Քաղաքականություն

Ինչպիսին պետք է լինի բարեվարքությունը, որ իշխող ուժը չսկսի «փտել» ներսից

Ինչպիսին պետք է լինի բարեվարքությունը, որ իշխող ուժը չսկսի «փտել» ներսից

«Հրապարակն» անդրադարձել էր Հայաստանի իշխող քաղաքական մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ քաղաքական ժողովին, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին՝ Աշտարակում։ Հատկապես հետաքրքիր էր այն, որ ՔՊ-ն որոշել է բարեվարքության ավելի բարձր չափորոշիչներ սահմանել եւ ապա՝ կուսակցությունն ընդլայնել` ապահովելով հանրային լայն զանգվածների ներգրավվածություն։

Դասական իմաստով, եթե հարցին նայում ենք զուտ տեսականորեն, Նիկոլ Փաշինյանի հայտարարած առաջնահերթությունները ցանկացած քաղաքական ուժի համար, հատկապես եթե այն իշխող ուժ է երկրում (կարեւոր չէ՝ Հայաստանում թե այլուր), հույժ կարեւոր են։ Ցանկացած իշխանություն պետք է առաջնորդվի բարի վարքի կանոններով, եւ ցանկացած ուժ երազում է ընդլայնվել, որ կաստայի, աղանդի չվերածվի, չդառնա իշխանություն կրողների էլիտար ակումբ:

Կոնկրետ գալով ՔՊ-ին, հասկանալի է, որ կուսակցական բարեվարքությունը՝ էլի բառի դասական իմաստով եւ ոչ թե այն, ինչը որ կարելի է անվանել կուսակցական բարեվարքություն՝ եզրույթը մանիպուլացնելով եւ շահարկելով, կարեւոր կատեգորիա է, որով նաեւ ապահովվում է տվյալ կուսակցության հանդեպ հանրային, ասել է թե՝ ընտրողների վստահությունը։ 2018-ից ի վեր` ՔՊ-ի՝ իշխանության գալուց հետո, այս տարիներին հայաստանյան մամուլում հարյուրավոր հրապարակումներ են եղել` ՔՊ-ականների հետ կապված, որոնք վերաբերում էին նրանց բարեկեցության մակարդակի հանկարծակի աճին, իշխանության բարիքներից օգտվելուն, տարբեր բիզնեսներին, տներ եւ այլ օբյեկտներ կառուցելուն, անգամ թմրանյութերի հանդեպ սիրուն, բարոյական անկման այլ դրսեւորումներին, որոնց մասին մինչեւ 2018 թվականի քաղաքական փոփոխությունները, գրվում էր այն ժամանակվա իշխող ուժի՝ Հանրապետական կուսակցության այս կամ այն անդամների վերաբերյալ։

Ասել է թե՝ իշխանությունն այն գայթաքարն է, որին չեն կարողանում դիմանալ իշխանության եկած քաղաքական ուժի ներկայացուցիչները։ Իսկ դա վտանգավոր է այնքանով, որ ցանկացած քաղաքական ուժ, որը գալով իշխանության, չի դիմանում «իշխանություն» ասվածի հրապուրանքներին, ի վերջո, հայտնվում է մի վիճակում, երբ սկսում է «փտել ներսից», «լճանալ» ու դրանով ստորագրել իբրեւ իշխանություն՝ իր քաղաքական կենսագրության դատավճիռը։ Հետեւաբար, եթե իրոք Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ իր քաղաքական ուժը չգնա այն ճանապարհով, որով ժամանակին գնացել են Հայաստանում իշխած նախորդ բոլոր քաղաքական մեծամասնությունները, պետք է բարեվարքության այնպիսի ստանդարտներ սահմանի, որոնք կվերաբերեն կյանքի բոլոր ոլորտներին եւ հստակ կսահմանեն, թե կուսակցականին ինչն է կարելի անել, ինչը՝ ոչ։

ՀՀ շարքային քաղաքացին, օրինակ, պետք է տեսնի, որ Պողոսը ՔՊ-ին անդամակցելուց հետո կտրուկ չի բարելավում իր կենսամակարդակն ու բարեկեցությունը, չի հղփանում, իր կենցաղից ու առօրյայից սկսած՝ չի որդեգրում «ինչ ուզեմ` կանեմ» սկզբունքը եւ այլն։ Այլապես հարց է առաջանալու, թե ինչ տարբերություն ՔՊ-ականի եւ այն քրեաօլիգարխիկ համակարգի միջեւ, որին ժամանակին՝ ընդդիմադիր եղած ժամանակ այդքան շատ քննադատում էր Նիկոլ Փաշինյանը։
Բարեվարքությունը՝ լինի քաղաքական-կուսակցական թե այլ, առաջին հերթին պետք է ներառի համամարդկայնորեն ճանաչված արժեհամակարգ, բոլորի կողմից ընդունված մարդկային նկարագիր ու էլի նման բարձր ու վեհ կատեգորիաներ՝ կատարելատիպ, ինչպես սովետական ժամանակ էր սահմանված կոմունիստի ու սովետական մարդու իդեալը, որին պետք է ձգտեին կուսակցականները։ Հակառակ պարագայում բարեվարքության կանոնները կարող են պարզապես վերածվել ճնշման մանիպուլյացիոն հերթական գործիքի եւ կիրառվել ըստ նպատակահարմարության կամ իրավիճակի` թիմի անհնազանդ անդամի նկատմամբ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image