«Հրապարակ» օրաթերթին է դիմել քաղաքացի Վարդան Հրանտի Խառատյանը, որը պնդում է, որ իրենից խոշոր չափերի գումարի հափշտակությունն ու այդ գումարները իրեն չվերադարձնելու համար իր դեմ իրականացված մահափորձը իրավապահները չեն ցանկանում բացահայտել։ Քաղաքացու պնդմամբ, իր ձեռքի տակ կան իր ասածը հիմնավորող բոլոր փաստերը։ Մեզ հետ զրույցում Վարդան Խառատյանը պատմեց, որ իր ծանոթ Մ․ Սիմոնյանի հետ համատեղ փորձել է Հայաստանում արտադրություն հիմնել, և սարքավորումների ձեռքբերման համար վերջինիս 57 հազար դոլար գումար է տվել․
«Այսինքն՝ մտերմանում ենք, հետո փողը վերցնում են ինձնից, որ պետք է հաստոցներ գնելու համար կանխավճար տան, հաստոցները գնելու փոխարեն փողը տանում են, ես այստեղ տուն ունեմ, անվճար խնդրում են, որ իմ տանը ապրեն, ես օգնում եմ։ Դրանից հետո տնից ադամանդե մատանիներ են գողանում։ Ես հիմա ինչ ասում եմ, դրա տակ կա լուրջ փաստ։ Ես Մոսկվայից գալիս եմ, գալիս է ինձ հաշվետվություն տալու, գիշերը հայաթում նստելուց, խոսելուց հետո մտնում է տուն, որ իր հեռախոսը վերցնի, այդ տանն էլ ուրիշ մարդ չի ապրում։ Մտնում է տուն, գազը բացում է, դուռը փակում է ու գնում։ Ինքը գիտեր, թե ես որտեղ եմ քնում, ես էլ քնում էի գազի կողքի սենյակում։ Չեմ կարողանում քնել, վատ եմ զգում, բացում եմ, տեսնեմ՝ մի հատ գազի խուց։ Դրանից հետո ինձ բերում են ձայնագրությունները՝ գլխավոր վկայի հետ, որն այս գողության, փողերը չտալու մասին, թալանի մասին, սպանելու մասին է խոսում, խոսում է գազը բացելու, տունը պայթեցնելու մասին։ Այս ամենը գործի մեջ կա, ինձ մոտ էլ։ Ես հենց դա լսում եմ, հասկանում եմ, որ ինքը ցանկանում էր ինձ սպանել, ու բացվում է այս գործը»,- մեզ հետ զրույցում ասաց Վարդան Խառատյանը։
Քաղաքացին մեզ հետ զրույցում պնդեց նաև, որ քննիչն ու դատախազը իր ներկայացրած փաստերն անտեսել են, ամեն կերպ ցանկացել են գործը փակել․ «Դատախազն ու քննիչը գրում են, որ 2018 թվականին գումարը վերադարձրել է, բայց ես ունեմ նրա պարտքերի ցուցակը, որը նա գրել է իր ձեռագրով 2020 թվականին․ չի լինի, չէ՞, որ ինքը 2018 թվականին պարտքերը տվել է, բայց պարտքերի ցուցակը գրում է 2020 թվականին։ Սա փաստերի մի մասն է, որոնք ես ունեմ։ Քննիչը գրել է, որ չեն գտել գլխավոր վկային ու գործը կարճում է։ Ես իմ ձեռքի տակ ունեմ քննիչի գլխավոր վկայի նամակագրությունը քննիչի «վոթսափի» էջից, որտեղ գրում է՝ «Աննա ջան, խնդրում եմ՝ դուրս եկեք կապի», նա էլ պատասխանում է «Հելո, Վահե ջան, ես վաղը տուն եմ գնում, կխոսենք», քննիչն էլ գրում է՝ «օքեյ», հետո գլխավոր վկան գրում է՝ «Վահե ջան, ես պատրաստ եմ հարցաքննության։ Ես այս ամենը ներկայացրել եմ քննիչին ու հարցրել՝ բա դու ասում ես վկային չե՞մ գտել։ Սա կոնկրետ օպերացիա է կատարվել իմ նկատմամաբ՝ հանցագործին փրկելու համար»,- պատմեց քաղաքացին։
Մենք գլխավոր դատախազությունից փորձեցինք պարզել, թե ի՞նչ հիմքով են կարճել քրեական գործը, և արդյոք քաղաքացու ներկայացրած ապացույցները հետազոտե՞լ են, դատախազությունից հետևյալ պատասխանն ենք ստացել․
«Վարդան Խառատյանի կողմից ներկայացված հանգամանքների կապակցությամբ քենություն է կատարվել վերջինիս հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով 2020թ. հոկտեմբերի 29-ին հարուցված 14890220 քրեական գործի նախաքննության ընթացքում: Վարույթն իրականացնող մարմինը, հիմնավորված համարելով, որ բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել Մ.Սիմոնյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 3–րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքներ կատարեու վերաբերյալ, 2022թ. փետրվարի 9-ին որոշում է կայացրել Մ.Սիմոնյանի նկատմամբ հիշյալ հոդվածներով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով: Հիշյալ որոշման օրինակն ուղարկվել է Վ. Խառատյանին՝ պարզաբանելով դրա բողոքարկման կարգը։ Վ.Խառատյանի` բողոքի քննարկման արդյունքում, 2022 թվականի մարտի 2- ին, վերադաս դատախազը որոշում է կայացրել բողոքը մերժելու մասին: Վիճարկվող որոշումը Վ.Խառատյանի կողմից բողոքարկվել է նաև դատական կարգով, որի քննությունը դեռևս չի ավարտվել»։