Նոյեմբերի 20-ին էկրան կբարձրանա «Ավիատորը» կինոնկարը, որը ռուս ժամանակակից ամենավառ գրողներից մեկի՝ Եվգենի Վոդոլազկինի վեպի էկրանավորումն է։ Հանդիսատեսն այս կինոնկարին սպասել է ամբողջ 8 տարի։ Նկարահանումները սկսվել են 2018 թվականին, ռեժիսոր Եգոր Միխալկով-Կոնչալովսկին եւ պրոդյուսեր Սերգեյ Կատիշեւը չեն էլ կասկածել, որ նկարահանելու են ոչ միայն պատմություն` ժամանակի մետամորֆոզների մասին, այլեւ խոր փիլիսոփայական մտորումներ կյանքի, մահվան ու սիրո ամենակուլ ուժի մասին։ Վեպում եւ կինոնկարում գործողությունները ծավալվում են ապագայում՝ արդեն 2026 թվականին։ Աշխարհը գտնվում է գիտական հեղափոխության շեմին։ Գաղտնի լաբորատորիայում ուշքի է գալիս մի մարդ, որի մարմինը սառեցվել էր խորհրդային գիտնականների կողմից՝ մոտ հարյուր տարի առաջ։ Անունն է՝ Ինոկենտի Պլատոնով, եւ նա ոչինչ, բացարձակապես ոչինչ չի հիշում իր անցյալի մասին։ Ձգտելով ընտելանալ նոր իրականությանը, նա աստիճանաբար վերականգնում է իր կյանքի պատառիկները եւ իր նկատմամբ կատարված գիտափորձի պատմությունը, որը կարող էր մարդկությանը պարգեւել անմահություն։ Դրանում նրան կարող է օգնել միայն սիրո զգացմունքը, որը նրա սրտում պահպանվել էր՝ անկախ ժամանակից։ Սակայն, երբ սկսվում է հետազոտությունների իրականացումը, մասնագետներն իրենք իրենց հարց են տալիս, թե արդյոք իրենց գիտական բացահայտման գինը չափազանց մեծ չի՞ լինելու։
Վեպի կինոադապտացիան ու սցենարը գրել է հայտնի սցենարիստ Յուրի Արաբովը՝ իր աշակերտ Օլեգ Սիրոտկինի հետ։ Սցենարի ստեղծմանը մասնակցել է նաեւ Եվգենի Վոդոլազկինը՝ վեպի հեղինակը։ Չէ՞ որ միակ մարդը, որը կարող է որակյալ կերպով «քարուքանդ անել» վեպը, որպեսզի հետո նորից բարձրորակ սցենար ստանա, հենց վեպի հեղինակն է։
Ընդ որում, արդյունքում ստացվել է ոչ միայն վեպի կինոտարբերակ, այլեւ՝ նոր խմբագրություն։ Որպես սցենարիստ, հանդես է եկել նաեւ Միրոսլավ Ստանկովիչը։ Գլխավոր հերոսի՝ դոկտոր Գեյգերի կերպարը մարմնավորել է Կոնստանտին Խաբենսկին։ Նկարահանվել են նաեւ Ալեքսանդր Գորբատովը, Եվգենի Ստիչկինը, Դարյա Կուկարսկիխը, Իրինա Պեգովան, Սոֆյա Էրնստը, Իլյա Կորոբկոն եւ Անտոն Շագինը։ Ֆիլմի վերջնական նկարահանումները մեկնարկել են 24 թվականի հունվարին՝ Սանկտ Պետերբուրգում։ Հետո նկարահանումները շարունակվել են Մոսկվայում, Սոլովեցկի կղզում, Սպիտակ ծովում, որտեղ էլ ծավալվում են հիմնական իրադարձությունները։ Թիմը խոստովանել է, որ ամենաբարդ խնդիրը թերեւս եղել է երկու պատմական շրջափուլերի ճշգրիտ վերարտադրումը։