Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պաշտոնապես երդվեց՝ ստանձնելով համայնքի ղեկավարի պաշտոնը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որն ունի 14 մանդատ, ինչպես անդրանիկ, այնպես էլ այս նիստին ներկա չէր: Շիրակի ՔՊ-ական մարզպետ Դավիթ Առուշանյանն ու իր տեղակալները, որ նույնպես հրավիրյալների թվում էին, ներկա չգտնվեցին արարողությանը։ Երդմնակալությանը հաջորդեց Ղուկասյանի ճառը․
«Ես գիտակցաբար մտել եմ այս ծանր լծի տակ: Հիմա մեզ համար կարեւոր է աշխատատեղերի ստեղծումը, 12 մլրդ վերցրել են, բայց 12 աշխատատեղ չեն ստեղծել: Երկրորդը բնակարանների խնդիրն է, որ 37 տարի մարդիկ տնակներում են ապրում, երկրաշարժից հետո Հայաստան եկած օգնությամբ կարելի էր երկու Հայաստան կառուցել: 1999 թվականին որ դարձա քաղաքապետ, մարդիկ ասում էին՝ գնանք հերանցս տուն, քաղաքապետարանը դարձավ ժողովրդի հերանց տունը, իսկ դրանից հետո մարդիկ քաղաքապետարանի կողքով անցնելիս անեծք էին անում»,- ասաց Վարդան Ղուկասյանը:
200-ից ավել քաղաքացի էր ներկա 13 տարի անց քաղաքապետարան վերադարձած Վարդան Ղուկասյանի երդմնակալությանը: Արարողությանը ներկա էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը, ինչպես նաև102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ, բուհերի դասախոսներ, երկաթուղայիններ, նախկին եւ ներկա ԱԺ պատգամավորներ, թաղի բնակիչներ, ծանոթ-բարեկամներ, ավագանու ընդդիմադիր 2 քաղաքական ուժերը, բայց ուշագրավ էր, որ Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամները՝ չնայած որ ձայն էին տվել Վարդան Ղուկասյանին համայնքապետի պաշտոնում ընտրվելու համար, չմասնակցեցին նրա երդմնակալության արարողությանը:
Միքայել Սրբազանը, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր` թող հրավիրեն, կորոշի գնալ, թե ոչ, այսօր անդրադարձավ իր ներկայությանը։
«Ինչո՞ւ այսօր մասնակցեցի․ վերջին անգամ մասնակցել եմ 2005թ-ին, չեմ մասնակցել իմ մոտեցումների, այն ժամանակվա իշխանության եւ այլ բաները հարգելով, այս անգամ ոչ մի մոտեցում ու պայման հաշվի չեմ առել; Ոչ մի պայման չեմ քաշել, այս անգամ մասնակցել եմ հայրենիքիս վիճակից ելնելով, ավագ շաբաթվա այսօրվա օրը մեզ հնարավորություն է տալիս բացակայել, ներկա գտնվել այս արարողությանը;
«Ես ու Վարդան Ղուկասյանը, լինելով բնավորությամբ շատ տարբեր, հակառակ, կարողանում ենք կարևոր հարցերի շուրջ համագործակցել։ Մեր համագործակցության լավագույն պտուղը ձեր առջև կանգնած Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է, որի վերակառուցման առյուծի բաժինը պարոն Ղուկասյանին է պատկանում, իբրև պատգամ ավագանու անդամներին ասում եմ՝ օգնեք պարոն քաղաքապետին, որպեսզի կարողանա իր գործունեությունը ծավալել։ Եղեք տարբեր, հակառակվեք, քննադատեք, բայց գործի մեջ եղեք համագործակցական, լծակից, օգնե՛ք։ Սա բացականերին առավել է վերաբերվում»,- ասաց Սրբազանը։
«Մի խանգարեք, սաբոտաժ մի արեք։ Կոչ եմ անում նաև քիչ գովել ու շողոքորթել քաղաքապետին, մի ասեք՝ դու թագավոր ես, թագավոր կմնաս»,- ասաց Միքայել Սրբազանն ու, խոսքն ուղղելով Վարդան Ղուկասյանին, ասաց՝ չթողնես՝ հորդորս նաև քեզ է վերաբերում։
Նշենք, որ Վարդան Ղուկասյանը նախքան երդմնակալության մեկնարկն անդրադարձավ նաև իր հայտարարությանը՝ դեմ չէ Միութենական պետությանը, որը մեծ քննարկումների առիթ է դարձել:
«Էդ ի՞նչ հարձակում եք կատարել վրաս, մենք անկախության հարցը քննարկե՞լ ենք: Ո՞վ կարող է Հայաստանի անկախության մասին մի բան ասել: Միութենական միությունների մեջ ընդգրկվելը չի նշանակում Հայաստանի անկախությունը ոտնահարել: Օրինակ, կա Եվրոպական միություն, միություն, որ պաշտպանի երկիրը»,- ասաց նա: