Քաղաքականություն

Ով չի ուզում Փաշինյանին փող տալ, հանցագործ է

Ով չի ուզում Փաշինյանին փող տալ, հանցագործ է

Փաշինյանը փորձում է հասարակությանը համոզել, թե իր կառավարությունը`ինքն ու իր նախարարները, պետական բյուջեի միջոցները ոչ թե յուրացնում են, այլ անարդյունավետ են ծախսում: Այլեւս հնարավոր չէ մարդկանց խաբել, որ նրանց հարկերի հաշվին ձեւավորվող պետական բյուջեի միջոցները ծախսվում են ըստ նպատակի` մարդիկ իրենց աչքով են տեսնում, իրենց մաշկի վրա զգում, որ տասնյակ, հարյուր միլիարդավոր դրամները, որոնք իբրեւ թե ծախսվում են հանրային խնդիրներ լուծելու նպատակով, դառնում են ինչ-որ մարդկանց սեփականությունը եւ նստում են նրանց օֆշորային հաշիվներին: Եթե ընդունենք, որ փողն էներգիայի արտահայտման ձեւերից մեկն է, ապա այն ոչնչից չի ստեղծվում եւ չի անհետանում, այն ինչ-որ հաշվից տեղափոխվում է մեկ այլ հաշվի վրա: Միակ ելքը մնացել է այդ մսխումն արդարացնելու համար բոլորին մեղավոր հռչակելը: 

Կառավարության վերջին նիստի ժամանակ Փաշինյանն ասում է. «Իհարկե, պետք է իշխանությունը, կառավարությունը ամեն ինչ անի, որ պետական բյուջեի փողերն արդյունավետ ծախսի: Հա, մենք պետք է ընդունենք, ժողովուրդ ջան, որ չենք կարողանում մեր երազած արդյունավետությամբ պետական բյուջեի փողերը ծախսել, բայց էլի պիտի վերադառնամ, էլի նույնը կրկնեմ: Ասում եմ՝ հյո՞ւր եք հրավիրել, հարսանի՞ք եք անում, ծնո՞ւնդ եք անում, եկեք գնանք, նայենք, թե ինչքան արդյունավետ եք դուք: Ճշգրիտ, ինչքան դուք ձեր ընտանեկան բյուջեն` հարսանիք անելիս, ընկերոջը հյուր հրավիրելիս, ինչքան դուք եք արդյունավետ ծախսում, ճշգրիտ, մի միլիմետր ոչ ավել, ոչ պակաս, այդքան ճշգրիտ կառավարությունն է ծախսում: Հլը գնացեք նայեք՝ ամեն հյուր հրավիրելիս թե ինչքան ուտելիք եք թափում, ինչքան ուտելիք եք փչացնում: Հլը դեպք է լինում, որ չեք ուզում թափեք, ուտում եք, թունավորվում եք»: Հաջորդ քայլը լինելու է այն, որ Փաշինյանը հայտարարի, թե իր փոխարեն ով էլ լիներ վարչապետի պաշտոնում, պետական միջոցները գողանալու էր, այնպես որ, ոչ մի տարբերություն՝ ի՞նքն է գողացողը, թե՞ որեւէ այլ մեկը: Պատկերացնո՞ւմ եք՝ գժությունն ուր է հասել, ինչ ցածրակարգ մակարդակի:

Երբ մարդը հյուր հրավիրելիս մի քիչ ավել ծախս է անում, նա ծախսում է իր անձնական գումարը, երբ կառավարությունն է անարդյունավետ ծախս անում, նա ծախսում է ուրիշի` հանրության գումարները: Եթե Փաշինյանը եւ նրա կառավարության անդամները գիշերը գնային ածուխ կամ ցորեն դատարկեին վագոններից ու վաստակած գումարն անարդյունավետ ծախսեին, ոչ մեկը չէր կարող դրա հետ կապված առարկություն ունենալ, կասեին՝ իրենց աշխատած փողն է, ոնց ուզում են, թող այդպես էլ ծախսեն: Բայց երբ նրանք պայմանական հազար դրամանոց աշխատանքն իրականացնում են 100 հազար դրամով, իսկ մնացած 99 հազարը յուրացնում են, բաժանում իրար մեջ` 90 հազարը՝ Փաշինյանին, իսկ մնացած 9 հազարը՝ ավելի ցածր օղակներին, սա անարդյունավետ ծախս չէ, սա պետական-հանրային միջոցների վատնում է եւ գողություն: Երբ Փաշինյանը պետական բյուջեից 10 միլիոն դոլար է հատկացնում ազգային ավիափոխադրող ստեղծելու համար, որը մի տարի հետո սնանկանում է, 10 միլիոն դոլարն էլ անհետանում է, դա հանցագործություն է, երբ տիեզերք ինչ-որ արբայնակ են ուղարկում, որը ոչ մի տեսանելի արդյունք չի ապահովում, ո՛չ պետության, ո՛չ հասարակության համար, դա հանրային միջոցների գողություն է, երբ հանրային միջոցներից 6 միլիոն դոլար են տալիս Սնուփ Դոգին, նույնիսկ դա անարդյունավետ ծախս չէ, որովհետեւ ոչ մեկն իրականում չգիտի, թե այդ 6 միլիոնից ինչքանը հասավ Սնուփ Դոգին, իսկ որքան` այդ փողը հատկացնողին, այն էլ՝ չկայացած համերգի համար:

Փաշինյանն ասում է, որ երկրում կան ուժեր, որոնք մարդկանց կոչ են անում հարկեր չվճարել. ստացվում է՝ մարդիկ ուզում են իրենց ունեցածը, աշխատածը կամավոր հանձնել Փաշինյանին, բայց դա չեն անում ինչ-որ մութ ուժերի ազդեցության տակ: Հարցրեք յուրաքանչյուր հարկ վճարողի, յուրաքանչյուր քաղաքացու` յուրաքանչյուր մարդ, որն ամեն քայլափոխի հարկ է վճարում, կուզե՞ր, որ իր վճարած հարկն ուղղվեր Սնուփ Դոգի վարձատրությանը, կամ եթե ինքն իմանար, որ իր վճարած հարկը գնալու է «Էյր Արնա» անունով ավիաընկերություն ստեղծելուն, որը սնանկանալու է, հարկ կվճարե՞ր: Այդ 10 միլիոն դոլարը ոչ մի տեղ չի անհետացել, այն հայտնվել է ինչ-որ մարդկանց կամ ինչ-որ մարդու բանկային հաշվին, իսկ թե ում, կարող է պարզել միայն անաչառ քննությունը:

Փաշինյանը գիտի, որ քանի դեռ ինքը մեկ հաղորդագրությամբ կարող է աշխատանքից ազատել Քննչական կոմիտեի, Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարներին եւ, ընդհանրապես` ում ուզենա, ինքն անպատիժ է, օրենքներն իր վրա չեն տարածվում: Այդ դեպքում նրա ինչի՞ն է պետք այդ անիմաստ տափակաբանությունը, որով նա զբաղված է կառավարության նիստի ժամանակ, ի՞նչ իմաստ ունի հանրության առաջ արդարանալ, թե ես պետական բյուջեի միջոցները ոչ թե յուրացնում եմ, այլ ուղղակի անարդյունավետ եմ ծախսում, միեւնույն է` նրան որեւէ մեկը լուրջ չի ընդունում եւ չի հավատում, եւ երկրորդ` եթե անգամ պարզվի, որ հարյուրից հարյուր գողանում է ու թաքցնում օֆշորային բանկային հաշիվներում, ապա դրա համար պատասխանատվության չի ենթարկվելու: Փաշինյանը դա ասում է ոչ թե անցյալի թալանն արդարացնելու, այլ հող է նախապատրաստում ապագա ասպատակությունների համար:
Հայաստանի տնտեսական վիճակը վատ է եւ գնալով վատանալու է: Բյուջեի եկամտային մասն այս տարի թերակատարվել է 150 միլիարդ դրամով, հաջորդ տարի ավելի վատ է լինելու: Իսկ Փաշինյանին սեփական իշխանությունը պահելու համար փող է պետք․ որտեղի՞ց այդ փողը` իհարկե, ՀՀ քաղաքացիներից: Հաջորդ տարվանից հարկային տեռորն ավելի է սաստկանալու, եթե պետք լինի, նոր հարկատեսակներ են մտածելու, նոր տուգանքներ են հորինելու, պետք է այնպես անեն, որ յուրաքանչյուրին ամեն քայլափոխի հարկեն, տուգանեն, ում ձեռքին փող տեսնեն, խլեն: Իսկ ով ուզենա դիմադրել, փորձի փող չտալ, մեղադրեն այն ուժերի հետ կապվածության մեջ, ովքեր միտումնավոր սաբոտաժի կոչեր են անում, ուզում են, որ Փաշինյանը փող չհավաքի, փող չունենա: Ով չի ուզում Փաշինյանին փող տա, հանցագործ է: 

Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը բողոքում է, որ օրական 20-30 նամակ է ստանում, որոնց հեղինակներն ասում են, որ 2018-2019 թվականներին իրեն հավատալով վարկ են վերցրել, բիզնես են դրել, բայց սնանկացել են ու չգիտեն ինչ անել: Եթե նվազագույն 20 թիվը բազմապատկում ենք տարվա օրերի վրա, ստացվում է, որ Փաշինյանին հավատացած ու տակ տված մարդկանց տարեկան թիվը 15 հազարից ավելի է, սա էլ բազմապատկեք հինգ տարիների վրա, կստացվի, որ նրա վարչապետության օրոք ունենք 100 հազարին մոտ նրան հավատացած ու կործանված բիզնեսմեն, ովքեր հուսահատությունից դիմում են վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին: Իսկ նրա պատասխանը հետեւյալն է. «Մեր հանրության մեջ մինչեւ վերջ ընկալված չէ, որ վարկ վերցնելը ռիսկ է ու պատասխանատվություն»: Վարչապետ կոչվածն այդպես էլ չընկալեց, որ իր գործը մարդկանցից փող հավաքել ու անիմաստ խոսելը չէ, իր գործն այդ բիզնեսի համար նպաստավոր պայմաններ ստեղծելն է, ու երբ այդ պայմանները չկան, այլ հակառակը՝ ամեն ինչ արվում է, որ մարդը չհաջողվի, դրա պատասխանատուն ինքն է: Եթե մեկ կամ տասը մարդ է սնանկանում, հնարավոր է, որ դա իր մեղքով է, բայց երբ օրական 20-30, դա արդեն օրինաչափություն է: Վերցրած վարկն արդյունավետ ծախսելու մասին է խոսում մեկը, ում կառավարման ընդամենը 6,5 տարիներին Հայաստանի վարկային բեռը կրկնապատկվել է, իսկ արդյունքն այն է, որ 2025 թվականին Հայաստանն ավելի շատ փող է վերադարձնելու վարկատուներին, քան վարկ է վերցնելու, ու, չնայած դրան, վարկային բեռն ավելանալու է եւս 2-2,5 միլիարդ դոլարով: Բայց Փաշինյանին դրանից ի՞նչ` վարկն ինքն է վերցնում, իսկ իր փոխարեն վճարում է ամբողջ հասարակությունը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image