Քաղաքականություն

Ոչ ադեկվատությունը սահմաններ չունի

Ոչ ադեկվատությունը սահմաններ չունի

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու համար մոգոնված պատմությունը վկայում է, որ «քեռակնոջը դոմփելու» մեղադրանքով նրան չկարողացան վարկաբեկել ու խեղճացնել, եւ դա ամբողջությամբ հիմնված էր կեղծիքի վրա: Ու քանի որ չի գտնվել խելքը գլխին տարբերակ, օգտագործվեց տխմարագույնը՝ «ուրիշի ջեբը պլան գցելու» պատմությունը: Սկզբում հայտարարվեց, որ ինքն է ինչ-որ մեկի գրպանը պլան գցել: Հետո երեւի գցել-բռնել են, որ հոգեւոր մարդը դժվար թե իր մոտ պլան պահի ու հետն էլ գցի ուրիշի գրպանը, կանգ են առել իբրեւ թե ավելի ճշմարտանման տարբերակի վրա՝ դա հրահանգել է ուրիշին: Բայց դա նշանակում է, որ պետք է գտնեն մեկին, որն իր վրա կվերցնի այդ հանցանքը: Ու այդ անձն էլ պետք է շփված լինի հոգեւորականի հետ, ինքնախոստովանական ցուցմունք տա ու դատվի, որովհետեւ բուն հանցանքը կատարողն ինքն է, ոչ թե Արշակ սրբազանը: Բայց դա այնքան էլ կարեւոր չէ, որովհետեւ եթե չգտնվի էլ, Սրբազանին բանտում կպահեն մինչեւ 2026-ի ընտրությունները: Իսկ դրանից հետո, ինչպես մեր ժողովուրդն է ասում՝ «յա՛ էշը, յա՛ իշատերը»: 

Ի դեպ, իշխանափոխությունից հետո շատ հեշտ կարելի է բացահայտել «պլան գցելու» դրվագը մոգոնած անձին: Նա կլինի այն իրավապահների շրջանից, ովքեր հենց նման գործերով են զբաղված: Իսկ նա, ով ծանոթ է գեբելսյան մանիպուլյացիոն մեթոդներին, վերադասի մոտ հիմնավորել է այդ մեղադրանքի «աշխատող» լինելը: Գեբելսյան մեթոդներից մեկն ասում է՝ ինչքան անհավանական է մեղադրանքը, այնքան այն ընդունելի կլինի զանգվածների համար, որովհետեւ ով ասես կարող է մոգոնել «ստից» կեղծիք՝ նույնիսկ կիսագրագետ մեկը: Իսկ տրամաբանությունից դուրս կեղծիքը մարդկանց կստիպի մտածել, որ նման բան անհնար է: Բայց եթե ասում են, ուրեմն մեջը ճշմարտություն կա: Ու հենց այդ պատճառով էլ ընտրվել է թմրանյութի պատմությունը: Իմ կարծիքով, որպես այդպիսի աննորմալ կեղծիք, սկզբում մոգոնվել է «քեռակնոջ» պատմությունը, բայց քանի որ այն սպասված ազդեցությունը չունեցավ, իշխանությունն անցավ պլան Բ-ին: Իշխանություն ասելով միշտ պետք է հասկանալ վարչապետի աթոռից իր ողջ էությամբ կառչած Նիկոլին:

Ի՞նչ կարող ենք եզրակացնել այս պատմությունից: Նախ՝ այն, որ հանուն իշխանության պահպանման, վարչապետի աթոռից կառչած անձը պատրաստ է ամեն ինչի, այսինքն՝ բարոյական բոլոր սահմաններն անցնելուն, բոլոր օրենքները խախտելու, իսկ իրավապահներին դարձրել է կամակատարներ: Դա, բնականաբար, աննորմալ իրավիճակ է Արեւմուտքի կողմից աջակցություն վայելող «ժողովրդավարության» պարագայում: Մեր երկրում, փաստորեն, ոչ ադեկվատությունը սահմաններ չունի, եւ դա կարող ենք գնահատել որպես հայաստանյան «ժողովրդավարության» էություն: Ինչ վերաբերում է Եվրամիությանը եւ եվրոպական երկրներին, ապա դրանք թքած ունեն մեր երկրի ու մեր ժողովրդի վրա՝ մարդկանց «կերակրելով» վիզաների ազատականացման անիմաստ գաղափարով: Անիմաստ, քանի որ Նիկոլի «սիրելի» ժողովուրդը հիմնականում այն զանգվածն է, որը Եվրոպա չի մեկնում: Իսկ վարկային ու դրամաշնորհային միջոցների առնչությամբ էլ ասենք, որ դրանք հատկացվել ու շարունակում են հատկացվել հակահայաստանյան ինչ-ինչ նպատակների իրականացմանը, ինչը մենք զգում ենք մեր մաշկի վրա՝ 3 տասնամյակ ապրելով նրանց կողմից գեներացված միջավայրում:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image