Հասարակություն

Ինչու է Բաքուն արգելել Հայաստանից Արցախ բոլոր մարդասիրական փոխադրումները

Ինչու է Բաքուն արգելել Հայաստանից Արցախ բոլոր մարդասիրական փոխադրումները

Հայաստանի ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որ այսօր՝ հունիսի 15-ին, ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: Ադրբեջանական կողմն էլ հայտարարեց, որ իբրեւ թե հայկական կողմը կրակ է բացել Լաչինի անցակետի ուղղությամբ, որի հետեւանքով վիրավորվել է ադրբեջանցի մեկ սահմանապահ։ Այս միջադեպից հետո Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարեց, որ Ադրբեջանն արգելել է բոլոր տեսակի մարդասիրական փոխադրումները Հայաստանից դեպի Արցախ։ Հասկանալի է, որ Ադրբեջանի կողմից դեպի Արցախ Հայաստանից մարդասիրական փոխադրումների արգելքը պայմանավորված է եղել ամենայն հավանականությամբ նշված միջադեպով։
Զերծ մնալով ենթադրություններից, սակայն հաշվի առնելով այսօր Կրեմլյան անմիջական վերահսկողությամբ գործող «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության հրապարակումը այն մասին, որ Միացյալ Նահանգները փորձում է ամեն կերպ ճնշել Ստեփանակերտին, որպեսզի Արցախի ներկայացուցիչները երրորդ երկրում ադրբեջանական ներկայացուցիչների հետ` ամերիկյան կուրատորի հսկողությամբ հանդիպում ունենան, կարելի է կարծել, որ Ստեփանակերտի վրա ճնշումներն են ավելացնում՝ հանուն որոշակի «տեղաշարժերի»։

Այս համատեքստում հետաքրքիր է այն, որ ռուսական հրապարակումը, որը կարող ենք ասել որ «ինսայդերական ինֆորմացիոն արտահոսք» էր, իր մեջ մի նրբերանգ ունի։ Այն է` ամերիկյան խաղաղարար նախաձեռնությունն առաջ է մղում Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։ Նախարար Ղազարյանը պատահական մարդ չէ, թերեւս։ Եւ սա նկատի ունենալով, կարելի է նաեւ ասել, որ ներկա «ճնշումները» շատ ավելի Արցախի հայ բնակչությանը «հնազանդեցնելու» միտում ունեն, որպեսզի իշխանությունների կողմից Բաքվի հետ հնարավոր «սիրախաղերը» ժողովրդի մոտ կոշտ արձագանքի չարժանանան։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image