Հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյան-արտախորհրդարանական ուժեր ձեւաչափով հերթական հանդիպումը։ Այս հավաքներին մասնակցող քաղաքական ուժերից մեկը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանին հարցնելու է, թե ինչ փաստաթուղթ է ստորագրելու կամ չի ստորագրելու նոյեմբերի 9-ին։ Մենք այս հավաքներին մշտապես մասնակցող Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանից փորձեցինք պարզել քննարկված հարցերի շրջանակը։
Նա ասաց․ «Բնականաբար, ես ո՛չ Փաշինյանի խոսնակն եմ, ո՛չ էլ նրա աշխատողը, որ նրա փոխարեն պատասխանեմ, ասեմ, որ քննարկել ենք ե՛ւ այդ, ե՛ւ այլ կարեւորագույն հարցեր, որոնք վերաբերում են թե՛ սահմանազատմանը, թե՛ Արցախի կարգավիճակին։
Ես՝ որպես Եվրոպական կուսակցության ներկայացուցիչ, ներկայացրել էի մեր մոտեցումները եւ հորդորել էի անել այն քայլերը, որոնք, ըստ մեր տեսլականի, կարող են դուրս բերել երկիրն այսօրվա բարդ իրավիճակներից։ Կարող եմ ասել, որ դա երկխոսություն է, եւ դա նշեցին բոլոր մասնակիցները, մեր խմբի մեծամասնությունն է կիսում այդ մոտեցումները։ Եվ կարող եմ այն շրջանակներում, որում թույլատրելի է, խոսել այդ փակ ձեւաչափում եղած երկխոսության մասին, ասել, որ Հայաստանի իշխանությունները չեն ստորագրելու որեւէ կատաստրոֆիկ, ողբերգական փաստաթուղթ, որը, հիմնականում, ռուսական կողմի արտահոսքն էր, որով փորձում են փոխել իրավիճակը ռուս-թուրքական դաշինքի օգտին։ Եվ պետք է այլեւս բոլորի համար ակնհայտ լինի, որ մեր տարածաշրջանում գործում են նաեւ այլ ուժեր՝ ի դեմս ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Իրանի, Հնդկաստանի, եւ մենք դա պետք է կարողանանք օգտագործել ի շահ Հայաստանի»։
Հանդիպմանը խոսել են նաեւ այն մասին, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է միջազգայնացվի։ Այնպես, ինչպես, ըստ Տիգրան Խզմալյանի, միջազգայնացվեց Սյունիքի խնդիրը, ինչի շնորհիվ էլ «հայկական կողմը ստացավ միջազգային երաշխիքներ` Սյունիքի անձեռնմխելիության»։ Տիգրան Խզմալյանն ասաց, թե նույն մոտեցումը կցուցաբերվի Արցախի հարցում, որովհետեւ «ռուս խաղաղապահները հավերժ չեն, եւ մեր խնդիրն է՝ այդ պահին լրացնել, նախ, միջազգային խաղաղապահներով, ապա կկարողանանք լուծել այդ խնդիրն ինքնուրույն»։
- Պարոն Խզմալյան, ասելով, որ Փաշինյանը Հայաստանի շահերին կատաստրոֆիկ վնասող որեւէ բան չի ստորագրելու, ասում եք իր ասա՞ծը, թե՞ Ձեր ենթադրությունն է։
- Ես ասում եմ՝ ծանոթ լինելով նրա ներկայացրած մանրամասներին։
- Ասում եք՝ արտահոսքը ռուսական լրատվամիջոցներից էր։ Ռուսականի՞ց էր, թե՞ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականի խմբագրած լրատվամիջոցից։
- «Ալիք մեդիան», բնականաբար, ինքնուրույն չէ հորինել դա։ Դա այն է, ինչ Հայաստանն ասաց, բայց առաջին հղումները եւ առաջին արտահոսքերը «Ռիա նովոստիինն» էին։ Դա ռուսական արտահոսք է։ Իսկ եթե ռուսներն այդքան վստահ լինեին, այն չէին կազմակերպի։ Արտահոսքը, նախեւառաջ, շտապելու, փորձելու, ստուգելու նպատակով է արվում։ Իսկ ի՞նչ էին փորձում ստուգել ռուսները․ այն, ինչ իրենց մոտ չի ստացվում տարուց ավելի։ Այն նպատակները, որ չեն ստանում եւ չեն ստացել` Սյունիքը, որը մնալու է հայկական եւ Հայաստանի վերահսկողության տակ։ Արցախը մնում է հայաբնակ, պարզապես՝ շատ բարդ կարգավիճակում, բայց մենք եղել ենք նման իրավիճակում 90-ականներին, երբ կորցրել էինք Արցախի երկու երրորդը։ Այնուամենայնիվ, միջազգային իրավիճակը փոխվում է, պետք է Հայաստանի մոտեցումը։
- Իսկ նոյեմբերի 9-ին ստորագրվելիք ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը։
- Ամսի 9-ի ժամկետը սիմվոլիկ մի բան է, դրա մեջ որեւէ արտառոց բան չկա։ Ռուսներն ուղղակի սիրում են էդ սիմվոլները։ Եվ նորից ասեմ՝ ոչ մի էական զիջում Հայաստանը չի արել եւ չի անելու։ Ես դա կարող եմ վստահեցնել։ Ոչ մի փաստաթուղթ, որը հարցականի տակ կդնի Սյունիքը, Մեղրիի միջանցքը։ Արցախի մասով մենք շուտով կտեսնենք դրական զարգացումներ, եւ դա, ինչպես նշեցի, հարցի միջազգայնացումն է։
- Ասում եք՝ ոչ մի կատաստրոֆա չի լինի, մինչդեռ, ըստ տարբեր քաղաքագետների, եթե դա մայիսի փաստաթուղթն է, ապա, օրինակ, Նոյեմբերյանում շատ վատ բնագիծ ենք ունենալու։ Մի քաղաքագետ ասաց՝ դառնալու ենք ուղղակի «կանսերվի բանկա»` անկլավների այդ փոխանակումների կամ հանձնման արդյունքում։ Եվ, առհասարակ, ոչ ոք չի էլ թաքցնում, որ մեզ շատ ցավոտ բաներ են սպասվում։ Իսկ Դուք չափազանց լավատես եք։
- Ես ոչ թե լավատես եմ, այլ պարզապես ուզում եմ, որ մտապահենք գլխավորը, կարեւորագույնը։ Մանր-մունր փոխանակումներն իրականում ժամանակ ձգելու փորձ են, եւ դա արվում է, ի դեպ, երկու կողմից էլ։ Մենք հիմա շահագրգռված ենք ժամանակ շահելու, որովհետեւ գաղտնիք չեմ բացի՝ ասելով, որ ՌԴ-ն, Թուրքիան եւ Ադրբեջանը հայտնվել են միջազգային մեկուսացման մեջ։ Դա դժվար թե որեւէ մեկը վիճարկի։ Եթե դա այդպես է, ուրեմն Հայաստանը պետք է պարզապես ժամանակ շահի մինչեւ այդ միջազգային ճնշումը․ ե՛ւ ռազմական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ մարդու իրավունքների՝ հումանիտար... Խոսքը ե՛ւ Հաագայի դատարանի որոշումների մասին է, ե՛ւ Ուկրաինայում վերջին ժամերին, օրերին սրված իրավիճակի, ե՛ւ Թուրքիայի դիվանագիտական բարդությունների մասին։ Այս ամենը վկայում է, որ իրավիճակ է փոխվում։ Ժամանակ շահելու համար պետք է մտնել բանակցությունների մեջ, իսկ դրանք կարող են լինել բավականին երկար։ Ոչ մի պայմանագիր դեռ ոչինչ չի նշանակում։ Հիշեցնեմ, որ Ճապոնիան Երկրորդ աշխարհամարտից հետո չունի խաղաղության պայմանագիր Սովետական Միության եւ հիմա՝ Ռուսաստանի հետ։ Եվ ոչինչ` աշխարհը շուռ չի եկել։