Քաղաքականություն

Նիկոլը ադրբեջանցիների հետ համակեցության ու համատեղ ապրելու մասին խոսում էր դեռևս 2018-ին

Նիկոլը ադրբեջանցիների հետ համակեցության ու համատեղ ապրելու մասին խոսում էր դեռևս 2018-ին

«Մեզ համար առ այսօր գաղտնիք է, ինչ կետերի շուրջ են եկել համաձայնության, բայց քանի որ այս վերջին երկու կետերը կարևորագույնն են Ադրբեջանի համար, Ալիևն իր հարցազրույցում հստակեցրեց, որոնք են ըստ էության այդ պահանջները», «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիևի և ՀՀ վարչապետ Փաշինյանի հարցազրույցներին, ասաց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Ալիևը պահանջում է դիտորդական առաքելությունը դադարեցնել սահմանին, որպեսզի երկխոսության ձևաչափն ամբողջությամբ տեղի ունենա, և հաջորդ կարևոր պայմանը երկու կողմերի միջազգային դատարաններում հայցեր ներկայացնելն էր: Եվ այստեղ հասկանալի է դառնում, որ այս հարցում ևս Հայաստանը գնաց համաձայնության Ադրբեջանի հետ և զիջումների, որպեսզի շարունակի կերակրել մեր ժողովրդին իրենց կեղծ խաղաղության օրակարգով: Ընդ որում, ակնհայտ է, որ Ադրբեջանը չի էլ պատրաստվում ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, որովհետև սրան հաջորդելու են մյուս պահանջները և դրանք արդեն ձևավորված  են՝ իբրև թե 300 հազար արդբեջանցու վերադարձը Հայաստան և նաև Սահմանադրության փոփոխություն, այսինքն ձևավորվում են հաջորդ պահանջները ևս»,-ասաց արցախցի պատգամավորը:

Միջազգային դատարաններ, տարբեր կառույցներ դիմելու արդյունքում հնարավոր էր փաստահավաք աշխատանքից հետո աշխարհին ներկայացնել իրականությունը, սակայն այդ գործիքակազմից էլ Հայաստանի իշխանությունները` Ադրբեջանի պահանջով, հրաժարվում են՝ կատարելով նրանց հերթական ցանկությունը:

«Իհարկե, սա նրանց ծրագրի հերթական հատվածն է, որը Հայաստանի իշխանությունները հրամցնում են մեր ժողովրդին, խաբելով և անունը դնելով իբրև թե խաղաղության օրակարգ»,-ասաց Հակոբյանը:

Հայաստանի իշխանություններն, ըստ էության, լեգիտիմացնում են ադրբեջանցիների՝ Հայաստան տեղափոխման պահանջը, երբ Ազգային Ժողովի նախագահն ու այլք խոսում են այդ մասին, զուգահեռներ են տանում արցախահայերի՝ Արցախ վերադառնալու իրավունքի հետ՝ խեղաթյուրելով պատմական իրողությունները, որովհետև դրանք որևէ կապ չեն կարող ունենալ:

«Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանից ադրբեջանցիների տեղափոխման հետ կապված, դա տեղի է ունեցել Խորհրդային Միության փլուզման արդյունքում, որտեղ տարբեր ազգեր սկսեցին ուղղակի իրենց ձևավորված հանրապետություններ գնալ, իսկ Հայաստանի պարագայում մենք ականատես եղանք Սումգայիթի, Բաքվի ջարդերին, ինչի արդյունքում հայերը բռնագաղթվեցին: Եթե զուգահեռներ տանենք, ապա միայն կարելի է զուգահեռներ տանել Սումգայիթի, Բաքվի, Ադրբեջանում ապրող հայերի հետ: Ես Ձեզ ասեմ ավելին, դրան միացել է Թուրքիան: Գնալով մեկ դար հետ՝ նույնիսկ մինչև 1800-ական թվականները, իբրև թե ապացույցներ է բերում, որ Հայաստանում ապրելիս է եղել մոտ մեկ միլիոն թուրք, որոնք պիտի վերադառնան Հայաստան»,-ասաց Հակոբյանը:

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորը շեշտում է, այստեղ կոնկրետ ծրագիր է իրականացվում, այլ ճանապարհով Հայաստանը զավթելու և սա բնավ կապ չունի Արցախի հետ. «Այս իշխանություններն են այդ հարցը կապում Արցախի հետ, այնինչ սա Արցախի հետ կապ չունի: Եթե մենք շատ հեռուն չենք գնում, ապա եկեք հիշենք ուղղակի 2018 թվականը, երբ նիկոլը խոսում էր Բաքվի կառուցողական բռնապետից և չէր բացառում այդ համակեցությունը և համատեղ ապրելը: Այնպես որ դեռևս 2018-ին արդեն ինքը խոսել է ու իր դիտարկումներում ունեցել է նման ծրագիր, դա հետպատերազմական իրողությունների հետ կապ չունի՝ դա կապված է իրենց իշխանության գալու հետ»,-եզրափակեց Մետաքսե Հակոբյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image