Նոր քաղաքական ուժ է հայտնվել դաշտում։ Բոլոր նրանք, ովքեր ասում էին՝ նախկիններին չենք ուզում ընտրել, կարող են ուրախանալ՝ արդեն այլընտրանք ունեն։ Թեեւ պարզ է, որ փնտրողը միշտ կգտներ, իսկ գործող իշխանությանը համակրողները միշտ մի պատրվակ կգտնեն՝ «այլընտրանք չկա» ասելու համար։ Ամեն դեպքում, ողջունենք նոր ուժին, կանաչ ճանապարհ մաղթենք, ուզենանք, որ կայանա, աշխատենք մեծահոգի լինել նրանց սխալների ու վրիպումների հանդեպ՝ դրանք անխուսափելիորեն լինելու են, բայց թույլ տանք, որ աճի, որովհետեւ բոլորս ենք ուժեղ Հայաստան ուզում, մեծ մասս էլ՝ իշխանափոխություն։ Իսկ եթե բոլորին էս գլխից բռակ հանենք, դրանից միայն էն գլխից բռակ ՔՊ-ն է շահելու։
Բայց մի դիտարկում եմ ուզում անել, որքան էլ դա միանշանակ չհնչի․ ինչպես 2021-ին ամենաընդդիմադիր քաղաքական ուժը՝ «Հայաստան» դաշինքը, քաղաքական դաշտում հայտնվեց միայն այն բանից հետո, երբ նրա առաջնորդի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական-քաղաքական հետապնդում ծավալեց Փաշինյանական իշխանությունը, այնպես էլ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը եւ «Մեր ձեւով» շարժումն առաջացան իրենց առաջնորդի՝ Սամվել Կարապետյանի դեմ սանձազերծված ապօրինի հետապնդումից հետո։ Ինքը՝ Կարապետյանն անձամբ երկար տարիներ աջակցում էր Նիկոլ Փաշինյանին, տնտեսական ծրագրեր էր իրականացնում եւ երեւի էլի կշարունակեր աջակցել՝ եթե եկեղեցու հետ կապված Փաշինյանական արշավը եւ իր մեկ հատիկ նախադասության հանդեպ Փաշինյանի հիվանդ արձագանքը չլիներ։
Իհարկե, Փաշինյանը կարծես «զոռով» ստիպում է, որ քաղաքականության չզբաղվող մարդիկ մտնեն քաղաքականություն՝ նողկալի քաղաքական հետապնդումներով նրանց այլ ելք չթողնելով, բայց դրանում մի ցավալի իրողություն կա․ հայ մարդը մինչեւ անձնապես իրեն չեն դիպչում, չի հասկանում, որ երկրում վիճակը վատ է, որ կառավարող ուժը մեր կյանքը հիմնովին խաթարել է եւ մեր պետությունը կործանող չարիքի վերածվել, որ այդ իշխանության քայլերը հակասահմանադրական են ու ապօրինի՝ պետությանը, հասարակությանը վնասող։
Պարզ ասած՝ մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, լիքը բան չեն նկատում։ Օրինակ, որ պետության արտաքին պարտքը կրկնապատկվել է, որ թոշակառուները գրոշներ են ստանում, իսկ ՔՊ-ական անարժան պաշտոնյաները՝ միլիոններ, որ կալանավայրերը լիքն են կալանքի ոչ ենթակա մարդկանցով եւ 2018 թվականից ի վեր համաներում չի հայտարարվել երկրում, որ սպառողական գներն աճում են, եւ նույնիսկ այն մեկ հատիկ առավելությունը, որը մեր աչքն էին կոխում՝ ասֆալտը, միֆ էր՝ ձյան հետ հալվեց-մաշվեց-գնաց։
Անձամբ ես գրագետ, սեփական անձը մի կողմ դնելու ունակ, իր հոգսը մոռացած՝ ուրիշների հոգսն իր ուսերին առնող քաղաքական ուժեր կուզենայի տեսնել դաշտում, որոնց ոչ թե իրենց մերձավորների դեմ հետապնդումներ են անհանգստացնում, այլ ցանկացած քաղաքական հետապնդում, ցանկացած իրավասության գերազանցում, ցանկացած ապօրինություն․․․
Ամեն դեպքում՝ հույս ունենանք, որ եթե անգամ քաղաքականություն մտնելու առիթը մասնավոր էր, քաղաքականությունում մնալու եւ ինչ որ բան անելու պատճառները կլինեն վերանձնային՝ պետության ու հանրության շահերից բխող։