Իրավունք

Հովհաննես Սահակյանին առաջադրվել է հարյուրամյակի ամենաանհեթեթ մեղադրանքը

Հովհաննես Սահակյանին առաջադրվել է հարյուրամյակի ամենաանհեթեթ մեղադրանքը

«Շանթ»-ի հետ զրույցում ընտրությունների առիթով Երևան ժամանած Հովհաննես Սահակյանն ասել էր, որ Մոսկվայից եկել են մասնակցելու քվեարկությանը և նույն օրը պատրաստվում են վերադառնալ։ «Մոսկվայից եկել ենք ընտրենք, երեկոյան 7-ին հետ ենք վերադառնում»,- ասել էր նա։

Լրագրողի՝ «Նույն օրը՞» հարցին արձագանքելով՝ Սահակյանը նշել էր. «Անպայման, որ կարող ա խառնվի վիճակը, երեխեքի հետ ենք, չմնանք էլի բարդություններին»։

Այս արտահայտությունը իշխանությունների վրդովմունքն էր հարուցել, օրվա ընթացքում մարդուն թիրախավորեցին, իսկ երեկոյան իրավապահներին ուղարկեցին օդանավակայան` քվեարկելու համար Հայաստան եկած` իր սահմանադրական իրավունքն իրացնող քաղաքացուն ձերբակալելու: Սահակյանը օդանավակայանից կապվել է Հրանտ Մելիք Շահնազարյանի հետ, ասել էր, որ մեկնումից առաջ, հենց օդանավակայանում ձերբակալում են իրեն։

Քննչական կոմիտեն այսօր հաղորդագրություն է տարածել մեկ անձի ձերբակալելու մասին. «ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Հ.Ս.-ն հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին՝ չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։

Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը): Քննիչի որոշմամբ Հ.Ս.-ն ձերբակալվել է»։

Խոսքը ՌԴ եւ ՀՀ քաղաքացի Հովհաննես Սահակյանի մասին է: Մենք փորձեցինք պարզել, թե ինչում են մեղադրում նրան: Մեզ հայտնեցին, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում դեռ չի հարուցվել: Իրավապահ համակարգի մեր աղբյուրները հայտնեցին, որ քրեական վարույթ նախաձեռնելու համար հիմք է հանդիսացել. «Կարող ա խառնվի վիճակը, երեխեքի հետ ենք, չմնանք էլի բարդություններին» խոսքերը։ Քննչական կոմիտեն գտնել է, որ Հովհաննես Սահակյանը նախապատրաստվող հանցագործության մասին է իմացել, որը թաքցրել է` չի հայտնել իրավապահներին։ Իբրեւ թե «կխառնվի իրավիճակը» հանցագործություն է իրենից ներկայացնում, որի մասին Սահակյանը պետք է հաղորդում տար: Ավելի աբսուրդ մեղադրանք, թերեւս, դժվար է պատկերացնել: Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է` Սամվել Կարապետյանին առաջադրված «մեր ձեւով կմասնակցենք» արտահայտության կապակցությամբ հարուցված վարույթին շատ նման: Այսինքն, մարդը չէր կարող պարզապես կարծիք, ենթադրություն հայտներ, որ վիճակը կարող է խառնվել: Իսկ «վիճակը խառնվել» արտահայտության տակ ինչ հանցանք է նկատել Քննչականը, երեւի միայն քննիչներին է հայտնի:

Քիչ առաջ ՄԻՊ-ից հայտնեցին, թե իրենք այցելել են ձերբակալված անձանց պահման վայրում գտնվող Հովհաննեսին եւ իրենց ուշադրության կենտրոնում են նրա իրավունքները։

Լրահոս

Ամենաընթերցված

Պատժում են բոլորին

Պատժում են բոլորին

Խորհրդարանում իր աշխատանքին երեկ հրաժեշտ տվեց Ալեն Սիմոնյանի կադրերից հերթականը՝ ԱԺ նախագահի խոսնակ...

×
Gallery Image