Հասարակություն

Ինձնից բացի, բոլորը հանցագործ են. պատասխան 10 միլիոն հայությանը

Ինձնից բացի, բոլորը հանցագործ են. պատասխան 10 միլիոն հայությանը

Փետրվարի 12-ին մի խումբ սփյուռքահայ հայտնի գործարարներ, բժիշկներ, պրոդյուսերներ եւ հանրային գործիչներ բաց նամակով դիմել էին Նիկոլ Փաշինյանին՝ կոչ անելով դադարեցնել Հայ առաքելական եկեղեցու, Ամենայն հայոց հայրապետի եւ հոգեւորականության դեմ կազմակերպված հետապնդումներն ու հալածանքները: Հանդես գալով սփյուռքի եւ 10 միլիոնանոց հայության անունից՝ նրանք զգուշացնում են, որ ռեժիմի գործողությունները վտանգում են կտրել կապը սփյուռքի հետ. «Անհատի, կառավարության կամ որեւէ արտաքին մարմնի կողմից ցանկացած հարձակում կամ միջամտություն Եկեղեցու կառավարման կամ գործունեության նկատմամբ՝ ուղղակի ազդեցություն ունի աշխարհասփյուռ հայերի վրա: Նույնիսկ եթե այն դիտավորյալ չէ, Հայաստանի կառավարության մոտեցումը վտանգում է կտրել իր հարաբերությունները սփյուռքի հետ՝ մի բան, որ չկարողացան անել նույնիսկ Օսմանյան կայսրությունը կամ Խորհրդային Միությունը»: Հայտարարության հեղինակները Փաշինյանին եւ նրա ռեժիմը ոչ թե հավասարեցնում են Հայոց ցեղասպանության հեղինակների եւ խորհրդային տոտալիտարիզմի հետ, այլ դրա գործունեությունը գնահատում են ավելի հակահայկական եւ հակազգային:

Իսկ ինչպե՞ս պատասխանեց Փաշինյանի իշխանությունը հայտարարության հեղինակներին. նա ոչ թե հետեւություն արեց դրանից, ոչ թե դադարեցրեց հետապնդումները, ոչ թե ցույց տվեց, որ պատրաստ է լսել հեղինակավոր հայ գործիչներին, ընդհակառակը՝ վերցրեց եւ իր ենթակայության տակ գտնվող հրոսակախմբերին հրահանգեց ներխուժել Հայ առաքելական եկեղեցուն պատկանող «Իզմիրլյան» բժշկական կենտրոն` մի հաստատություն, որը ստեղծվել եւ գործում է նույն սփյուռքահայ բարերարների նվիրատվությունների եւ աջակցության շնորհիվ: Քննչական կոչվող մարմինները խուզարկություն են իրականացրել հայտնի բժիշկ եւ հումանիստ Արմեն Չարչյանի եւ նրա տեղակալի աշխատասենյակում՝ Չարչյանին զրկելով վիրահատություն անելու եւ մարդկանց բժշկական օգնություն ցուցաբերելու հնարավորությունից: 

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, անդրադառնալով տեղի ունեցողին, ասում է. «Վարույթը նախաձեռնվել է դեռեւս 4 ամիս առաջ, հիմա հարց․ ո՞րն է պատճառը, որ հիմա են կատարում խուզարկությունները»: Կարծում եմ՝ պատասխանն առավել քան ակնհայտ է. Փաշինյանը փորձում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրինությանը կապել խոշոր չափերով հարկեր չվճարելու ու փողերի լվացման հետ։ Նա սփյուռքահայ բարերարներին, գործարարներին, բժիշկներին ու այլ հանրային դեմքերի ասում է, որ դուք ձեր պաշտպանության տակ եք վերցնում շարքային հանցագործների, մարդկանց, ովքեր զբաղված են ֆինանսական մեքենայություններով` հարկեր չվճարելով եւ փողերի լվացմամբ: Սա, ըստ էության, նրա պատասխանն է հայտարարության հեղինակների այն կոչին, որով նրանք միլիոնավոր սփյուռքահայերի կոչ են անում՝ իրենց կրոնական իրավունքները պաշտպանելու համար դիմել իրենց երկրների կառավարություններին։ «Որպես Միացյալ Նահանգների եւ շատ այլ երկրների ներկայիս քաղաքացիներ, սփյուռքահայերը պարտավոր են օգնություն հայցել մեր սեփական կառավարություններից, ներառյալ քաղաքական միջոցներ եւ անհրաժեշտության դեպքում իրավական գործողություններ՝ մեր կրոնական իրավունքները պաշտպանելու համար: Այս իրավունքները ներառում են Հայ առաքելական եկեղեցու ինքնակառավարմանն ապավինելը՝ հաստատված կանոններով եւ ավանդույթներով, որոնք սկիզբ են առել քրիստոնեության ամենավաղ օրերից»,- ասված է հայտարարության մեջ:

Փաշինյանը նրանց պատասխանում է` դե գնացեք եւ ձեր երկրների կառավարություններից քաղաքական եւ իրավական օգնություն հայցեք՝ հարկեր չվճարողներին եւ փողերի լվացմամբ զբաղվողներին պաշտպանելու համար: Ավելին՝ Փաշինյանը վստահ է, որ ինքն ունի այդ երկրների կառավարությունների անվերապահ աջակցությունը, եւ սփյուռքահայ գործիչները որքան էլ հարուստ, հեղինակավոր կամ ազդեցիկ լինեն, չեն կարող սպառնալ իրեն կամ իր ռեժիմի գոյությանը:

Չնայած Փաշինյանի նման ագրեսիվ եւ կոշտ պատասխանին, սփյուռքահայ գործիչների հայտարարությունն ունեցավ իր դրական ազդեցությունը: Այն ցույց տվեց, որ Փաշինյանը եւ նրա կողմից իրականացվող քաղաքականությունը մերժված են ոչ միայն հայ հասարակության, նրա առանձին վերցված քաղաքական կամ հասարակական կառույցների մեծամասնության կողմից, մերժված են նաեւ սփյուռքի եւ նրա առաջնորդների կողմից, այն մարդկանց, ովքեր իրավունք ունեն ներկայացնելու եւ հանդես գալու սփյուռքի անունից: Փաշինյանի ռեժիմն ավելի ու ավելի է նմանվում անկյուն քշված մի հանցախմբի, որը նախկինում գործած իր հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու համար ստիպված է նոր հանցագործություններ գործել՝ էլ ավելի ծանրացնելով իր վիճակը:

Փաստացի, մենք գործ ունենք մի ռեժիմի հետ, որը կազմված լինելով առավելագույնը 150-200 մարդուց՝ հակադրվում է 10 միլիոնանոց հայությանը: Բոլորի համար էլ պարզ է, որ այդ դիմակայությունը ռեժիմին եւ դրա ներկայացուցիչներին լավ հեռանկար չի խոստանում:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image