Քաղաքականություն

«Հրապարակ». Պիլոտային ծրագրի անվան տակ` նախընտրական կաշառք

«Հրապարակ». Պիլոտային ծրագրի անվան տակ` նախընտրական կաշառք

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մամուլի ասուլիսի ժամանակ սենսացիոն բացահայտում արեց: Փաստորեն, այն աստղաբաշխական պարգեւատրումները, որոնք իշխանության վերին էշելոնը ստացել է 2025-ի վերջին, ոչ թե պարգեւատրումներ էին, այլ հավելյալ աշխատավարձ, որը նրանք այսուհետ ստանալու են:

Այնպես որ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի սպառնալիքը, թե «էլի են ստանալու` իրենց հասանելիքն է», շուտով իրականություն է դառնալու: 8-9 մլրդ դրամը, որ բաժանվեց ՔՊ-ականներին` հանրային գրպանից, 25 թ. առաջին կիսամյակի համար էր, շուտով նրանք 2-րդ կիսամյակի փողն էլ կստանան՝ նույն քանակի: 

Պատասխանելով «Սիվիլնեթի» հարցին, թե որ նվաճումների համար են ստանում 13, 14-րդ աշխատավարձ, պարգեւավճարներ, եւ ինչպիսին է իր վերաբերմունքը վերջին պարգեւատրումների հարցում, ֆինանսների նախարարն ասել է, որ եղել են քննարկումներ պետական պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ:

«Այս քննարկումների ժամանակ իմ դիրքորոշումը եղել է այն, որ ուղղակի բարձրացնել նախարարների, փոխնախարարների եւ ղեկավարների աշխատավարձը՝ երեւի այնքան էլ ճիշտ չի, պետք է ներդնել մի համակարգ, որտեղ առնվազն կկարողանանք որոշակի թիրախներ դնել եւ այդ թիրախների գնահատման արդյունքով տրամադրել, այսինքն, այդ աշխատավարձի բարձրացումը լինի ոչ բոլորի համար նույն ձեւով: Ովքեր ունենան ավելի լավ կատարողական, նրանց համար մի փոքր ավելի կլինի, մյուսների համար` մի փոքր պակաս: Այս համակարգը պիլոտային կարգով մենք ներդրեցինք անցյալ տարվա սկզբից, այսինքն, սահմանվեցին թիրախային նպատակներ տարբեր գերատեսչությունների համար, եւ հետո տարվա կեսում դրա վերաբերյալ եղավ գնահատման պրոցես, թե ինչքանով են դրանք կատարվել»: 

Նախարարը շատ լավ հասկանում է, որ այս համակարգը ՀՀ քաղաքացիների զայրույթն է առաջացնելու, բայց, ախր` «Պետական բարձրաստիճան պաշտոնյաները, ովքեր լարված, ստրեսային աշխատանքով են զբաղված, առնվազն պետք է որոշակի սոցիալական խնդիրների մասին ամեն օր չմտածեն, որպեսզի կարողանան կատարել իրենց աշխատանքը կատարելության հասնելու հանձնառությունը: Այո, դա ցավոտ է, այո, կարելի է շահարկել, բայց թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը այն քաղաքականությունն է, որ մենք որդեգրել ենք»,- հայտարարեց նա: Հավանաբար, թափանցիկություն ասելով նկատի ուներ այն, որ ՔՊ-ական պաշտոնյաներին վարձատրելու որոշումներն ընդունվում են հանրությունից թաքուն, չզեկուցվող որոշումներով: 

Հիշեցնենք, որ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեկուկես միլիոն դրամ աշխատավարձի հավելում է ինքը ստացել: Մեր տեղեկություններով, այն միլիարդները, որ ՔՊ-ականները ստացել են, ընդամենը 
2025 թ. առաջին կիսամյակի աշխատավարձն էր, մի հսկայական գումար էլ նրանք ստանալու են երկրորդ կիսամյակի համար: Սրա անունը կարելի է դնել պիլոտային ծրագիր կամ փորձարկում` հանրության զայրույթի չափը որոշելու համար, սակայն բոլորիս հասկանալի է, որ հավելյալ աշխատավարձ ասվածն իրականում նախընտրական կաշառք է, որը ՔՊ-ն տալիս է ապարատին, պետական ծառայողներին, պատգամավորներին՝ նրանց բարեհաճությունը եւ ծառայություններն ընտրությունների ժամանակ վայելելու համար:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image