Օսլայած վերնաշապիկներով, ձիգ փողկապներով ու դասական դրեսկոդով հագնված մարդիկ երկու օր առաջ Կապանում լսում էին կրթությունը կիսատ թողած, դիվանագիտական փորձ չունեցող ու պետական համակարգում ճանապարհ չանցած մեկի պատմածը՝ բալանսավորված արտաքին քաղաքականության մասին։ Ոմանք՝ գուցե ներքուստ անհաշտ, բայց լուռ, շատերը՝ անթաքույց գոհունակությամբ ու քծնող հայացքներով։ Վարչապետի աթոռն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, որ սիրում է իր իշխանությանն ու վարած քաղաքականությանը տարբեր բարձրագոչ որակումներ կպցնել, պարտվողական ու ամեն ինչ հանձնելու քաղաքականությունը հենց այդպես է կոչում։ Զիջելով ու հանձնելով՝ նա որոշել է բալանսավորել Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիան ու հենց այդ մասին է խոսել դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովում։
Ոչ պատահական ընտրված Կապանում անցկացված դեսպանահավաքի մասին շատ բան հայտնի չէ, բայց հրապարակված կարճ տեսանյութից հասկանալի է, թե ինչ օրակարգ է դրել Փաշինյանն իրեն լսողների առաջ՝ «կաթիլ-կաթիլ ինչ-որ վստահություն կառուցել» Ադրբեջանի հետ։ Ավանդաբար, այս ձեւաչափով հանդիպմանը երկրի ղեկավարը դեսպաններին ու ճյուղային նախարարներին տալիս է արտաքին հարթությունում երկրի զարգացման ուղենիշները, անելիքները, ինչպես ասում են, նրանց «թու դու լիստը»։ Մերօրյա Հայաստանում դա Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարումն է, այլ կերպ ասած՝ ուրացումը, Արցախի հետ կապված ամեն ինչ ու ամեն բան անցյալում թողնելը եւ ներկան գովաբանելը, թե «խաղաղությունն» ինչպես է թեւածում երկրում, ու Թրամփի ուղին ինչ հեռանկարներ է բացելու Հայաստանի առաջ։ Հայաստանի ու հայ ժողովրդի շահերն արտերկրում ներկայացնողներն այս առաջնահերթություններից պիտի ելնեն ընդունող երկրների հետ աշխատելիս, պիտի մոռանան 30 եւ ավելի տարիների ընթացքում իրենց պաշտպանածը, տարբեր ամբիոններում ունեցած ելույթները, որտեղ Թուրքիան ցեղասպան էր, Ադրբեջանը` ագրեսոր․․․։
Փորձառու դիվանագետ, ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը «Հրապարակ»-ին ասում է՝ եթե լռում ես, ուրեմն մտնում ես այդ ամենի տակ, ուրեմն համաձայն ես այդ քաղաքականության հետ։ «Սովորաբար, ընդունված է ասել, որ դեսպանները քաղաքականությամբ չեն զբաղվում, բայց դեսպանն էլ է միս ու արյունից, նա էլ ունի ազգային ինքնություն, խիղճ, վերջապես` նա էլ է քաղաքացի։ Այո, դիվանագետը չպետք է աֆիլացվի քաղաքական գործչի հետ, բայց դա՝ միայն նրա համար, որ ավելի ազատ գործելու հնարավորություն ունենա։ Այդ որտե՞ղ է գրված, որ կարող ես անհամաձայն լինել ու լռել։ Եթե լռում ես, նշանակում է՝ ընդունում ես այդ «խաչը», եթե մնացել, աշխատում ես, ուրեմն համաձայն ես այն փաթեթին, որը քեզ դեմ են տալիս»,- ասում է Վահագն Մելիքյանը։
Հասկանո՞ւմ են արդյոք դիվանագիտական կորպուսում, թե ինչի մեջ է իրենց ներքաշում Նիկոլ Փաշինյանը։ Մեր զրուցակիցը վստահ է՝ այո։ Ասում է՝ շատերը պաշտոնի ու դիրքի համար այսօր լուռ են ու հարմարվող, նրանք էլ, ովքեր առաջիկա 10-15 տարիներին իրենց վարդագույն երազում անգամ չէին կարող դեսպան պատկերացնել, որովհետեւ դեռ պետք է համակարգում աճեին, անթաքույց գոհ են կատարվողից։ Իսկ քաղաքական նշանակումների մասին խոսելն անգամ ավելորդ է։
«Ես անուն չեմ տա, բայց վստահաբար ասում եմ՝ դեսպան է եղել, որ Արցախի կորստից հետո բացահայտ ասել է՝ լավ է, Արցախը տվինք, պրծանք»,- ցավով նկատում է Վահագն Մելիքյանը, որը վստահ է՝ Կապանում կայացած հավաքի ժամանակ որեւէ մեկը ծպտուն չի հանել այն փաստաթղթերի վտանգների ու ռիսկերի մասին, որոնք Վաշինգտոնում ստորագրել է Փաշինյանը։ «Հավատացնում եմ Ձեզ՝ դրանով նրանք կստորագրեին իրենց հետկանչի թղթի տակ ու կգրեին իրենց «մահախոսականը»։ Նախկինում տարիներով աշխատած դեսպաններ գոյություն ունեն, որոնք տարբեր ամբիոններից հակաարցախյան, հակահայկական ու հակազգային օրակարգերի դեմ կոկորդ էին կրծում, հիմա հակառակ թեզերը պետք է պաշտպանեն, բայց այդ ելույթները կան, այդ խոսքերը հնչել են, եթե իրենք հրաժարվում են այդ ամենից, նշանակում է՝ համաձայն են կատարվողի հետ։ Մենք եւ մեզ հետ համակարգից դուրս եկած մարդիկ չենք ընդունել դա»,- շարունակում է դիվանագետը՝ հավելելով, որ այս պայմաններում տեղերում աշխատելու մասին խոսելն անգամ ծիծաղելի է։