Քաղաքականություն

«Հրապարակ». Հակակոռուպցիոնը գործ է քննում, Փաշինյանն իր աշխատակազմում գործի է ընդունում

«Հրապարակ». Հակակոռուպցիոնը գործ է քննում, Փաշինյանն իր աշխատակազմում գործի է ընդունում

«Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի նախկին տնօրեն Հովհաննես Մանուկյանը մի քանի աշխատատեղ է փոխել: Նա ԵԱՍՄ տնօրենի պաշտոնում աշխատել է 2022-2023 թվականներին, իսկ 2023 թ. մարտին նշանակվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար, որտեղից էլ ազատվել է մեկ տարի անց` սեփական դիմումի համաձայն։ Իսկ այս տարվա փետրվարից նշանակվել է վարչապետի աշխատակազմի ավտոպարկի տնօրեն։

Քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Աննա Գեւորգյանը գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցել էր «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ, ըստ որի՝ կառույցի պահեստում ապրանքներ են ելքագրվել` առանց համապատասխան փաստաթղթավորման, ոչ պիտանի մեքենաներն օգտագործել են որպես պահեստամաս, մեքենաները` վերանորոգելու փոխարեն, վերածվել են մետաղի ջարդոնի, հազարավոր աղբամաններ չեն փաստաթղթավորվել եւ այլն։ Խոսքը վերաբերում է շուրջ 978 միլիոն դրամի չարաշահման մասին, որի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ։ Այս չարաշահումները տեղի են ունեցել Հովհաննես Մանուկյանի պաշտոնավարման ժամանակահատվածում։

Հովհաննես Մանուկյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց վարչապետի ավտոպարկի տնօրեն նշանակվելու մասին տեղեկությունը, ասաց՝ փետրվարին է անցել այդ աշխատանքին` առանց մրցույթի։ Հարցին՝ արդյո՞ք ինքը հարցաքննվել է իր պաշտոնավարման ժամանակահատվածում կատարված ենթադրյալ չարաշահումների հետ կապված քրեական վարույթի շրջանակում, ասաց՝ ոչ։

«Չեմ հարցաքննվել։ Իմ պաշտոնավարման ընթացքում տեղի չի ունեցել չարաշահում։ Ինչ-որ 2 հազար 500 հատ աղբամանների մասին էին խոսում, որոնք ձեռք են բերվել 2018-2019-ին, թե անհատույց օգտագործմամբ տրվել է ԵԱՍՄ հիմնարկին։ Նույն հրամանի մեջ գրված է՝ գույքագրել եւ խոտանել։ Բոլորս տեսնում էինք, որ կոտրված եւ այրված աղբամաններ կային։ Դրանք պահեստավորվեցին տրոլեյբուսի պարկում»,- ասաց նա՝ շեշտելով, որ իր պաշտոնավարման շրջանում որեւէ չարաշահում տեղի չի ունեցել։

Մինչդեռ Հակակոռուպցիոն կոմիտեում 978 միլիոն դրամի չարաշահման վերաբերյալ քրեական հետապնդումը հարուցվել է 2024թ․ մայիսի 28-ին։ Մանուկյանը վարչապետի աշխատակազմում աշխատանքի է ընդունվել 2025թ․ փետրվարին։ Մի կարճ ժամանակահատված աշխատել է որպես «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար, հետո, սեփական դիմումի համաձայն, դուրս է եկել աշխատանքից։ Այսինքն՝ չնայած հարուցված քրեական գործ է եղել, սակայն Մանուկյանն այս ընթացքում ոչ թե պետական ապարատից հեռացվել է, այլ նոր` ավելի բարձր պաշտոններ է ստացել։ Նորմալ իրավական երկրում ենթադրյալ կոռուպցիայի հետ կապ ունեցող անձին առնվազն մեղադրանք կառաջադրեին, սակայն Հայաստանում մեղադրանք առաջադրելու փոխարեն նշանակում են վարչապետի ավտոպարկի տնօրեն` առանց մրցույթի, ըստ ամենայնի` ծանոթով։

Ստացվում է այնպես, որ աշխատանքը ձախողած կամ կոռուպցիայի մեջ կասկածվող պաշտոնյաները կարճ ժամանակով ազատվում են պաշտոնից, հետո գնում են Փաշինյանի աշխատակազմ։ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին անորակ ցնցուղի համար հեռացրին աշխատանքից, կարճ ժամանակ անց նա նշանակվեց վարչապետի խորհրդական։ Նման բազմաթիվ օրինակներ կան: Իրավական երկրում եթե քրեական վարույթ է հարուցված լինում, ապա գործադիր իշխանությունը որեւէ կերպ չի խառնվում այդ գործընթացին, ոչ էլ մեկ այլ պետական բարձր պաշտոնի է նշանակում, ընդ որում` առանց մրցույթի։ Վարչապետ Փաշինյանը, որն իբր պայքարում է կոռուպցիայի դեմ, փաստացի իր հովանու տակ է վերցնում կոռուպցիայի եւ չարաշահումների մեջ մեղադրվող անձի, որի անմեղությունն իրավապահները չեն հաստատել, որի պաշտոնավարման հետ կապված կասկածները չեն փարատվել։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image