Վարչապետ Փաշինյանը Ջրային կոմիտեի 25-ամյակի կապակցությամբ՝ փետրվարի 23-ին, մի ներկայանալի կազմով՝ ՀՀ նախագահով, ՍԴ նախագահով, նախարարներով, դիվանագետներով, այցելեց կոմիտե, բոցաշունչ ելույթ ունեցավ ջրի հանդեպ մեր վերաբերմունքի, ջրի արժեքի մասին: «Պետք է փոխենք ջրի նկատմամբ մեր վերաբերմունքը»,- ասաց Փաշինյանը, եւ նրա հետ դժվար է չհամաձայնել, բայց արժե՞ր արդյոք ողջ պետական վերնախավով հավաքվել ու գնալ մի ինչ-որ կոմիտեի գերատեսչական ներքին տոնին, այն նշել հանդիսությամբ, այն դեպքում, երբ շատ ավելի կարեւոր ամսաթվեր ուղղակի անտեսվում են: Օրինակ, բանակի տարեդարձը, Արցախի անկախության տոնը՝ սեպտեմբերի 2-ը, որի կապակցւթյամբ վաղուց արդեն պետական մակարդակով ոչ մի միջոցառում չի կազմակերպվում, ոչ մի ուղերձ վարչապետի կամ նախագահի կողմից չի հնչում: Դեռ դա էլ ոչինչ: Վարչապետը տոնի կապակցությամբ Ջրային կոմիտեի աշխատողներին պարգեւներ ու շնորհակալագրեր է հանձնել:
Ի՞նչ հաջողություններ է արձանագրել Ջրային կոմիտեն, ո՞ր նվաճումների համար է ներկայանալի կազմով նման այցելության արժանացել: Ջրի կորուստները երկրում ահռելի են: Ոռոգման համակարգում դրանք, 2025 թվականի պաշտոնական տվյալներով, 40-50 տոկոս են: Ինչպեսեւ տարիներ առաջ, մինչ դաշտ հասնելը, ջրի կեսը կորչում է: Հայաստանում բազմաթիվ են ջրազուրկ գյուղերը՝ Կոտայքից մինչեւ Լոռի: Գյուղացիները ջրի համար ճամփա են փակում, ինչպեսեւ տարիներ առաջ: Ջրային ռեսուրսները կառավարվում են վատ, ենթակառուցվածքը մաշված է ու ժանգոտված: Փաշինյանն այս ամենը գիտի: «Այստեղ խնդիրը ոչ թե ռեսուրսն է, այլ՝ ռեսուրսը կառավարելու մեր ընդունակությունը»,- ասում է նա ու կրկին իր սիրելի, լենինյան լուծումն առաջարկում՝ կրթություն, կրթություն, կրթություն: Այս բառը Փաշինյանի բառապաշարում կոդավորված իմաստ ունի: ՀՀ քաղաքացին արդեն իմունիտետ է ձեռք բերել Նիկոլի բերանից դուրս պրծնող այս բառի նկատմամբ:
Եթե Նիկոլն ասում է՝ կրթություն, գիրք, դպրոց, նշանակում է՝ քաղաքացու գործերը շատ վատ են լինելու. դպրոցները փակվելու են, դասագրքերը փչացնելու են: Չէ՞ որ ամեն ինչ քանդելու մտադրություն կա: Օրինակ, Փաշինյանն ասաց, չէ՞, որ աղքատության պատճառն «ավերակ» դպրոցներն են: Այդպես էլ եղավ: Ազգային կրթության խորհուրդն ուսումնասիրեց ու բացահայտեց, որ պետք է 231 դպրոց, որոնք սահմանամերձ ու բարձրլեռնային գոտիներում են, փակվեն:
Այնպես որ, եթե Փաշինյանի բերանից դուրս են գալիս «կրթություն», «դպրոց», «գիրք» բառերը, սա նշանակում է՝ լավ չենք ապրելու: Իսկ եթե նա ասում է «ջրային կրթություն», ուրեմն, ջրերի ոլորտում ոչ մի լավ բան չի լինելու, եւ Ջրային կոմիտեի ծննդյան տարեդարձը նշելու հենց հաջորդ օրը «Վեոլիա ջուր»-ը հաղորդեց, որ մայրաքաղաքի մեծ մասում երկար ամիսներ ընդամենը 17 ժամ են ջուր ունենալու: Այսպես կոչված՝ ջրի հովհարային անջատումներ են սկսում` գիշերային ժամերին, մինչդեռ տարիներ շարունակ խոստանում էին հանրապետությունով մեկ 24-ժամյա ջրամատակարարում ապահովել:
«Ճգնաժամը մեր մեջ է, էն գյուղատնտեսությունը, որ կա, մենք ոչ մի լավ բան չենք կարող ունենալ, մենք պետք է հասկանանք, որ կաթիլային ոռոգումն ու ինտենսիվ գյուղատնտեսությունն են լուծումը, էսօրվա մեր գյուղատնտեսությունը վնասաբեր է առողջությանը»,- ասում է Նիկոլը: Մեր իմունիտետը մեզ հուշում է, որ շուտով էն խղճուկ վարունգ-լոլիկ-ծիրան-կարտոֆիլն էլ չեն կարողանալու Հայաստանում աճեցնել ու վաճառել: Կասեն՝ հայկականը վնասաբեր է առողջությանը, եկեք ադրբեջանական ու թուրքական բերք ուտենք: Լսենք Փաշինյանի ճառի շարունակությունը. «Գալիս է՝ խնդիրը հանգում է կրթությանը, ու մենք հասկանում ենք, որ էս ոլորտում գիտելիքի ոչ թե պակաս, այլ՝ ճեղք ունենք», «պաշտոնյան պետք է լինի աշխարհի թոփ 100 համալսարանների շրջանավարտ»: Իսկ մենք արդեն գիտենք, որ սա նիկոլական կոդավորված լեզվով նշանակում է, որ տվյալ պաշտոնյան երբեք լավ չի աշխատի, իսկ եթե լավ աշխատի, դուրս կշպրտվի համակարգից, ինչպես սեպտեմբերին կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվեց Կարեն Սեդրակյանը: Ինչո՞ւ եկավ, ինչո՞ւ գնաց սույն պաշտոնյան՝ այդպես էլ մնաց անհասկանալի: Ընդամենը 5 ոչ լրիվ ամիս ղեկավարեց համակարգն ու ազատվեց առանց որեւէ բացատրության` նիլոլական ձեւով, առանց հանրությանը հաշիվ տալու: Երեւի, որովհետեւ աշխարհի թոփ 100 համալսարանների շրջանավարտ չէր, այլ ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանը: Ջրերի կոմիտեի նոր պետը՝ Արամազդ Ղալամքարյանը եւս թոփ 100 համալսարաններից ոչ մեկը չի ավարտել, նա ընդամենը Երեւանի պետական համալսարանի շրջանավարտ է, ավելի հայտնի է իր քաղաքական վերլուծություններով ու հոդվածներով, ինչպես նաեւ` ժամանակին Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ էր, հետագայում հեռացել է ՀԱԿ-ից։ Նա ոչ մի կապ չունի ջրի հետ, երեւի միակ կապն այն է, որ ջուր է խմել իր կյանքում, բայց խոստանում է, որ առաջիկա տարիներին Սեւանա լճից ջրառը տարեցտարի կկրճատվի, 10 նոր ջրամբարի կառուցում կսկսվի, կավարտվի Կապսի ջրամբարի շինարարությունը, որի ժամկետները վաղուց խախտել են, Եղվարդի ջրամբարը վերջապես նախագիծ կունենա, ջրանցքներ ու խողովակներ կկառուցվեն: Բայց վարչապետը 5 տարին շատ համարեց: «Եթե 25 տարում ոչ մի բան չի փոխվում, 25 տարուց հետո լինելու է ավելի վատ»,- ասաց նա: Ու ՀՀ քաղաքացիները հասկացան՝ երեւի, Ղալամքարյանին Կարեն Սեդրակյանի ճակատագիրն է սպասվում:
Այս ճոխ գերատեսչական տոնակատարության ֆեյսբուքյան նկարների տակ ՀՀ քաղաքացիները, որոնք հականիկոլական իմունիտետ ունեն, իրենց կարծիքներն են գրել: Ահա երկուսը: «Ժողովուրդ ջան, մի շեղվեք հավայի թեմաներով, Հայաստանը տանում են գաղութացման ու կործանման, ով դեռ չի գիտակցում, լսեք, եղեք տեղեկացված»,- գրում է Լիլիթ Գրիգորյանը: Լալա Պողոսյանն էլ «Վեոլիա ջրի» վատ աշխատանքի մասին է հիշատակել. «Ես` որպես Հայաստանի շարքային քաղաքացի, կարծում եմ, որ Հայաստանի ջրային կոմիտեն պատշաճ կերպով չի վերահսկում «Վեոլիա ջուր» ընկերության գործունեությունը ջրային ռեսուրսների նկատմամբ, ինչի արդյունքում այդ ընկերությունը հանցավոր անփութությամբ վատնում է երկրի ջրային ռեսուրսները` այն նվիրելով թուրքերին»։