Թեպետ Հայաստանում աուտիկ երեխաների համար ստեղծված հատուկ կենտրոններ չկան, մասնագետներ, այնուամենայնիվ, կան եւ փորձում են ուղղորդել նրանց: Աուտիկ երեխաների խնամքը տարբերվում է, քանի որ յուրաքանչյուր երեխա պետք է ստանա միայն իրեն հատուկ բուժում և խնամք: Աուտիզմը հիվանդություն չէ, սինդրոմ է, և չի ճանաչում ո՛չ ռասա, ո՛չ ընտանիքի կարգավիճակ, ո՛չ սոցիալական վիճակ, քանի որ այն ունի իր հստակ դրսևորումները: Մասնագետները վստահեցնում են, որ արտերկրում ծնողներն ավելի զարգացած են, քանի որ ավելի շատ են դիմում մասնագետների օգնությանը, ավելի իրազեկված են: Նրանց դրսում ավելի մեծ խնամք է հատկացվում, կան դպրոցներ, մանկապարտեզներ, իսկ այստեղ աուտիկ երեխաները կարծես անտեսված են:
Թերևս, դա է ստիպել Շիրակի մարզի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կանանց խորհրդի նախագահ Հասմիկ Վիրաբյանին քաղաքականությունից դուրս մեկ այլ նախաձեռնությամբ հանդես գալ: Նա որոշել է գործարարներին համախմբել շուրջը եւ Գյումրիում հիմնադրել աուտիկ կենտրոն:
«Մեր իրականացրած բազմաթիվ ծրագրերի շրջանակում, որոնք պարոն Ծառուկյանի նախաձեռնությամբ էին, ես առիթ ունեցա աշխատել երեխաների հետ, մենք ամառային ճամբարներ եւ այլ ծրագրեր իրականացրեցինք եւ հանկարծ ես առիթ ունեցա բախվելու մի խնդրի հետ՝ հասկացա, որ աուտիզմ ունեցող մեր երեխաների համար կարծես թե ոչ բոլոր պայմաններն են բավարար: Շիրակի մարզում, որն ամենից խոցելին է սոցիալապես, գիտեք՝ ինչքան մայրեր էին ինձ պարբերաբար դիմում, եւ հետաքրքրական է, որ խնդրում էին օգնել՝ իրենց երեխաներին հասցնել Երևան՝ ոչ միայն աուտիկ կենտրոններ, այլև աղի սենյակներից օգտվելու, լոգոպետի, հոգեբանի մոտ տանելու նպատակով : Ցավոք, այսօր Գյումրիում նաև համապատասխան մասնագետների պակաս եւ պահանջարկ կա, ու հիմա մեր առջև խնդիր է դրված՝ ծավալել մի լայնածավալ գործունեություն, որը իհարկե, հեշտ չէ, բայց իրագործելի եւ իրատեսական է» ,-hraparak. am-ի հետ զրույցում ասաց Հասմիկ Վիրաբյանը՝ նշելով, որ որոշել է դիմել բոլոր ընկերներին՝գործն ի կատար ածելու : «Գործընկերներիցս՝ պրոդյուսոր Անի Ղուկասյանին մտադրություններս պատմեցի, նա օգնեց ինձ մի շարք հանդիպումներ ունենալ բարերարների հետ: ԱՄՆ-ում եւ ՌԴ-ում բնակվող մեր ընկերները որոշեցին ֆինանսավորել մեզ:Մոսկվայաբնակ մեր գործարար կանանցից Արմինե Գաբոյանն առաջինն էր, որ պատրաստակամություն հայտնեց աջակցել , Լոս Անջելեսում բնակվող, լրատվական կայքի խմբագիր Արթուր Տեր -Ղազարյան է իր օգնությունն առաջարկել, Տաշչյան Արտյոմը՝ ԱՄՆ-ում հայտնի գործարար, ևս որոշել է իր աջակցությունը ցուցաբերել այս ծրագրին, ի զարմանս ինձ՝ բոլորը պատրաստակամ են »,-ասաց նա :
Հասմիկ Վիրաբյանից հետաքրքրվեցինք, նախաձեռնությունը քաղաքականությունից դուրս է, արդյոք մեկը մյուսին չի խանգարելու եւ ինչու այդ ծրագրի համար առաջինը հենց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Գագիկ Ծառուկյանին չի դիմել , ինչն է խնդիրը: «Որևէ խնդիր չկա, եւ համոզված եմ, որ պահին եւ երբ առիթ ունենամ պարոն Ծառուկյանին մտադրություններիս մասին ասել, նրա օգնության ձեռքը չի ուշանա, մանավանդ խոսքը վերաբերվում է երեխաներին: Պարզապես, այս անգամ, որոշել եմ կուսակցական գործունեությունից դուրս , սեփական նախաձեռնությամբ հանդես գալ, եւ գոնե այս անգամ, հանգիստ թողնել պարոն Ծառուկյանին, իսկ հարկ եղած դեպքում, վստահեցնում եմ, նրա օգնությունը չի ուշանա: Ինչ վերաբերում է քաղաքականությանը, մեկը մյուսին չի խանգարում, ես կասեի՝ ավելի մտերմացնում է, քանի որ քաղաքականությամբ զբաղվելը հենց մարդկանց հոգսերով զբաղվելն է, առաջին պլանում նաև հասարակական գործունեություն ծավալելը »,-ասաց Հասմիկ Վիրաբյանը: