Կառավարության հերթական նիստում թոշակների բարձրացման մասին խոսելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական «գոհարները» արտաբերեց: Խառնիփնթոր են մեր վարչապետի... անգամ դժվար է ասել՝ մտքերը: «Ես ինձ համար արձանագրեցի, որ եթե մենք վերցնենք և 20 հազար դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի և տունը տաքացնելու վրա ծախսելու է ոչ թե 27 հազար դրամ, այլ՝ 35 հազար դրամ, բայց տունը միևնույնն է` չի տաքանալու, որովհետև այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ, սկսած պատուհաններից, դռներից և վերջացրած պատերով և այդպես շարունակ»։
Ահա ինչու՝ որ թոշակը բարձրացնեն էլ, միեւնույնն է` խնդիրները չեն պակասելու: Ու «հիմնավորեց»՝շատ ծախսելուց հետո տունը չի տաքանում, քանի որ «տունը տաքացնելու համար մեծ հաշվով պետք է ծախսեն ավելի քիչ՝ 18 հազար դրամ և ներդրումներ անեն, որպեսզի բնակարանը էներգետիկ առումով ամբողջությամբ վերափոխվի»։ Հետո շրխկացրեց՝ մի թոշակառուի օրինակով պարզել է, որ տան պատուհանները վատն են եղել, պետք է էներգախնայողության վրա ներդրումներ անել: Ամենավերջում «մեխեց». «Սա է էներգետիկ վերափոխման իմաստը, որը շատ բարդ թեմա է, այն լուծելու համար շատ լուջ վերլուծական և ինտելեկտուալ ներուժ է անհրաժեշտ»։
Այսինքն, թոշակառուն ինքն է մեղավոր, որ սառչում է: Հայաստանի վարչապետը բացահայտեց մի մեծ գաղտնիք․ պարզվում է՝ մեր թոշակառուները աղքատ չեն, պարզապես սխալ են տաքանում, սխալ են ծախսում իրենց գումարները` 27 հազար են ծախսում, պետք է 18 հազար ծախսեն։ Իսկ որ տանը ցուրտ է՝ դա արդեն պատուհանների, դռների, պատերի, առաստաղի, հատակի, քամու ուղղության, արեգակի «տրամադրվածության» և հավանաբար նաև թոշակառուի սխալ մտածողության մեղքով է։ Ըստ այս փայլուն տրամաբանության՝ պետության խնդիրն այստեղ ընդհանրապես չկա։ Թոշակը ցածր չէ, պարզապես թոշակառուն պետք է «էներգետիկորեն վերափոխվի»։ Ինչպե՞ս։ Գուցե վաճառի՞ իր վերջին պահարանը, հնացած հեռուստացույցը, նեղ օրվա համար նախատեսած հոգապահուստը հանի վաճառքի, ներդրում անի` եւրոպատուհաններ դնի, տունը վերակառուցի և վերջապես հասկանա, որ աղքատությունը... իր գլխում է։
Այս խոսքում ամեն ինչ կա՝ բացի իրականության զգացողությունից։ Թոշակառուն, որը 30-40 հազար դրամ թոշակ է ստանում, ըստ վարչապետի, պետք է ոչ թե այդ գումարով ապրի, այլ երկարաժամկետ էներգախնայողական ռազմավարություն մշակի։ Նա պետք է լինի և՛ շինարար, և՛ էներգետիկ աուդիտոր, և՛ ներդրող։ Իսկ եթե տունը խորհրդային շենք է, պատերը ճաքած են, պատուհանները՝ 40-50 տարվա, դռները՝ քամուց երգող, ապա դա արդեն նրա անձնական ձախողումն է։ Իմաստնագույն վարչապետն արդյո՞ք գիտի (գիտենա էլ` ինքն ի՞նչ մեղք ունի), որ մի դուռ ու պատուհանի գինը խեղճ թոշակառուի 7-8 ամսվա թոշակի չափ է:
Պետությունը, որն այստեղ հանդես է գալիս որպես դիտորդ, սոցիալական քաղաքականություն չի իրականացնում, սոցիալական պատասխանատվությունից փախչում է՝ կեղծ տնտեսական հաշվարկներով, անհեթեթ մանիպուլյացիաներով հրաժարվում է իր պարտականությունը կատարելուց։ Ընդամենը խորհրդատվություն է տալիս, մարդկանց պատմում, թե ինչ պետք է անի, որ իր կյանքը բարելավի: Այսպես տատիկ-պապիկներն իրենց թոռներին հեքիաթներ են պատմում`քնեցնելու նպատակով: Ամենազավեշտալին այն է, որ այս ամենը ներկայացվում է որպես խելացի կառավարում։ Իբր պետությունը մտածում է, հաշվարկում է, իսկ ժողովուրդը՝ պարզունակ է` չի հասկանում էներգախնայողության գաղտնիքները։ Թոշակառուն մրսում է ոչ թե որովհետև փող չունի, այլ որովհետև դեռ չի կարդացել կառավարության (որը վարչապետն է) իմաստուն «գրքույկը»՝ «Ինչպես չմրսել առանց փողի» վերնագրով։
Եթե վաղը նույն տրամաբանությամբ ասեն, որ հիվանդները շատ դեղ են խմում` պետք է ավելի քիչ խմեն, այլ թանկ սնունդ ընդունեն, առողջարաններ մեկնեն, մաքուր օդ շնչեն, թանկ բժշկական ծառայություններից օգտվեն, որ երկար ապրեն, կամ` գործազուրկներին բացատրեն, որ պետք է ներդրումներ անել, բիզնես դնել, եկամտաբեր ընկերություններ ստեղծել, որ լավ վաստակեն... Կոզմա Պրուտկովն ասում էր` ուզում ես լինել երջանիկ` ուրեմն եղիր: Նիկոլ Փաշինյանի խորհուրդներն այս ոճի մեջ են:
Սակայն իրականությունը համառ բան է։ Տունը չի տաքանում ոչ թե այն պատճառով, որ թոշակառուն վատ է հաշվարկել, կամ չի հասկանում, որ նոր պատուհաններով տանն ավելի տաք կլինի, այլ որովհետև մենք թռնող-քցող պետություն ունենք, որը տիրություն չի անում իր կենսաթոշակառուներին, չի ապահովում նվազագույն կենսամակարդակ եւ սոցիալական արդարություն։ Եվ որքան էլ սա փորձեն թաքցնել ոչինչ չասող-աննպատակ բառերի տակ, բան չի փոխվի:
Թոշակառուն չի էլ խնդրում, որ իր մասին հոգ տանեն, միայն խնդրում է, որ «վարչապետի դեմքով» իր պետությունն իրեն չծաղրի, տխմար մտքերով իր հոգին չպղտորի։
Գագիկ Անտոնյան