Հայտնի գործարար եւ մեծահարուստ Սամվել Կարապետյանը, որը մեկ ամիս է՝ գտնվում է ԱԱԾ մեկուսարանում, նախօրեին հայտարարել էր նոր քաղաքական ուժի ձեւավորման մեկնարկի մասին։ Դատելով նրա հայտարարությունից՝ այն լինելու է նոր թիմ՝ նոր գաղափարներով եւ պատկերացումներով։ Ու քանի որ քաղաքական հայտը ներկայացված է, փորձենք մի քանի դիտարկում անել՝ շարքային քաղաքացու դիրքերից ներկայացնելով, թե որ դեպքում քաղաքականապես չեզոք շարքային քաղաքացին վստահություն կունենա նոր քաղաքական ուժի առաջնորդի եւ նրա թիմի նկատմամբ։
Առաջին հերթին, կարծում եմ, Սամվել Կարապետյանը ճիշտ է արել, որ իր հայտարարության մեջ ընդգծել է, որ իր քաղաքական ուժը կազմված է լինելու լրիվ նոր թիմից։ Տողերիս հեղինակը, օրինակ, Սամվել Կարապետյանին, որին մեծապես հարգում է որպես հայազգի մեծահարուստ եւ ազգային բարերար, քաղաքական առումով չէր վստահի, եթե նրա թիմում հայտնվեին հայաստանյան քաղաքական դաշտի «մաշված» եւ «կիսամաշ», «բազմակի օգտագործված» եւ «անհուսալիորեն կամ անշրջելիորեն սպառված», «հոգեվարքի մեջ գտնվող» խաղացողներն ու ուժերը, որոնք այնքան են արժեզրկվել, որ իրենց ներկայությամբ արդեն ցանկացած նոր ձեւավորվող շարժում կամ ուժ արժեզրկում են, իսկ վեհ գաղափարներով խանդավառված գործչին դարձնում են «շարքային պոլիտիկան»։ Կարեւոր է, որ այդ՝ «ուրույն ճանապարհի» եւ «սեփական նոր թիմի» սկզբունքները պահպանվեն հնարավորինս։
Երկրորդ հանգամանքը՝ խիստ կարեւոր է, որ Սամվել Կարապետյանը ճիշտ դասեր քաղի Բագրատ սրբազանի Սրբազան պայքարից։ Բագրատ սրբազանի շարժումը հաջողության կհասներ, եւ դրա վկան բազմահազարանոց հանրահավաքն էր Երեւանի կենտրոնական հրապարակում, որը նույնիսկ իշխանություններին երկար մտորելու տեղիք տվեց, եթե նրա կողքին հարթակում եւ այլուր չհայտնվեին քաղաքական այնպիսի դեմքեր եւ ուժեր, որոնք շարքային քաղաքացու մոտ բացի հակակրանքից, չասելու համար՝ արգահատանքից կամ ատելությունից, այլ զգացումներ չեն առաջացնում։ Հատկապես այն քաղաքացիները, ովքեր քաղաքական այս կամ այն հովերով տարված չեն, ինչպես տողերիս հեղինակն է, ակնկալիք ունեն քաղաքական դաշտի մաքրման եւ նոր դեմքերով ու նոր քաղաքական միավորներով համալրման։ Ցանկալի է, որ այդ նոր դեմքերը լինեն մաքուր, որեւէ քաղաքական կամ այլ թեմայի մեջ թաթախված չլինեն, որեւէ ուժի հետ «արիշ-վերիշներ» ունեցած չլինեն, որպեսզի ակամա ասոցացումներ չառաջանան, եւ դրանք բացասական տրամադրություններ չառաջացնեն, որն իր հերթին կպրոյեկտվի ողջ շարժման եւ նույնիսկ՝ հենց անձամբ Սամվել Կարապետյանի վրա։
Մենք՝ պայմանական ասած՝ քաղաքականապես չեզոք քաղաքացիներս, հոգնել ենք հայաստանյան քաղաքական դաշտի բոլոր միավորներից ու խաղացողներից եւ ինչ-որ առումով նորի սպասում ունենք։ Ընդ որում, այդ նորը ոչ թե պետք է լինի պատահական ձեւավորված ուժ, որը պետք է ծառայի պարզապես իշխանության հասնելուն, այլ պետք է իր հիմքում ունենա գաղափարական հենք։ Հիմա, երբ դեռ հաղթահարված չէ Հայաստանում «ինքնության ճգնաժամը», ինչը, կարծում ենք, փայլուն կերպով է ձեւակերպել, սահմանել ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, երբ կա գաղափարական բացարձակ դատարկություն, քանի որ երրորդ հանրապետության գաղափարական հենքերը կործանված են կամ կործանման գործընթացում են՝ գործող իշխանությունների ձեռքով, անհրաժեշտություն կա նոր գաղափարի բյուրեղացման, նոր նպատակների ձեւակերպման, նոր խնդիրների սահմանման։ Եվ դրանք պետք է լինեն այնպիսի նպատակներ ու խնդիրներ, որ դրանց շուրջ հնարավոր լինի հնարավորինս լայն համախմբում։
Ընդ որում, դա պետք է լինի իրատեսական ու պրագմատիկ գաղափար, զերծ լինի բաժակաճառային կամ պաթետիկ որեւէ տրամաբանությունից եւ տրամադրությունից։ Եվ, ի վերջո, Սամվել Կարապետյանը պետք է ցույց տա որեւէ կերպ, որ ունի աշխարհաքաղաքական կենտրոնների կամ դրանցից մեկի «բարեհաճությունը»։ Ես ու ինձ նման հազարավոր մարդիկ այն կարծիքին չենք, որ Հայաստանում ներսից հնարավոր է հասնել իշխանափոխության։ Հաստատ համոզում ունենք, որ դա քաղաքական ուտոպիա է։ Այն, ինչ կատարվում է Հայաստանում, ռեգիոնալ քաղաքական կամ գեոպոլիտիկ փոփոխությունների տեղային պրոյեկցիան է եւ մաս է կազմում այդ «տեկտոնիկայի»։ Հետեւաբար, այսպես ասած, «արտաքին բարեհաճությունը» տողերիս հեղինակի եւ նրա պես մտածող հազարավոր մարդկանց համար կարեւոր հանգամանք է, քանի որ այն նաեւ կայունության, անվտանգության եւ ապահովության համակարգի բաղադրիչ է։