Մի քանի օր է ՝ Գյումրու համայնքապետարանի նախասրահում ստորագրահավաք է իրականացվում։ Այն արվում է Եվրամիությանը միանալու նպատակով, իսկ թե ով է նախաձեռնողը, անհայտ է։ Ստորագրահավաքն իրականացնող կանայք հրաժարվում են մեկնաբանություն տալուց, միայն կարճ պատասխանում են, թե մուտքի մոտ տեղադրված խոշոր պաստառն ամեն ինչ ասում է։ Մինչդեռ պաստառին գրված է ընդամենը, թե մինչև նոյեմբերի 1-ը առնվազն 50 հզր․ ստորագրություն է անհրաժեշտ, որպեսզի Հայաստանը Եվրոպայի միության անդամ դառնա։ Ստորագրահավաքին մասնակցողները պարտադիր իրենց հետ անձնագիր կամ նույնականացման քարտ պետք է ունենան։ Այն իրականացվում է նաև համացանցով։ Նկատենք, սակայն, որ ընթացքը բավականին պասիվ էր, իսկ անձնական գործերի համար համայնքապետարան մտնող քաղաքացիներին Եվրոպային անդամակցելու առաջարկը կարծես թե չէր էլ հետաքրքրում։
Համայնքապետարանի աշխատակիցներից տեղեկացանք, որ ստորագրահավաքն իրականացվում է սեպտեմբերի 16-ից։ Տարածքը տրամադրել են՝ ըստ օրենքի, ինչպես օրինակ, ժամանակին դիմել էր «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը՝ համայնքապետարաններում ստորագրահավաք իրականացնելու նպատակով։ «Նրանց չմերժեցինք, սրանց ինչ հիմքով պիտի մերժենք, ամեն ինչ օրենքի սահմանում է»,-ասաց համայնքապետարանի աշխատակիցը՝ վստահեցնելով, որ ոչ ոք որևէ մեկի չի խանգարում։ Նշենք, որ «Եվրաքվե» նախաձեռնությունն է ստորագրահավաք իրականացնողը։ Այն իրականացվում է Հայաստանի անդամակցության օրինագծի համար։
Hraparak.am-ի հետ զրույցում Գյումրու ավագանու անդամ Նարեկ Միրզոյանն էլ ասաց․
«Համայնքապետարանը օրենքով նախատեսված կարգով, ինչքան ես եմ տեղեկացված, տրամադրել է համապատասխան տարածք ստորագրահավաքի իրականացման համար։ Իրականում ես չեմ հետաքրքրվել, թե ովքեր են հեղինակները, բայց բազմաթիվ քաղաքացիներ մեր խմբակցության հետ զրույցում հայտնել են իրենց կարծիքը։ Քաղաքացիների վերաբերմունքը, իհարկե, ոչ միանշանակ է,շատերը կարծիք են հայտնում, որ ստորագրահավաքը հովանավորվում է իշխանությունների կողմից, կարող է վնասել մեր ազգային շահերին և առաջացնել խնդիրներ մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ հարաբերություններում։Մեր կարծիքը հետևյալն է,մենք պարտավոր ենք իրականացնել բացառապես հայանպաստ գործնեություն,որտեղ գերակա կլինի Հայաստանի շահը, պարտավորված ենք վարել հայամետ քաղաքականություն» ։