Օրերս անդրադարձել էինք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած միջադեպին: ՄԻԱՎ վարակակիր Ա․Դ-ն ինքնասպանության փորձ էր կատարել` կախվելու միջոցով, քանի որ ոչ հացադուլը, ոչ գրավոր բողոքները չեն օգնում նրան լուծել իր հարցը՝ տեղափոխվել դատապարտյալների հիվանդանոց, որտեղ պահում են նման հիվանդներին։ Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը հրաժարվում է մեկուսացնել հիվանդին:
«Ոչ բուժում են, ոչ սկոռի են կանչում։ Երևի, սպասում են, որ իմ խոդով վերանամ», - ասում էր դատապարտյալը, բացատրելով, թե ինչու է դիմել կյանքին հրաժեշտ տալու ծայրահեղ այդ քայլին: Մեր հրապարակումից հետո էլ իրավիճակը չփոխվեց: ՊՈԱԿ-ից զրո արձագանք, իսկ քրեակատարողական ծառայությունից պատասխանում են, որ բարձրացրած հարցը իրենց իրավասության շրջանակից դուրս է:
Մենք դիմեցինք առողջապահության նախարարություն, խնդրեցինք պատասխանել, թե ինչու են ՄԻԱՎ վարակակիր մարդուն պահում բերդում, որտեղ նա շփում ունի այլ դատապարտյալների հետ: Այն, որ այդ շփումը կա, ակնհայտ է, քանի որ Ա. Դ.-ին իր խցակիցն է ազատել սավանից պատրաստված ինքնաշեն պարանից:
ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանը մեզ պատասխանեց. «Դատապարտյալին նորմալ բուժօգնություն տրամադրվել է, նա «Դատապարտյալների հիվանադանոցում» է եղել, մեկ հաբ է խմում ընդամենը, ստացիոնարի կարիք չունի, դուրս են գրել: Նա դիտավորյալ դեղերը հետը չի վերցրել, նոր դեղեր են տրամադրել: Փաստացի ցուցում չունի, անալիզներ է արվել մի քանի օր առաջ, վիճակը նորմալ է եղել, հենց ունենա ստացիոնարի կարիք, ամեն ինչ կանենք: Վարակելիության մասով էլ ասեմ, որ ՄԻԱՎ-ով հիվանդների հետ կապված որևէ սահմանափակում չկա, ոչ քաղաքացիական կյանքում, ոչ փակ տարածքներում, իրենք ապրում են հավասարը հավասարի սկզբունքով»:
Այդ դեպքում ինչո՞ւ է նա կոչվում վարակակիր, եթե հանգիստ կարող է շփվել առողջ մարդկանց հետ: Ինչպե՞ս է Առողջապահության նախարարությունը զբաղվում դատապարտյալների եւ կալանավորված անձանց առողջական հարցերով: Առողջապահության փորձագետ Ծաղիկ Վարդանյանն ասում է. «Սարսափելի է, ոչ մի կարգուկանոն չկա: Հարցն այն է, թե ինչո՞ւ են այդ հիմնարկը վերցրել Առողջապահության նախարարության ենթակայության տակ: Ավելի լավ է, այդ հարցերով զբաղվեր Արդարադատության նախարարությունը: Մեկ է, իրենք ոչինչ չեն անում: Վերցրել են մարզային բուժհաստատությունները, բերդերը, հիմա էլ հոսպիտալնելն են ուզում վերցնել: Նրանց համար կարևորն այն է, որ իրենց ենթակայության տակ շատ հիմնարկներ լինեն: Համակարգը լավ-վատ, ստեղծվել էր, աշխատում էր, համագործակցություն կար հիմնարկների միջեւ, զարգանում էր: Հիմա բոորը բերել են, մի բուրգի տակ, որը ոչ նախարարը կարող է կառավարել, ոչ էլ որևէ մեկը»:
Այնուամենայնիվ, երեկ՝ ապրիլի 17-ին ՊՈԱԿ փոխտնօրենը հացադուլի մեջ գտնվող ՄԻԱՎ վարակակիր Ա. Դ-ի մոտ բուժքույր է ուղարկել: «Ասել են՝ չափեք, քանի կիլո ա, մեկ էլ ճնշումը չափեք, նկարեք, ինձ ուղարկեք», - փոխանցեցին մեզ «Նուբարաշենից»: Հիվանդ դատապարտյալը շարունակում է հացադուլը:
Նշենք, որ ՄԻԱՎ-ՁԻԱՀ վիճակագրություն Հայաստանում վարում են` սկսած 1988-ից: Մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ ՄԻԱՎ վարակի դեպքերի ընդհանուր գրանցված թիվը կազմում էր 5991: Այս տարվա փետրվարի դրությամբ արդեն վարակի 6243 դեպք ունենք։