Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի արշավանքը Կոտայքի մարզի համայնքների ղեկավարների դեմ շարունակվում է: Օրեր առաջ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի արդեն նախկին համայնքապետ Կառլեն Հովհաննիսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել:
Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նարեկ Հարությունյանը:
Նշենք, որ Կառլեն Հովհաննիսյանը 15 տարի ղեկավարել է Մեղրաձոր համայնքը: 2017թվ.-ին համայնքների խոշորացումից հետո նա կրկին վերընտրվել էր:
Մեզ հասած տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետն է Կառլեն Հովհաննիսյանին ասել, որ ազատման դիմում գրի եւ հեռանա: Մեր հեռախոսազանգերը Կառլեն Հովհաննիսյանին մնացին անպատասխան:
Համայնքապետի ժ/պ Նարեկ Հարությունյանին հարցրինք՝ Կառլեն Հովհաննիսյանը ազատման դիմում գրել է մարզպետի հրահանգո՞վ. «Չէ, աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն».
-Պարո՛ն Հարությունյան, Ձեզ պաշտոնում նշանակումը մարզպետի որոշո՞ւմն է եղել.
-Բնականաբար:
-ՔՊ-ի անդամ ե՞ք:
-Ո՛չ, ես անկուսակցական եմ:
-Սատարել ե՞ք ՔՊ-ին, կամ քայլել հեղափոխության օրերին:
- Չէ, ես ոչ մի բան էլ չեմ արել, քաղաքական պրոցեսներին աշխատել եմ չխառնվել:
Նշենք, որ Նարեկ Հարությունյանը 2017թվ-ին զբաղեցրել է համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Նրա հայրը՝ Ռուբեն Հարությունյանը ավագանու անդամ է:
Կոտայքի մարզի Ակունք, Քարաշամբ, Արգել, Ողջաբերդ, Եղվարդ, Նոր Երզնկա, Բալահովիտ, Գեղադիր, Գետամեջ, Քասախ, Պտղնի, Ջրվեժ համայնքների ղեկավարները 20 տարուց ավելի է պաշտոնավարում են: Չի բացառվում, որ Կոտայքի մարզպետը հերթով կազատվի մարզի երկարամյա ղեկավարներից: