Պարզվում է, ոչ միայն Հայաստանում է կանոնական քրիստոնեական Եկեղեցին՝ ի դեմս Հայ Առաքելական եկեղեցու, ենթարկվում ճնշումների եւ հալածանքների։ Ուկրաինայում դա շատ ավելի վաղ է սկսվել, քան մեզ մոտ, օրերս Զելենսկին հրամանագիր էր ստորագրել, որով ուկրաինական կանոնական քրիստոնեական եկեղեցու՝ Ուկրաինական Ուղղափառ եկեղեցու ղեկավար միտրոպոլիտ Օնուֆրին զրկել էր Ուկրաինայի քաղաքացիությունից։ Նշենք, որ Ուկրաինական Ուղղափառ եկեղեցին (УПЦ) հանդիսանում է Ռուս Ուղղափառ եկեղեցու մի մասը։ 1990 թվականի հոկտեմբերի 27-ին, Ռուս եկեղեցու այն ժամանակվա ղեկավար Ալեքսի 2-րդ պատրիարքի կողմից ՈւՊԵ-ին տրված Տումարում ասվում է, որ վերջինս հետայսու կարող է լինել իր կառավարչության մեջ անկախ եւ ինքնուրույն եւ միավորված է Ռուս Ուղղափառ եկեղեցու միջոցով՝ Ընդհանրական Եկեղեցու հետ։
Առաջին հայացքից կարելի է ասել, որ ամեն բան պարզ է՝ անկախությունը անկախություն է։ Սակայն իրականում ուղղափառության մեջ չկա «անկախություն եւ ինքնուրույնություն՝ սեփական կառավարչության մեջ» հասկացություն։ Կան հստակ իրավաբանական-կանոնական տերմիններ եկեղեցու ներսում՝ ինքնավարություն եւ ինքնագլխություն կամ ավտոնոմիա եւ ավտոկեֆալիա։ Այսպես, ավտոնոմ եկեղեցին մաս է կազմում ավտոկեֆալ եկեղեցու, ինչպես օրինակ Ֆինլանդական Ուղղափառ եկեղեցին՝ Կոստանդնուպոլսի պատրիարքության, կամ Ճապոնական Ուղղափառ եկեղեցին՝ Մոսկվայի պատրիարքության։ Ավտոկեֆալիան ենթադրում է մյուս ուղղափառ եկեղեցիների հետ իրավահավասարություն եւ ոչ թե միավորում Ռուս Ուղղափառ եկեղեցու միջոցով, ինչպես Ուկրաինական ուղղափառ եկեղեցու պարագայում է։
Ալեքսի 2-րդը եկեղեցական դիվանագիտության մեծ փորձառություն ունեցող ղեկավար էր եւ այն ձեւակերպմամբ, որը առկա է նրա տված Տումարում կամ հրովարտակում, նշանակում է, որ Ուկրաինական ուղղափառ եկեղեցին որեւէ ավտոկեֆալություն չունի։ Այս ձեւակերպումը այն ժամանակվա Ուկրաինական ԽՍՀ իշխանություններին լիովին ձեռնտու էր։ Հատկապես, որ ԽՍՀՄ փլուզումն էլ այդ ժամանակ արդեն տեսանելի էր, եւ Կիեւում մտածում էին անկախանալու մասին։ Երբ ԽՍՀՄ փլուզումից հետո ՈՒկրաինական ուղղափառ եկեղեցու ղեկավար միտրոպոլիտ Ֆիլարետ Դենիսենկոն պահանջեց Մոսկվայից ավտոկեֆալություն, վերջինս մերժեց։ Ֆիլարետն ապստամբեց Մոսկվայի պատրիարքության դեմ, ու նրանից երես թեքեցին գրեթե բոլոր ուկրաինական եպիսկոպոսները, ովքեր մնացին կանոնական եկեղեցու կազմում։ Այդ ժամանակվանից սկսած, կարելի է ասել, սկսվեց եկեղեցական պառակտում Ուկրաինայում, որն հատկապես խորացավ այն բանից հետո, երբ Ուկրաինան որոշեց մտնել աշխարհաքաղաքական արեւմտյան ուղեծիր։
Այդ համատեքստում կանոնական Ուկրաինական ուղղափառ եկեղեցին սկսեց դիտարկվել որպես ռուսական ազդեցության գործիք եւ ծայր առան հալածանքների նոր ալիքներ, որոնք չեն դադարում նաեւ այժմ։ Օնուֆրի միտրոպոլիտին ուկրաինական քաղաքացիությունից զրկելը այդ հալածանքների հերթական հանգրվանն է։ Ի դեպ, Ուկրաինական կանոնական եկեղեցում էլի բարձրաստիճան եկեղեցականներ կան, որոնք զրկվել են Ուկրաինայի քաղաքացիությունից, կամ հայտնվել են բանտում՝ տարատեսակ մեղադրանքներով։