամբ, այն վերջին տարիներին որոշակի հնարավորություններ է ստեղծել ուսուցիչների համար` ատեստավորման միջոցով հավելավճար ստանալու ու աշխատավարձերի բարձրացում ունենալու. «Սա դրական կողմն է, որ մոտիվացնում է, բայց կան նաեւ բացասական կողմեր, օրինակ՝ այն, որ դեռ շտեմարաններ չկան, ու ուսուցիչները չգիտեն` կլինե՞ն դրանք, թե՞ ոչ: Ուղեցույցները դեռ բավարար չեն»:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ հրապարակվեցին կամավոր ատեստավորման թեստերի լրամշակված ուղեցույցները, որոնց հետ կապված՝ դասվարները սոցիալական տարբեր հարթակներում, նախարարության էջում շարադրել էին իրենց մտահոգություններն ու դժգոհությունները։
«Ես պատմության մասնագետ եմ, խոսեմ «Պատմություն» առարկայից, որի ուղեցույցի մեջ տրված է միայն գրականության ցանկ, ընդ որում՝ ներառված են 2014, 2016, 2018 եւ 2020-ից հետո տպագրված գրքեր, որոնցից շատերը վաղուց շրջանառությունից դուրս են մղվել, բայց հարցերը դրվում են նաեւ այդ դասագրքերից: Ավելին` այդ դասագրքերը հին չափորոշչի համաձայն են գրվել եւ նոր չափորոշչի հետ որեւէ կապ չունեն: Այսինքն՝ ուսուցիչը վերջին տասը տարիներին տպագրված բոլոր դասագրքերը պետք է կարդա, ուսումնասիրի` չիմանալով, թե այդ գրքերից ինչ հարցեր են լինելու իր թեստում»:
Ըստ փորձագետի, մի բան ակնհայտ է, որ կամավոր ատեստավորումը բարձր հանձնում են հիմնականում այն մանկավարժները, որոնք աշխատում են որպես կրկնուսույց. «Այդ մարդիկ անընդհատ աշակերտների հետ են պարապում եւ այդ առումով մշտապես լավ մարզավիճակում են, դրա համար էլ կարողանում են հեշտությամբ հանձնել»:
Զրուցակիցս նկատում է` կան թեմաներ, որոշակի պատմական իրադարձություններ, որ մի դասագրքում ներառել են, մյուսներում` ոչ։ «Այդ դասագրքերի մեջ կան պատմական տարբեր իրադարձություններ, երեւույթներ, ըստ այդմ՝ նաեւ թվականների միջեւ տարբերություններ կան: Օրինակ, կարող է 2016-ին հրատարակված դասագրքում 17-րդ դարի որեւէ իրադարձություն հին տոմարով գրված լինի, իսկ նորում` նոր տոմարով, կամ՝ որեւէ արքայի կառավարման ժամանակաշրջանն այս դասագրքում կա, իսկ մյուսում չկա, բայց ուսուցիչը բոլորն էլ պիտի ուսումնասիրի, որ հետո անակնկալի չգա: Այսպիսի խառնաշփոթ»,- նշում է Վ. Կարապետյանը:
«Մարդը պետք է իմանա՝ ինչ է սովորում, եւ գնա քննություն հանձնի, այդպես է ամեն տեղ` դպրոցներում, համալսարաններում, մարդը սովորում է որոշակի նյութ եւ գնում քննություն է հանձնում այդ նյութի վերաբերյալ, հիմա ուսուցիչներին ասում են` գնացեք ատեստավորվեք, բայց թե ինչ է լինելու այդ ատեստավորման մեջ, ինչ հարցեր են լինելու` ուսուցիչը չգիտի: Իսկ շտեմարանը գալիս է այդ հարցի պատասխանը տալու, կան որոշակի քանակի հարցատոմսեր, որոնք ուսուցիչը կսովորի եւ կանցնի ատեստավորումը, քանի որ դրանից դուրս այլ հարց չի լինելու: Օրինակ, հայոց լեզվի ուսուցիչներն անցած տարի բողոքում էին, որ թեստերում դասագրքերից դուրս` ակադեմիական ուղղվածության հարցեր են եղել: Նույնը՝ պատմության, քիմիայի եւ մյուս առարկաների դեպքում, դրա համար էլ հետո խնդիրներ են առաջանում»,- եզրափակում է փորձագետը: