Արևմտյան Բալկանների պետությունների ընդգրկումը Եվրամիության մեջ կայունություն ու բարգավաճում կբերի տարածաշրջանին և ամբողջ աշխարհամասին։
Ասել է Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասսոլին գերմանական «Ֆունքե» մեդիախմբին (Funke Mediengruppe) տված հարցազրույցում, գրել է գերմանական «Դոյչե Վելլե» հեռուստաընկերությունը։
Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիդ Սասսոլին կողմ է արտահայտվել արևմտյան բալկանյան երկրների՝ Եվրամիություն մտնելուն: ԵՄ-ի նման ընդլայնումը կարող է լինել «խաղաղության ու բարգավաճման դրական նախագիծ», - կիրակի՝ հունիսի 6-ին, Funke Mediengruppe-ը մեջբերել է իտալացի քաղաքական գործչին:
Ըստ Սասսոլիի՝ Արևմտյան Բալկաններում տեղակայված պետությունների ընդգրկումը ԵՄ մեջ «կարող է չափազանց օգտակար լինել ինչպես ինքնին տարածաշրջանի, այնպես էլ ամբողջ Եվրոպայի համար, քանի որ դա կնպաստի աշխարհամասում կայունությանը, բարգավաճմանն ու խաղաղությանը»:
Թե որքան արագ կարող է իրականացվել այս ծրագիրը, կախված է նրանից՝ որքանով են հաջողությամբ բավարարվել ԵՄ-ին անդամակցելու համար անհրաժեշտ չափանիշները այս երկրներից յուրաքանչյուրում, որտեղ «բարեփոխումները դեռ պետք է ավարտվեն», - շեշտել է ԵՄ օրենսդիր մարմնի ղեկավարը։
Արևմտյան Բալկաններն ընդգրկում են Սերբիան ու Չեռնոգորիան, որոնց հետ արդեն Բրյուսելը բանակցություններ է վարում, ինչպես նաև Ալբանիան և Հյուսիսային Մակեդոնիան, որոնք պաշտոնապես համարվում են ԵՄ անդամակցության թեկնածուներ: Տարածաշրջանը ներառում է նաև Բոսնիա-Հերցեգովինան ու Կոսովոն, որոնք համարվում են հավանական թեկնածուներ:
«Այնուամենայնիվ, ԵՄ ոչ բոլոր երկրներն են համաձայն այդպիսի ընդլայնման հետ: 2019-ին Ֆրանսիան, Նիդեռլանդներն ու Դանիան արգելափակեցին Հյուսիսային Մակեդոնիայի և Ալբանիայի համար անդամակցության բանակցություններ սկսելու ԵՄ որոշումը՝ վկայակոչելով այդ երկրներում վերափոխումների առաջընթացի բացակայությունը», - գրել է «Դոյչե Վելլեն»:
2020 թվականի վերջին Չեխիան ու Սլովակիան արգելափակեցին եվրոպական մակարդակում Արևմտյան Բալկանյան երկրների ինտեգրմանը նպաստող կարևոր փաստաթղթի ստորագրումը: Իր հերթին, Բուլղարիան կտրականապես դեմ է հանդես գալիս Հյուսիսային Մակեդոնիայի հետ բանակցություններին: