Համացանցում օրերս լուսանկար էր տարածվել Արդարադատության նորանշանակ փոխխնախարար Սիրվարդ Գևորգյանի եւ Ռոբերտ Քոչարյանի դստեր՝ Գայանեի մասնակցությամբ․ այդ լուսանկարում նրանք գրկախառնված են։
Արդարադատության նախարարության պաշտոնական էջով Սիրվարդ Գևորգյանի անունից տեքստ է հրապարակվել, որտեղ, առաջին տպավորությամբ, արդարանում է, փորձում համոզել, որ ինքը Քոչարյանի դստեր հետ եղել է միայն համակուրսեցի, ոչինչ ավելի։
«Համացանցում շրջանառվում է մի լուսանկար, որն արվել է 2019 թվականին կազմակերպված միջոցառման ընթացքում, որին, ի թիվս իմ այլ համակուրսեցիների, հրավիրված եմ եղել նաև ես:
Լուսանկարում նաև Ռոբերտ Քոչարյանի դուստրն է, իմ համակուրսեցին, ում, ինչպես նաև իմ այլ 200 համակուրսեցիների հետ ծանոթացել եմ 2000 թվականին, երբ ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ:
Աշխատանքային երկարամյա գործունեության ընթացքում երբևէ չեմ եղել որևէ կուսակցության անդամ կամ որևէ քաղաքական գործչի աջակից, երբևէ առնչություն չեմ ունեցել և անձամբ չեմ հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ․․․․»։
Տեքստի երկրորդ հատվածում փոխնախարարը ինքնակենսագրականն է ներկայացնում, իսկ վերջում՝ շնորհակալություն հայտնում Նիկոլ Փաշինյանին․ «Շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս պաշտոնն ինձ վստահելու համար: Իմ ամենօրյա աշխատանքով կապացուցեմ Հայաստանի Հանրապետության և կառավարության որդեգրած ռազմավարություններին իմ նվիրվածությունը»: