Այլ

ԱՄՆ նախագահը և ԻՊ վարչապետը խոսել են․ անդրադարձել են նաև Իրանին

ԱՄՆ նախագահը և ԻՊ վարչապետը խոսել են․  անդրադարձել են նաև Իրանին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը և Իսրայել Պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերջապես հեռախոսազրույց են ունեցել։

Հեռախոսազրույցի մասին տեղեկանում ենք փետրվարի 17-ին Սպիտակ տան պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից։

Փետրվարի 16-ին իսրայելական «Ջերուսալեմ Փոստ» թերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Բայդենը փորձում է նվազագույնի հասցնել վարչապետ Նեթանյահուի հետ իր ծրագրած հեռախոսազանգի ազդեցությունը՝ մարտի 23-ին Կնեսետի [Իսրայելի խորհրդարանի] ընտրություններին ընդառաջ նրան օգնելուց խուսափելու համար: «Բայդենի վարչակազմը մտահոգված է առաջիկա ընտրություններին միջամտության տպավորություն ստեղծելու կապակցությամբ, և որ Նեթանյահուն կփորձի հեռախոսազանգը շրջանառել քաղաքական միավորներ ստանալու համար»,- նշել էր թերթը։

Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ նախագահը հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է անսասան հավատարմության իր անձնական պատմությունն ուղղված Իսրայելի անվտանգությանն ու փոխանցել է իր մտադրությունն ուժեղացնել ԱՄՆ-Իսրայել գործընկերության բոլոր հայեցակետերը, ներառյալ՝ ամուր պաշտպանական համագործակցությունը:
 
Ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերի, այդ թվում՝ Իրանի շուրջ շարունակական սերտ խորհրդատվության կարևորությունը: Բայդենը կարևորել է ԱՄՆ աջակցությունն Իսրայելի և արաբական և մահմեդական աշխարհի երկրների միջև վերջին շրջանում հարաբերությունների կարգավորմանը: ԱՄՆ նախագահն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ աշխատելու կարևորությունը, այդ թվում՝ իսրայելցիների և պաղեստինցիների միջև: Նրանք հաստատել են իրենց ընդհանուր հետաքրքրությունը տարածաշրջանի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ շարունակական ռազմավարական համագործակցության մեջ։

«Զրույցը շատ ջերմ և ընկերական էր և տևեց մոտ մեկ ժամ»,- նշվում է Իսրայելի վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Երկու ղեկավարները նկատառում են արել իրենց երկարատև անձնական կապի վերաբերյալ և ասել, որ «միասին կաշխատեն շարունակելու ամրապնդել Իսրայելի և ԱՄՆ-ի միջև կայուն դաշինքը»: 

ԱՄՆ նախագահը և ԻՊ վարչապետը նաև քննարկել են «խաղաղության համաձայնագրերի հետագա առաջխաղացումը, իրանական սպառնալիքը և տարածաշրջանային մարտահրավերները», և պայմանավորվել շարունակելու երկխոսությունը:

«ԱՄՆ նախագահ Բայդենը գովեց վարչապետ Նեթանյահուին կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում իր առաջնորդության կապակցությամբ. երկուսը մտքեր փոխանակեցին համավարակի դեմ պայքարի ուղիների վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրության մեջ:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image